Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինտիտուտ-հիմնադրամի և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակի միջև հունիսի 18-ին կստորագրվի համագործակցության հուշագիր։
Մատենադարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուշագիրը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ։
«Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։
Կողմերը նախատեսում են համագործակցել նաև վավերագրական և գիտահանրամատչելի տեսանյութերի ստեղծման, փոդքասթների, կրթական ծրագրերի և թվային հարթակներում տեղեկատվական նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։
Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է»,– ասված է հաղորդագրության մեջ։

