Բաժիններ՝

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր թոքը փոխպատվաստել են առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո

Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը Օսլոյի հիվանդանոցներից մեկում թոքի փոխպատվաստման հաջող վիրահատության է ենթարկվել, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով նորվեգական թագավորական ընտանիքի հայտարարությանը։

52-ամյա արքայադուստրը տառապում է թոքային ֆիբրոզի հազվագյուտ ձևով։ Հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2018 թվականին և վերջին ամիսներին վիճակը նկատելիորեն սաստկացել էր։

«Մենք ուրախ ենք, որ այս պահի դրությամբ ամեն ինչ հաջող է անցել»,- հայտարարել է արքայադստեր բուժմանը մասնակցած թոքային հիվանդությունների մասնագետ Օրե Հոլմը։

Ըստ նրա՝ Մետտե-Մարիտը ևս մի քանի շաբաթ կմնա բժիշկների հսկողության տակ, ինչը ստանդարտ գործելակերպ է նման վիրահատություններից հետո։

Թագավորական արքունիքը հայտնել է նաև, որ թագաժառանգ արքայազն Հոկոնը կկարգավորի իր պաշտոնական ժամանկացույցը, որպեսզի վերականգնողական շրջանում լինի կնոջ կողքին։

Փոխպատվաստումն իրականացվել է երկու օր անց այն բանից, երբ Մետտե-Մարիտի՝ նախորդ հարաբերություններից ծնված որդին՝ Մարիուս Բորգ Հյոյբին, բռնաբարության երկու դրվագով դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման։ Նրա փաստաբանները հայտարարել են դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին։

Վիրահատությունից 12 օր առաջ պալատը հայտնել էր, որ արքայադուստրը ներառվել է փոխպատվաստման սպասման թերթիկում։ Բժիշկները պարզաբանել են, որ սովորաբար նման ցնկում ներառում են այն բուժառուներին, որոնց կյանքի սպասվող տևողությունն առանց օրգանի փոխպատվաստման կազմում է մոտ մեկ տարի։

Հոլմը նշել է, որ Մետտե-Մարիտի վիճակը 2026 թվականի սկզբին զգալիորեն վատթարացել էր և սկսել լուրջ սպառնալիք ներկայացնել նրա կյանքի համար։ Վերջին անգամ արքայադուստրը հանրությանն էր երևացել մայիսի 17-ին՝ արդեն իսկ օգտագործելով թթվածնային աջակցություն քթային կանյուլայի միջոցով։

Բժիշկներն ընդգծում են, որ թոքի փոխպատվաստումից հետո բուժառուներին սպասվում է երկարատև ու բարդ վերականգնողական շրջան։ Օրգանի հետմերժումը կանխելու համար նրանք ստիպված են ամբողջ կյանքում իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ ընդունել։

Նորվեգացի մասնագետների տվյալներով՝ բուժառուների մոտ 12%-ը չի գոյատևում թոքի փոխպատվաստումից հետո առաջին տարում, մինչդեռ մոտավորապես կեսը վիրահատությունից հետո ապրում է տասը տարի և ավելի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930