Հայ մեծահարուստ առևտրականի անսովոր գործարքը Բրիտանիայի թագավոր Կարլոսի հետ
17-րդ դարի երկրորդ կեսին Նոր Ջուղայի հայկական գաղութը գտնվում էր ծաղկման շրջանում։ Նրա բնակչությունը, ըստ եվրոպացի ճանապարհորդների վկայության, հասնում էր 50–60 հազարի: Իսկ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը միասին վերցված հասնում էր ավելի քան 100 հազարի։ Գաղութում առանձնանում էր խոշոր վաճառականների դասը, որը լայն առևտրական կապեր ուներ բազմաթիվ երկրների հետ։

Նրանց կողքին մեծ թիվ էին կազմում միջին ու մանր առևտրականները, ինչպես նաև արհեստավորներն ու գյուղացիները, որոնք նպաստում էին Պարսկաստանի տնտեսության զարգացմանը։ Տարածաշրջանը շարունակում էր հանդես գալ՝ որպես կարևոր միջանցիկ գոտի Արևելքի և Արևմուտքի առևտրական կապերի համակարգում։ Հայ վաճառականների լայնածավալ գործունեությունն ընդգրկում էր՝ ինչպես տեղական շուկաները, այնպես էլ՝ միջազգային առևտրային ցանցերը, ինչի շնորհիվ հայկական առևտրական խավը դառնում էր տարածաշրջանային տնտեսական կյանքի կարևոր դերակատար։

Առևտրական կապերի մասին խոսելիս հատկապես կարևոր է ընդգծել 17-րդ դարում Նոր Ջուղայի և Հնդկաստանի միջև թե՛ առևտրական կապերը, թե՛ հայ առևտրականների միջև կապերը: Այդ շրջանում բրիտանացիները հատկապես Հնդկաստանում համագործակցում էին հայ առևտրականների հետ: Եվ առևտրական-տնտեսական այս քարտեզն օգնում էր, որ կարճ ժամանակում մի շարք հայ առևտրականներ արագ հարստանան: Հատկապես նման արդյունք գրանցում էին նրանք, ովքեր զբաղվում էին թանկարժեք քարերի վաճառքով:

Մասնավորապես նմանատիպ մի դեպք է տեղի ունենում, երբ երկու վաճառականներ գնում են շատ մեծ չափերի մի ադամանդ, նրանց միջև ծագում է վեճ և դիմում են Ջուղայի առևտրականների համայնքին.

«Պատճառ գրոյս այս է, որ թիվն 1118-ումն (1669) արյամ ամսի 25-ումն եկինք Սուրաթ Բանդարն, դալալն մին դանա ալմազ եր բերել տվել Աղախասենց Հովհաննեսն. քաշն 159 ըռաթի: Հովհաննեսն արեկ իմ կուշտն ասաց, թե այ Սիմոն, դալալն եկել ա մին քար ա բերել 159 ըռաթի ա, առունք ընկերովի, ես ասացի լեվ ա առունք ընկերովի, ասաց լեվ ա առունք, կեսն ինձ կեսն քե. ես յեղբարս մեր միջումն ելավ. հինգ վեց որով հետնե դալալն արել քարարերն խոտուրն. Հովհաննեսն ինձ կանչ ուղարկեց թե յեկ վոր քարն մուշախաս առենք: Գնացի Հովհաննեսենց տունն նստանք, քարն քաշով 159 ըռաթի, գինն մուշտախաս արարինք 11 հազար թուման, 15 որ վատա փողն տանք:

… Հովհաննեսն դուս յելավ թե գնա Գուջաթն, պարոն Մինասն մարդ ուղարկեց Հովհաննեսն հետ բերին, թե քարն ինձ խետ ընկերովի առել աս՝ վեսել գնաման, մին տարվա 2500 թուման շախ արետ քարն ձեռնեն հինք առեց»: ( Լեո, «Խոջայական կապիտալը և նրա քաղաքական-հասարակական դերը հայերի մեջ», Երևան, 1934, էջ 86):
Հնդկաստանում հաստատված հայ վաճառականը, իր հարուստ գոհարեղենի և քարերի շնորհիվ, այնքան ազդեցիկ դիրք ուներ, որ համարձակվում էր անգամ ներկայանալ Բրիտանական Մեծությանը։ XVII դարի կեսերին Մադրասի մերձակայքում գտնվող Մալափուր քաղաքի քաղաքապետը մի հայ էր՝ Մարկոս Ըռըզադ (կամ Աղաղադ) անունով։ Նա մեծաքանակ թանկարժեք քարերի տեր էր և ձգտում էր ունենալ սեփական նավը։ Սակայն, քանի որ Հնդկաստանում նավաշինությունը զարգացած չէր, նա Անգլիայի թագավոր Կարլոսին՝ որպես հավատարիմ հպատակ, դիմում է և մի տուփ նվերներ ուղարկում:

«Մատանի մի մեծաքանակ կապոյտ գոհարաւ. այլ մատանի մի ևս մեծագույն ոսկեգույն յակնթաւ. և մատանի մի կարմիր յակնթաւ փոքրագույն քան զնվեր յիշեալսն. մի հատ մարգարիտ բարէմայ. պատուական կարմիր յակինթ մի բերկրալի ի տես ընդելուզեալ ոսկեկուռ. գոհար մի վասն կրելոյ ի վերայ լանջաց և կարելի առ ի զատուցանել ի մասունս լինելով ակն մի հանդերձ երեքկին կապույտ և ճերմակ շերտիւք. և ևս ակն մի ծանրարժեք և մեծաքանակ ըստ դատողութեան բնիկ երկրականաց տեղւոյս որք վկայեն առզայն մերձաւոր գոլ ական կարկեհանի։ Այսոքիկ ամենեքին, ամփոփեալ ի փոքրիկ տուփ մի ոսկեկում՝ և կնքեալ նոյն իսկ կնքով որ առ ստորագրեալ անուանս նուիրեմ և զետեղեմ ի ներքոյ ոտից գերիշխանութեան ձերոյ»: (Նույն տեղում, էջ 86-87):

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ XVII դարում հայ վաճառականների գործունեությունը նպաստում էր առևտրական կապերի աշխարհագրական ընդլայմանը, ինչպես նաև եվրոպական և ասիական կենտրոնների հետ համագործակցության ստեղծմանը։ Հնդկաստանի հետ ձևավորված սերտ առևտրական հարաբերությունները, բրիտանացիների հետ համագործակցությունը և հայ գործարարների բարձր հեղինակությունը վկայում են այդ խավի միջազգային ճանաչման մասին։

Այս ամենը փաստում է, որ Նոր Ջուղայի հայ վաճառականությունը 17-րդ դարում ձևավորել էր տնտեսական հզոր և կազմակերպված համայնք: Դա ոչ միայն նպաստում էր սեփական համայնքի բարգավաճմանը, այլև զգալի ազդեցություն էր թողնում տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացների վրա։
Զ. Շուշեցի
