Քաղաքական փաթեթի ձևավորման պրոցես է, ինչի տակ տեղի է ունենալու ադրբեջանական մոտեցումների կամ հավակնությունների բավարարում․ Հակոբ Բադալյան

Կարճատև այց, 2 համաձայնագիր ու 2 աջակցության խոսք օրվա իշխանություններին․ ահա այսպես ամփոփվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։

Հիշեցնենք. մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրեցին նախ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը», ապա նաև՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ հուշագիրը։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը 168am-ի հետ զրույցում նախաստորագրված այս փաստաթղթերի առնչությամբ նշեց․ «Համաձայնագրերն այն ընդհանուր ծառայության շրջանակում են, որ օգոստոսի 8-ից ի վեր, պայմանական իմաստով, Միացյալ Նահանգները Հայաստանի տարածքում մատուցում է Ադրբեջանին` դրա դիմաց ակնկալելով ավելի գլոբալ, ռեգիոնալ համատեքստում Ադրբեջանի հետ երկարաժամկետ պայմանավորվածությունների շարունակություն և ընդլայնում։ Հիմա մենք տեսնում ենք այդ տրամաբանության տեղափոխումը նաև այդ հազվագյուտ մետաղների, հանածոների, հանքային ռեսուրսների դաշտ։  Ճանապարհի հարցում մենք դա տեսանք TRIPP նախագծի տեսքով և նույն տրամաբանությամբ՝ դիտարկվում է առաջ շարժվել նաև այդ ռեսուրսների իմաստով»։

Հակոբ Բադալյանը շեշտեց՝ թեև ֆորմալ իմաստով այդ ամենը հայ-ամերիկյան փաստաթղթավորում ունի, բայց այդ պրոցեսի քաղաքական տրամաբանությունը ադրբեջանական նարատիվների փաթեթավորմանն ու առաջմղմանն օժանդակելն է՝ առավել լայն համատեքստում ԱՄՆ ռազմավարական շահերի համար։

Կարդացեք նաև

«Դրա դիմաց Միացյալ Նահանգներն արդեն ռեգիոնալ, իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում՝ դիցուք, Կասպիցի ավազան, Կենտրոնական Ասիա, ակնկալում է պայմանավորվել և խորքային համաձայնությունների գալ Ադրբեջանի հետ։

Այլ կերպ ասած` այս հայ-ամերիկյան համաձայնությունները կամ ինչ-որ պայմանավորվածությունները, հուշագրերը և այլն, դրանք ընդամենը փաթեթավորումն են, որի միջոցով տեղի է ունենում այս բանաձևումը»,- հավելեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ նույն տրամաբանությամբ շարունակվելու է Ադրբեջանի ակնկալիքների, հավակնությունների՝ «հայ-ամերիկյան» փաթեթավորումը՝ արդեն ռեսուրսների պաշարների, Հայաստանի տնտեսության այլ բաղադրիչի նկատմամբ։

«Սա, բնականաբար, մարտահրավեր է, որովհետև գաղտնիք չէ, և Ադրբեջանը վերջին տարիներին բավականին բացահայտ քաղաքականությամբ ցույց է տվել, որ հավակնում է Հայաստանին ոչ միայն պարզապես քաղաքական նարատիվների իմաստով, այլև տնտեսական ռեսուրսների յուրացման։ Ու այստեղ հանքային ռեսուրսներն առանցքային ուշադրության առարկա են լինելու։

Եթե մենք գործ ունենայինք իսկապես հայ-ամերիկյան տնտեսական համաձայնությունների հետ, և իրականացվեին կոնկրետ ներդրումային ծրագրեր, ամերիկյան ներդրումներով, Հայաստանի հետ հստակ պայմանավորվածություններով և այլն, ապա այդ ներդրումները միայն կողջունվեին։

Բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք քաղաքական փաթեթի ձևավորման պրոցես, իսկ դրա տակ արդեն տեղի է ունենալու ադրբեջանական մոտեցումների կամ հավակնությունների բավարարում, ինչի դիմաց ԱՄՆ-ը Ադրբեջանից ստանալու է, կամ ակնկալում է ստանալ քաղաքական համաձայնություններ՝ արդեն իրենց համար շատ ավելի ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններում»,- ամփոփեց Հակոբ Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031