Ասպարեզը դիվերսիֆիկացնելու անվան տակ՝ խզում են կապերը ՌԴ-ի հետ և փոխարենը՝ հախուռն փորձում են այս ու այնտեղից զենք ձեռք բերել․ Դավիթ Ջամալյան
Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, և ցուցադրվելու է միայն այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո:
«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն՝ որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասել էր Փաշինյանը:
Իսկ որպես ասվածի ապացույց՝ այսօր միջոցառման ժամանակ էլ թշնամի ու հակառակորդ բառերին փոխարինելու հասավ «պայմանական հակառակորդ» տերմինը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն առհասարակ վերապահումներ ունի այս զորահանդեսի հարցում։
«Սա զորահանդեսի տնազ էր․ ես ցավով եմ ասում, որովհետև, ամեն պարագայում, բանակի առաջընթացը, բանակի հաջողությունը ցանկացած հայ մարդ կընկալի իբրև մեծ ձեռքբերում` անկախ ամեն ինչից, բայց էստեղ մենք տեսնում ենք էժան փիառ,- 168․am-ի հետ զրույցում նշեց փորձագետը և մանրամասնեց, թե ինչու է նման եզրահանգման եկել,- Բոլորի համար ակնհայտ է, որ մի իշխանությունը, որ 2020թ․-ից առ այսօր վախեցել ու չի կազմակերպել որևէ զորավարժություն՝ վախենալով Ալիևից, հանկարծ վախվորած ձևակերպումներով փորձում է ընտրություններից առաջ ձայն գողանալ՝ շատ կասկածելի ռազմատեխնիկական իր այդ ակտիվության արդյունքում ձեռք բերված իսկապես կասկածելի սպառազինություն ցուցադրելուց։
Իսկ թե ինչո՞ւ կասկածելի՝ օրինակ, մեր երկրի համար թիվ մեկ խնդիրը սպառազինություն ձեռք բերելու դեպքում այդ սպառազինությունը տեղ հասցնելու հարցը լուծելն է։ Այսինքն` մենք օբյեկտիվորեն ունենք սպառազինությունը, ապա նաև այդ սպառազինության ռազմամթերքը տեղ հասցնելու խնդիր։ Վերջինի համար կա 2 ճանապարհ` Վրաստանի տարածքով և Իրանի տարածքով։ Այն ամենը, ինչ ձեռք է բերվել Ֆրանսիայից, իսկ Ֆրանսիայից ձեռք բերված CAESAR-ը որակյալ սպառազինություն է, կարող է տեղ հասնել Վրաստանի տարածքով միայն։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ Վրաստանն իր օդային տարածքը 2020 թվականին փակել է մեզ համար։
Հետևաբար, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի շատ մեծ ազդեցությունը Վրաստանում, վստահաբար կարող ենք էլի ասել, որ հնարավոր առճակատման դեպքում Ադրբեջանի հետ Վրաստանն իր օդային տարածքը փակելու է, իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիայից ձեռք բերված սպառազինությունը չի համալրվելու ռազմամթերքով, այսինքն` արկեր չեն լինելու այդ հրետանային համակարգի համար։
Ֆրանսիական ռազմամթերքը, սպառազինությունն Իրանի տարածքով չի կարող գալ, որովհետև Իրան-ՆԱՏՕ-ԱՄՆ հակամարտությունն ունի հեռանկար։
Այս խմբաքանակն Ալիևն ուղղակի թույլ է տվել գա, տեղ հասնի, որպեսզի Նիկոլը վարկանիշը փորձի ուղղել, ուրիշ ոչինչ»։
Ռազմական փորձագետը թեև ֆրանսիական սպառազինության մի քանի օրինակների պարագայում որակը գնահատեց, սակայն խնդրահարույց համարեց գինը․ ըստ նրա՝ այդ սպառազինության համարժեքը Ռուսաստանից կարելի էր ձեռք բերել շատ ավելի մատչելի։
Դավիթ Ջամալյանը կասկածի տակ դրեց նաև հնդկական սպառազինության որակը՝ նկատելով․ «Օրինակ, գնել են սպառազինություն, որը հնդկական բանակը և Հայաստանի զինված ուժերը միաժամանակ են ներդրել իրենց զինված ուժերում։ Հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է խոսքը։ Եվ ի՞նչն է հետաքրքիրը, որ այդ հակաօդային պաշտպանության համակարգերը Հնդկաստանն օգտագործել է Պակիստանի դեմ այս լարվածության վերջին բախման ժամանակ, հայտարարել, որ կիրառումն արդյունավետ է եղել, սակայն ես երկար փնտրտուքից հետո չեմ գտել հաստատված մեկ փաստ, որ պաշտոնապես հայտարարվածը փաստերով ապացուցված լինի։ Որևէ վկայություն ու փաստ չկա, որ այդ ՀՕՊ համակարգերը խոցել են որևէ թիրախ»։
Դիտարկմանը, որ Ձեր ասած ռուսական այլընտրանքն էլ, ըստ ՀՀ պատասխանատուների, խնդրահարույց է, և հայտարարվել էր, օրինակ, որ ՌԴ-ին փողը տրվել է, սակայն զենքը չի ստացվել, փորձագետն արձագանքեց․ «Դա լկտի սուտ է, որովհետև մոտ մեկ տարի առաջ հենց իրենք հայտարարեցին, որ Ռուսաստանից սպառազինության խմբաքանակը տեղ է հասել։ Ըստ ամենայնի, խոսքը ՀՕՊ համակարգերի մասին էր։
Այո՛, ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը, ուկրաինական դեպքերով պայմանավորված, գերծանրաբեռնված էր աշխատում և գուցե տեխնիկական հարցերով ինչ-որ ժամկետների ուշացում լինի, բայց այդպիսի տեխնիկական հարցեր միշտ են եղել, ու, վաղ թե ուշ, մենք մեր պատվիրած սպառազինությունը ստացել ենք։ Իրենք ստացել են և հայտարարել են, որ ռուսական սպառազինությունը տեղ է հասել, և դա սուտ թեզ է, թե փողը տվել են, զենք չեն ստացել։
Նշեմ նաև, որ այսօր հրապարակում ցուցադրել են ՏՕՍ հրանետային համակարգեր, և այստեղ կա 2 տարբերակ՝ կա՛մ այդ համակարգերը դեռևս մինչև Նիկոլի իշխանության գալը ստացված խմբաքանակից են, այսինքն` Սարգսյանի օրոք եղած մատակարարումներից, որ մեզ ցուցադրել են, կա՛մ էլի վերջերս է տեղ հասել։ Եթե վերջերս է տեղ հասել՝ արդեն իրենց իշխանության օրոք, նշանակում է, որ հենց այս փաստը հերքում է այն սուտը, թե փողը տվել են, զենք չեն ստացել»։
Զինուժի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին մեր հարցադրումներին ի պատասխան էլ՝ Դավիթ Ջամալյանն ասաց․ «Բնականաբար, ցանկացած պետություն պետք է ունենա ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի հուսալի ուղղություն, և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցությունը, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, բնականաբար, չպետք է բացառի դիվերսիֆիկացիան։ Նախկինում դա եղել է. oրինակ, նախկինում Ռուսաստանի հետ այդ ռազմատեխնիկական համագործակցությանը զուգահեռ` մենք «Լյուբավա-Արմենիա» ընկերության միջոցով համագործակցություն ունեինք NATO-ի անդամ-երկիր Լեհաստանի հետ` արդիականացման ծրագրերի համատեքստում։ Այդ ընկերությունը փակվեց Նիկոլի օրոք։
Հիմա սրանք ի՞նչ են անում․ ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզը դիվերսիֆիկացնելու անվան տակ՝ խզում են կապերը Ռուսաստանի հետ, ինչի պատվերն ու հրահանգն ունեն իրենց արևմտյան տերերից։ Փոխարենը ի՞նչ են անում․ հախուռն փորձում են այս ու այնտեղից զենք ձեռք բերել։ Այո՛, մենք պետք է ունենանք տարբեր աղբյուրներ զենք ձեռք բերելու, բայց դրանք պետք է լինեն լրացնելու տրամաբանությամբ, ոչ թե՝ հակադրության տրամաբանությամբ»։
Ըստ նրա՝ հետագայում արդեն ապագա իշխանությունները կշարժվեն լրացնելու տրամաբանությամբ․ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները նոր որակի բերելուց հետո՝ կայուն, հուսալի մատակարարումներ կապահովեն և լրացնելու տրամաբանությամբ՝ հարաբերություններ կհաստատեն այլ երկրների հետ։
«Նույն Հնդկաստանի հետ, օրինակ, տեսնում եմ հարաբերությունների հեռանկար, բայց այլ սկզբունքային դիրքերից՝ լրացնելու դիրքերից։ Հետո՝ ձեռք են բերել սպառազինությունը, 2024թ․-ից այս սպառազինությունը գալիս-հասնում է տեղ, բայց գեթ մեկ զորավարժություն չեն անցկացրել, որ այդ ձեռք բերվածը մարտական իրավիճակին մոտ պայմաններում փորձարկեն, ու մեր անձնակազմը ռեալ զորավարժության իրավիճակում փորձ ձեռք բերի»,- ամփոփեց Դավիթ Ջամալյանը։



