Աղքատություն 2026․ Կառավարության «անակնկալը» թոշակառուներին ու նպաստառուներին
Այս տարի էլ, նախորդների նման, հասարակ քաղաքացին իր սոցիալական վիճակը բարելավելու առիթ չի ունենա։ Նրան կրկին հիասթափություն է սպասվում։
Կառավարությունից ու իշխանություններից բացարձակ սպասելիքներ չկան։ Մեկ-երկու ձևական միջոցառումներով կփորձեն տպավորություն ստեղծել, թե մտածում են քաղաքացու մասին, բայց արդյունքում քաղաքացին դրանից ոչինչ չի ստանա։
Բյուջեն բոլորի գրպանը համարող Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու ՔՊ-ական իշխանությունը կշարունակի բյուջեի փողերը ծախսել ամեն ինչի, բայց ոչ սոցիալապես անապահով քաղաքացիների գրպանի պարունակությունն ավելացնելու վրա։ Փոխարենը՝ այդ քաղաքացիները ստիպված կլինեն ավելի շատ հարկեր վճարել, որպեսզի իշխանությունները կարողանան լիաթոք պարգևատրել իրենց ու ճոխ ծախսեր անել՝ սեփական բարեկեցությունը բարձրացնելու համար։
Քաղաքացիների մեծ մասի եկամուտներն այս տարի էլ չեն ավելանա, սակայն նրանք ստիպված կլինեն կրել թանկացումների ծանր բեռը, այնպես, ինչպես կրում էին նախորդ տարիներին։
Թանկացումների հետևանքով տարին տարվա վրա այս մարդկանց կյանքը վատանում է, իսկ իշխանությունները չեն բարեհաճում գոնե գնաճին համարժեք ավելացնել նրանց եկամուտները։ Արդեն որերորդ տարին է ո՛չ թոշակ են բարձրացնում, ո՛չ նպաստ, ո՛չ էլ նվազագույն աշխատավարձ։ Թոշակառուին ու նպաստառուին կրկին կխաբեն հետվճարով, որից շատերը, հայտնի պատճառներով, այդպես էլ չեն կարողանում օգտվել։
Բազային թոշակներն ու նպաստները, որոնք շատ ավելի նախընտրելի են, չեն բարձրացնում, հետվճարի տոկոսն են ավելացնում՝ լավ իմանալով, որ դա թոշակառուների ու նպաստառուների գրեթե կեսին անհասանելի է։
Վերջին անգամ բազային կենսաթոշակը, այն էլ՝ մասնակի, 550 հազարից ընդամենը 90 հազար թոշակառուի համար, բարձրացել է 2023թ. կեսերին։ Բարձրացել է ընդամենը 3 հազար դրամով։ Դրանից հետո բազային թոշակների որևէ բարձրացում չի եղել։ Պատահական չէ, որ դրանից հետո գրեթե չի փոխվել նաև միջին կենսաթոշակի չափը։ Ինչպես 2023թ. վերջին, այնպես էլ հիմա այն շարունակում է մնալ 49 հազար դրամի սահմաններում։
Հավանաբար նույնը կլինի նաև այս տարի, որովհետև հետվճարը, որով փորձում են ցույց տալ, թե թոշակ են բարձրացրել, շոշափելի ոչինչ չի ավելացնում թոշառակուի թոշակին։
Ժամանակին թոշակառուների համար կուրծք ծեծող Նիկոլ Փաշինյանն այնտեղ է հասել, որ ցինիկաբար հայտարարում է, թե՝ թոշակառուների ինչի՞ն է պետք թոշակների բարձրացումը, թոշակները բարձրացնենք, որ ի՞նչ անեն, միևնույն է՝ չեն կարողանալու ճիշտ ծախսել։
Հետվճարից չօգտվող սոցիալապես անապահով 300 հազարից ավելի քաղաքացիների եկամուտները 2026թ. էլ չեն ավելանա, բայց նրանք ստիպված կլինեն բոլորի նման իրենց վրա կրել գնաճի ազդեցությունը։ Այս տարի էլ Հայաստանում 3 տոկոս գնաճի թիրախ են դրել։ Բայց բոլորն էլ գիտեն, թե գնաճի իրական ազդեցությունն ինչքանով է համարժեք գնաճի թիրախին։ Առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց մեջ առաջնային տեղ ունի հատկապես սննդամթերքը, սովորաբար ավելի մեծ տեմպերով են թանկանում։ Իրական գնաճը, որը կրում է քաղաքացին իր վրա, գալիս է այստեղից, բայց իշխանություններն աչք են փակում դրա վրա։
Հետվճարից օգտվող թոշակառուներն էլ մեծ բան չեն շահելու։ Գնաճի ու թանկացումների ազդեցությունը նրանց վրա շատ ավելին կլինի, քան հետվճարից ակնկալվող 2-3 հազար դրամը։
Կառավարությունն անակնկալ է պատրաստել նաև նպաստառուների համար. Այս տարվա կեսից ամբողջ հանրապետությունում կանցնեն նպաստների նշանակման նոր չափանիշներին, ինչից հետո, շատերը կզրկվեն նույնիսկ եղած չնչին նպաստներից։
Այս տարի էլ իրենց սոցիալական վիճակը բարելավելու սպասելիքներ չեն ունենա այն բազմահազար աշխատող քաղաքացիները, որոնք գոյատևում են նվազագույն աշխատավարձով։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այնպես էլ այս տարի նվազագույն աշխատավարձը չի բարձրանա, որովհետև կառավարությունում հիմա արդեն այլ պատկերացում ունեն նվազագույն աշխատավարձի մասին։ Ասում են՝ տնտեսությունը պատրաստ չէ կրելու նվազագույն աշխատավարձի բարձրացման բեռը։
Այդ ինչպե՞ս եղավ, որ «հրաշքներ» գործող ու «համաշխարհային» մակարդակի աճեր ապահովող տնտեսությունը չի կարող կրել 5 կամ 10 հազար դրամով նվազագույն աշխատավարձը բարձրացնելու բեռը։ Այդպես կարող էր լինել մեկ դեպքում, եթե այդ աճերը փուչիկ եղած լինեին։
Տնտեսությունը պատրաստ չէ նոր բեռ վերցնել, ու քաղաքացին ստիպված է լինելու բավարարվել նրանով, ինչ կա։ Այս տարի էլ նվազագույն աշխատավարձը Հայաստանում կլինի 75 հազար դրամ, ինչպես 3 տարի առաջ, ու այդ գումարով հազարավոր աշխատող քաղաքացիներ ստիպված են լուծել իրեն սոցիալական խնդիրները, ինչպես նաև վճարել ավելացող հարկերը, որոնք կլինեն՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ ապահովագրական ու այլ վճարների տեսքով։
Անկանխիկ առևտրի 2 տոկոս հետվճար են պատրաստվում վերադարձնել քաղաքացիներին ու դրա համար ծիծաղելի գումար են դրել պետական բյուջեում՝ ընդամենը 3.5 մլրդ դրամ։ Գիտեն, որ դրանով խնդիր չի լուծվում քաղաքացու համար, բայց ընտրություններից առաջ որոշել են սրանով էլ խաբել։ Հատուկ այնպիսի սահմանափակումներ են դրել, որ քաղաքացիների մեծ մասը չկարողանա այդ չնչին հետվճարից էլ օգտվել։ Պարտադիր պահանջ է «ԱրՔա» քարտ ունենալը, ինչը շատերը չունեն։
Այսքանից հետո, Նիկոլ Փաշինյանը մարդկանց կյանքի պայմանների բարելավումներից է խոսում։ Եթե ՔՊ-ականների ու նրանց շրջապատի կյանքը բարելավվել է, դա դեռ չի նշանակում, թե մյուսներն էլ են սկսել լավ ապրել։
Տարիներով մարդկանց եկամուտները չեն ավելացնում, իսկ ծախսերն անընդհատ աճում են։ Մի կողմից՝ գնաճն է ճնշում, մյուս կողմից՝ հարկային բեռի ավելացումները։
Թոշակառուների ու մյուս սոցիալական խմբերի վրա գումարները խնայել են, որպեսզի հայտարարեն, թե բժշկական ապահովագրություն են ներդնում։ Ապահովագրությունն էլ՝ ապահովագրություն լիներ, դեռ ոչինչ։ Բժշկական ծառայությունների ճնշող մեծամասնությունը կշարունակի լինել վճարովի։
Ահա այն ամբողջը, ինչ բազմահազար անապահով քաղաքացիներ կստանան այս տարի։ Այսքանից հետո զարմանում են, թե ինչո՞ւ աղքատությունը չի նվազում։ Չի նվազում, որովհետև բյուջեի փողերն իրենք են վայելում, իսկ երբ հարցը հասնում է անապահովներին, ասում են՝ փող չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



