Ինչպե՞ս են Ամանորը նշել նախկինում, ի՞նչ և ինչո՞ւ են նվիրել ու ո՞րն է ամենաավանդապահ մարզը
Ինչպե՞ս են նշել Ամանորը նախկինում, ի՞նչ ավանդույթներ են եղել և որո՞նք են պահպանվել։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։

– Տիկին Պողոսյան, նախկինում մի շարք ավանդույթներ են եղել, որո՞նք են պահպանվել և մինչև ե՞րբ։
– Այո, շատ կարևոր նշանակություն ունեցած տոն է։ Ասեմ, որ տոնը դա առօրյայի հակոտնյան է, այսինքն՝ անպայման ոչ աշխատանքային, և շատ կարևոր էներգետիկ գործառույթ է ունեցել, այսինքն՝ նպատակ է ունեցել և՛ լիցքավորել, և՛ լիցքաթափել մշակույթը կրողներին։ Տեսնում ենք, որ բավական ուսանելի ավանդույթներ են եղել։
Առաջինն այն է, որ մարդիկ ավանդական հասարակությունում, այսինքն՝ 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ, նախանձախնդիր ձևով փորձել են մաքրազերծել իրենց միջավայրը և մաքրազերծվել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Աշխատել են իրենց տունը, որը համարվում է իրենց միկրո տիեզերքը՝ կարգի բերել։ Եվ շատ հետաքրքիր է, որ երիտասարդ հարսները, աղջիկները տան առաստաղներն ալյուրով երկնային լուսատուների պատկերներով են հարդարել, այսինքն, ցանկացել են, որ նույն տիեզերքը լինի նաև իրենց տանը։
Շատ ուշագրավ մոտեցում է և ընդհանրապես ավանդական հասարակությունում մարդ ու բնություն կապը շատ սերտ, ներդաշնակ է եղել, և հրաշալի ձևով իրենք փորձել են նաև իրենց տունը դարձնել մաքուր և կարգի են բերել ամանեղենը, ամեն ինչ մաքրել են, չեն մոռացել իրենց հոգևոր աշխարհը։ Այդ ժամանակ պահքի շրջանն է, և մարդիկ դարձյալ այդ կանոնները պահպանելով՝ նաև մաքրել են իրենց մարմինը։ Մենք երբևէ ավանդական հասարակության տոնական հացկերույթին չէինք տեսնի մսեղեն կամ կենդանական ծագմամբ կերակրատեսակներ, ուտելիքներ։ Անշուշտ, տոնական սեղանին մեծ կարևորություն են տվել, բայց շատ հատուկ մեծ ջանք չեն գործադրել, ինչո՞ւ, որովհետև իրենք դեռ ամառվանից այդ ամբողջն ամբարում էին, և այդ բոլորն իրենց ձեռքի աշխատանքն էր։
Ասեմ, որ ընդհանրապես պասուց տոլմա են պատրաստել։ Այսինքն, մենք հիմա, հատկապես 21-րդ դարի հայացքից որ նայում ենք, թվում է, թե անպայման տոնական սեղանին պետք է լինեն միայն մսեղեն կերակրատեսակներ և գերակշռեն դրանք, բայց ավանդական հասարակությունում պասուց տոլմա են պատրաստել։ 1920-ական թվականներից հետո, հատկապես խորհրդային շրջանում արդեն մսեղեն տարբերակը դրվեց տոնական սեղանին։
– Բայց նախկինում ինչո՞ւ մսեղեն չի եղել սեղաններին։
– Ավանդական հասարակությունում հենց ամանորյա սեղանին մսեղեն կերակրատեսակներ չեն օգտագործել, բայց դա չի նշանակում, որ առօրյայում չի եղել։ Բարեկենդանը հենց մսեղեն կերակուրների մի շքերթ է, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածում, բայց քանի որ եղել են որոշակի արգելքներ, որ պահքի ժամանակ չէր կարելի մսեղեն օգտագործել, դրա համար օգտագործել են պահքային կերակուրներ։ Ասեմ, որ բավական տեսականի կա․ պետք է սեղանին լինի հացահատիկ, ընդեղեն, մրգեր, թարմ և չոր, չրեղեն, քաղցր շարոցներ, պաստեղներ։ Իրապես բավական շքեղ է եղել, բայց կարևոր է, որ իրենք ավելորդ ջանքեր չեն գործադրել։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրականում տոնական հանդիսություն է եղել։ Բացի այն, որ պետք է միջավայրն իսկապես ներդաշնակ լինի, շատ կարևոր է տոնական մթնոլորտը, էմոցիոնալ շերտը։
Այսինքն՝ ավանդական հասարակությունում բոլորը մասնակցել են դրան, որը կարևոր պայման է։ Ե՛վ ուրախությունը, և՛ լիցքավորվելը, և՛ լիցքաթափելը կարևորագույն գործոններից մեկն է եղել։ Բավականին գուշակություններ են արել, օրինակ, անպայման տոնական սեղանին դրել են տարեհացը։ Երկնային լուսատուների պաշտամունքի հետ կապված շատ հետաքրքիր ավանդույթներ կան․ դա կլոր մի խմորեղեն է, որը բաժանված է 4 մասի, այսինքն՝ տարվա 4 եղանակներն են, աշխարհի 4 կողմերն են, բնության 4 տարերքներն են, շատ ուշագրավ, և տեսեք՝ ինչ տիեզերաբանական հետաքրքիր դրսևորումներ ենք տեսնում տարեհացի մեջ։ Խմորեղենի մեջ բախտագուշակ էին դնում, կարող էր արծաթյա դրամ լինել կամ որևէ մի բան, և անպայման բաժանում էին ընտանիքի անդամներին, նույնիսկ իրենց կենդանիներին։

Մարդ-բնություն, կենդանական-բուսական աշխարհ կապը շատ հզոր է եղել, և հետաքրքիր է, որ փորձել են հասկանալ՝ այդ եկող տարվա հաջողակն իրենց ընտանիքում ո՞վ կլինի։ Եվ այդ հաջողության նշանը համարվել է շատ կարևոր, պատկերացրեք՝ ինչ տոնական մթնոլորտ է առաջացրել։
Անպայման աշխատում էին, որ այդ օրերին օջախը վառ լինի, կրակը վառ լինի, և նույնիսկ տան մեծերը շատ մեծ գերաններ էին դնում օջախի մեջ և, աստիճանաբար ներս տանելով, կարծես ամբողջ ընթացքում անպայման վառ են պահել այդ օջախը։ Տան մեծերը նաև նվերներ են պատրաստել, և դա փոխադարձ էր․ այսինքն, ընծայաբերությունը ևս շատ հատուկ էր մեր մշակույթին։ Ե՛վ մեծերն են նախապատրաստել իրենց փոքրիկների համար, և՛ մեծ պապը՝ նահապետը։ Իսկ ընտանեկան համայնքի տղամարդիկ, կանայք նվերներ են պատրաստել տան մեծի համար և մոտենալով նրան, աջը համբուրելով՝ փոխադարձ բարեմաղթանքներ են հղել։
– Հիմնականում իրար ի՞նչ են նվիրել։
– Երիտասարդ աղջիկներին կամ կանանց նվիրել են զարդեր, իսկ մեծերին՝ գլխաշոր, կտորեղեն։ Նվերների մեջ տղամարդկանց համար շատ կարևոր տեղ ունեին գուլպաները, գլխարկը։ Եթե կնոջը գլխաշոր էին նվիրում, տղամարդկանց՝ գլխարկ, որն առնականության կարևորագույն խորհուրդ ուներ։ Անպայման աշխատում էին, որ միջանձնային հարաբերություններում եղած այդ խոչընդոտները, թնջուկները տարվա մեջ, հատկապես՝ Նոր տարվա շեմին, վերջացնեն։ Այսինքն՝ շատ կարևոր ուղերձ է, որ մարդկանց միջև եղած խնդիրները, վեճերը, դժվարությունները մնան հին տարում։ Հետաքրքիր ավանդույթ է, որ դու բոլոր վատ բաները փորձում ես թողնել հին տարում և ինքդ ամեն իմաստով նորոգված դիմավորում ես Նոր տարին։
– Բայց ստացվո՞ւմ է։
– Դե, հիմնականում՝ այո՛, համենայնդեպս ավանդական հասարակությունում մարդիկ կարևորում էին տված խոսքը, խոստումը, երդումը, և նախանձախնդիր ձևով աշխատում էին դա իրականացնել։ Նաև աշխատում էին գոնե անցումային շրջանում չբամբասել, չհայհոյել։ Կարծում եմ, որ խախտողները որոշակի տաբուների, սահմանափակումների ենթարկվում էին։ Կային չգրված օրենքներ, որոնք պահպանվում էին, և շատ լավ կլինի, որ մենք իրապես հիմա հասկանանք, թե ինչքան կարևոր է դրական խոսքը։ Կարևոր է, որ մենք այդ դրականի ազդեցության զորությունը մեր վրա զգանք, իսկ հիմա հաճախ տեսնում ենք, որ առանձնապես չի էլ կարևորվում, և ավելի շատ մարդիկ ֆիքսվում են քննադատությունների, միմյանց մեղադրելու վրա։
– Տղամարդկանց նաև դրամապանակ են նվիրել ժամանակին։
– Անպայման, որովհետև տան նյութական բարեկեցությունն ապահովողը տղամարդիկ էին, և հյուսած այդպիսի դրամապանակներ կային, բացի այդ, նաև գուշակություն էին անում։ Բացի տարեհացից, թխում էին տոնական, ծիսական խմորեղեն, որոնք տիկնիկների ձևով կարող են լինել, տղամարդկանց համար հենց քսակների տեսքով են արել։ Եթե խմորեղենը հաջողվում էր, այսինքն՝ կարմրում էր, իսկ մենք գիտենք, որ կարմիրն ամեն դրականի, լավի խորհրդանիշն է, նշանակում է՝ այդ մարդու բարեկեցությունը եկող տարվա մեջ անպայման ապահովված կլիներ, եթե սմքում էր, ուրեմն շատ լավ բան չէր սպասում։
Իրականում շրջապատող բոլոր առարկաների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեին, ուր մնաց՝ միմյանց նկատմամբ չունենային։
– Սեղանին 7 ուտեստ են դրել, դա ի՞նչ է խորհրդանշել։
– Այո, ընդհանրապես 7-ը սրբազան թիվ է, 4 պլյուս 3-ն է, շատ կարևոր դերակատարություն ունի և, ընդհանրապես, մենք հաճախ ենք դրան անդրադառնում ծիսական արարողությունների ժամանակ։
7-ի գաղափարը հացահատիկային կերակրատեսակների, բուսական աղցանների դեպքում է եղել։ Օրինակ, ավելուկով, բանջարեղենով աղցաններ են պատրաստել, հետո տեսնում ենք, որ հացահատիկային հարիսան լրացվում է մսով և արդեն անցյալ դարի 20-30-ական թվականներին որոշակի նահանջ է տեղի ունենում եկեղեցական տոնակատարությանը պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու մասով։
Սակայն, օրինակ, Շիրակի, Արարատի մարզում, կային մարդիկ, որոնք անպայման կարևորում էին եկեղեցի այցելելը։
Աստիճանաբար, արդեն խորհրդային շրջանում, սեղանին հայտնվում են նոր կերակրատեսակներ, եղևնին։

Խորհրդային շրջանում դրանք բնական եղևնիներ էին, որոնք զարդարվում էին տարբեր կերպ։ Իմ մանկական հուշերում մնացել են այդ եղևնին ու մանդարինի հոտը։ Իսկ, երբ իրար ուշ-ուշ էին տեսնում՝ կատակում էին, թե ոնց որ «Նոր տարվա լիմոնադ» լինես։ Այս ըմպելիքը հատկապես Նոր տարվա սեղանի կարևոր բաղադրիչներից մեկն էր։
Այնպես չէ, որ մենք ծառի պաշտամունք չենք ունեցել․ Համշենում, օրինակ, ձիթենու ճյուղը դնում էին և դրա վրա տան մեծը կաղին, պնդուկ և նման բաներ էր ցանում, որովհետև այն կապված էր բարեբերության, արգասավորության հետ, այսինքն՝ ինքն ակնկալում էր, որ եկող տարին իր ընտանիքի համար նույնքան բարեբեր լինի։
Նույնիսկ հատիկեղեն, հասկերն էին պահում, և դա հավանաբար, կապված է ամառային Նավասարդի հետ։
Հայտնվում են նոր կերպարներ՝ Ձմեռ պապը և Ձյունանուշը։ Անշուշտ, մենք ունեցել ենք Մեծ պապուկը, հատկապես Արևմտյան Հայաստանում, Կաղանդ պապ էին ասում, և անպայման երեխաներին զվարճացնելու համար հաճախ հենց տան նահապետը դուրս էր գալիս և հատուկ դիմակավորված, մորթով ծածկված, գավազանով, մորթե փափախով ներս էր գալիս և ուրախացնում իր թոռներին։
Մենք հիմա տեսնում ենք, հայտնվում են արդեն փոխառված երևույթներ, որոնք շատ արագ «քաղաքացիություն» են ստանում և ընդունվում են մարդկանց կողմից։
Եվ հետաքրքիր է, որ արդեն աստիճանաբար նաև տոնական հացկերույթը, սեղանը բավական փոխառված կերակրատեսակներով է հարստանում և արդեն նույնիսկ այդ «վինեգրետ» կոչված աղցանը, և «մայրաքաղաքային»-ը յուրացվում են և դառնում են, կարծես, մերը, բայց ավանդական հասարակությունում այդպիսի մրցավազք չի եղել, որը մենք հատկապես նկատում էինք ուշ խորհրդային շրջանում և անկախացումից հետո։
Մարդիկ նույնիսկ կարող են պարտք անել, որպեսզի իրենց տոնական սեղանը հարևանինից չտարբերվի։ Սա, իհարկե, խոսում է այն մասին, որ մենք դառնում ենք սպառողական հասարակություն, այսինքն՝ մենք գաղափարի վրա չենք կենտրոնանում, ուզում ենք ցույց տալ ավելին, քան իրականում կանք։
Օրինակ՝ ավանդական հասարակությունում պարտադիր ունևոր ընտանիքներն իրենց կարիքավոր ազգականների համար այդ տոնական սեղանից մաս էին հանում, և մարդը դրանով իրեն ավելի կարևորված էր զգում․ սա շատ կարևոր բան է, իսկ մենք հետո տեսնում ենք, որ արդեն ժամանակի մեջ, ընդհակառակը, մարդիկ մտածում են, որ ավելի շատ ցույց տան։
Մեր ուտեստի համակարգին ոչ համապատասխան ուտելիքներ ենք տեսնում սեղանին՝ անդրծովյան կենդանիներ և այլն։ Մի պահ նույնիսկ, դա ուղղակի ցուցադրական էր, և մարդիկ հաճախ դրանց ձեռք էլ չէին տալիս, վերջում էլ երբեմն ստիպված էին լինում թափել, կամ էլ, ուտելով դրանք, որոշակի խնդիրների առջև էին կանգնում։ Ավանդական հասարակությունում, օրինակը, ջրիկ կերակրատեսակներ էին պատրաստում՝ ավելուկով, լոբով և այլն, և դա շատ հարմար էր օրգանիզմին։ Հիմա էլ, ի տարբերություն խորհրդայինի, մենք դարձյալ փոփոխություններ ենք տեսնում։ Ասեմ, որ խորհրդային շրջանում այդ տոնի անակնկալը պահպանվում էր, դե, առավել ևս՝ ավանդական հասարակությունում։ Հիմա մենք նմանակում ենք օտարներին։ Ե՛վ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում տոնի նախապատրաստությունը բավական շուտ են սկսում, սակայն ինձ թվում է, որ տոնը պետք է անակնկալի գործոնը պահպանի, բայց տեսնում ենք, որ դեկտեմբերի սկզբից արդեն տունը զարդարում են, և անակնկալի պահը կարծես կորցնում ենք։
Տեսնում ենք միտում, որ մարդիկ աշխատում են տոնական իրարանցումից զերծ մնալ, Ամանորն այլ երկրներում նշել, կամ այդ ամանորյա հացկերույթը նշում են ռեստորաններում։ Հիշում եմ, խորհրդային շրջանում ամանորյա սեղան պատրաստելը բավական մեծ ճիգեր էր պահանջում, և մարդիկ փոխանակ ուրախանային՝ հոգնած վերջին բլինչիկը դնում էին սեղանին։ Այսինքն՝ սա ևս նշանակում է, որ մենք ճիշտ չենք գիտակցում տոնի խորհուրդը, որովհետև դա մի հնարավորություն է, որ ընտանիքի անդամները, համայնքի անդամները մեկտեղվեն, համատեղ նշեն, հաղորդակցվեն և նաև լիցքաթափվեն, իսկ մեզ մոտ ստացվում էր այնպես, որ մենք ավելի շատ չարչարվում էինք, հոգնած մի կերպ սեղանի շուրջ էինք նստում։ Իմ կարծիքով, սա ևս պետք է վերանայվի, և ինչքան դա ընտանեկան միջավայրում անցկացվի, այնքան, իսկապես, օգուտ կբերի ընտանիքի անդամների միջանձնային հարաբերությունների կապերի ամրապնդմանը։

– Միմյանց տուն գնալու ավանդույթը եղե՞լ է։
– Տներ գնալը կար անպայման։ Գնում էին տանու տիրոջ, քահանայի, իրենց տոհմի նահապետների տուն։ Դա ընդունված բան էր, այսինքն՝ այդ պատկառանքը, հարգանքը, տոնի խորհուրդը կիսելու այդ գաղափարը կար։ Խորհրդային շրջանում մի քիչ որոշակի շեղումների էր հանգեցնում։ Եվ նույն «Բոմբոներկան», եթե մի փոքր էլ վրան նշան անեիր, կարող էր կրկին հայտնվել նվիրատուի մոտ։ Այսինքն, երբ դա անում ես սիրով, նպատակային, ուրիշ է, իսկ եթե անում ես որպես պարտականություն՝ հաստատ շատ արդյունավետ չի լինում։ Հիշում եմ, երբ ժամը 24։00-ն էր, որոշ աշխատողներ գնում էին իրենց ղեկավարների տուն, բայց սա շատ ընտանեկան է, դա կարելի էր հաջորդ օրերին անել, եթե շատ մեծ ցանկություն կար։ Հետո հարևանները, ընկերներն իրար էին այցելում։
– Հայաստանում կա՞ն շրջաններ, որ ավանդույթների մեծ մասը պահպանել են։
– Ասեմ, որ ընդհանրապես Նոր տարին բավական սիրված տոներից էր, և գրեթե բոլորը նշում են, բայց, օրինակ, Շիրակում, ես կարող եմ ասել, որ հատկապես իրենք շատ նախանձախնդիր, շատ ավանդապահ են։ Ամանորին իրենց սեղանին պարտադիր կար և կա պասուց տոլման։ Իրենք չրեղենից կոմպոտ են պատրաստում՝ խոշաբ են ասում, բայց սեղանին չեն դնում։ Այսինքն՝ տնեցիներով են դա վայելում, շատ հետաքրքիր է։ Ավանդույթը պահում են։
Տեսնում եմ հետաքրքիր վերածնունդ․ խորհրդային շրջանում դուք տարեհաց, ծիսական խմորեղեններ չէիք տեսնի, բայց հիմա այդ վերադարձը կա։
– Ինչպիսի՞ բարեմաղթանքներ են հղել միմյանց։
– Հղել են բարեմաղթանքներ, որ Նոր տարում հաջողություններ, երեխայի ճիչ հնչի, ամուսնանա, որդու կանաչ-կարմիրը կապեն, և այլն։ Նաև, որպեսզի տարին բարեբեր լինի՝ տան շեմին մեղրով խաչ են արել տանտիկինները կամ կարմիր կտոր են կապել իրենց ծառերից։
Շեշտեմ՝ երդումն ավանդական հասարակությունում շատ կարևորվել է։
– Ինչ ասել՝ կատարե՞լ են։
– Անպայման։ Խոսքն ասել ես, ուրեմն պետք է ի կատար ածվի։ Դա շատ կարևոր է։ Նշանակում է, որ խոստանալուց առաջ պետք է մտածես՝ դու դա ի զորո՞ւ ես անել, թե՞ չէ, դատարկ, փուչ խոստումներ տալն առանձնապես պատիվ չի բերում մեր ժողովրդին։
Կցանկանամ, որ այս Նոր տարում մեր ժողովրդի նվիրական երազանքների գոնե 10 %-ն իրականանա, որովհետև ես կարծում եմ, որ ամեն Նոր տարում մենք պետք է մեր ձեռքբերումներն ավելացնենք։ Մեր ժողովրդին ցանկանում եմ իրապես իրական ձեռքբերումներ, առողջություն, հաջողություն և բարեբերություն։
