Տեր հայր, պահքի ընթացքում շարունակ բարկանում եմ, նյարդայնանում, ի՞նչ անեմ
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան
«Չարը երբեք քնած չէ: Սատանան ամենամեծ փորձությունները՝ բարկություն, անհանդուրժողականություն նաև ապաշխարության մեջ գտնվող մարդկանց է բերում: Եթե առավոտյան սկսենք Սուրբ Գրքի ընթերցանությամբ, եկեղեցի այցելությամբ և նույն ծրագրով ավարտենք մեր օրը, մասնակցենք Սուրբ Պատարագներին, կկարողանանք այս ամենից ազատվել: Որպեսզի ուժ գտնենք, պետք է աղոթքով, ողորմածությամբ, Սուրբ Գրքի, հոգևոր հայրերի գրվածքների սերտողությամբ անցկացնենք մեր օրը: Մեծ Պահքը կամքի ուժի դրսևորման շրջան է: Պետք է շեշտադրում կատարենք այս ամենին՝ աղոթք, ողորմություն և հոգևոր գիտելիքների ամբարում, որ կարողանանք կերակրից զատ, հոգևոր վերելք ապրել»:

Տեր Վարդան քահանա Գափոյան
«Հնարավոր է պահքի ընթացքում ունենալ տկարություններ՝ ֆիզիկական իմաստով: Ավելի շատ դժվարություններ կլինեն հոգևոր իմաստով: Երբ հրաժարվում ենք ինչ-որ բանից, կարծես սատանայի հարձակումներն ավելի են շատանում: Երբ ուզում ես չհայհոյել, ավելի շատ ես հայհոյում: Եթե ուզում ես չբարկանալ, հակառակն է ստացվում: Կարող ենք ունենալ վատ մտքեր, որոնցից չենք կարողանում ձերբազատվել, օրինակ՝ մեր անհանգստությունները, վախերը, անհուսությունն ապագայի նկատմամբ:
Այդ ամենից ազատվելու համար պետք է գտնել հիմքը և փորձել այն բուժել Տիրոջ միջոցով: Յուրաքանչյուր պահի խնդրեք Տիրոջը, որ Ձեզ զորացնի: Մենք որպես անհատ կյանքում կայանում ենք, երբ դժվարություններ ենք հաղթահարում: Յուրաքանչյուրն ինքը գիտի իր սխալը, մոլությունը, թող փորձի ինքն իրեն խմբագրել»:

qahana.am



