«Երկնագույն պսակ» թեյի սպասքի հավաքածու․ Եվտուշենկովի նվերը՝ Փաշինյանին
Հունվարի վերջին պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շուրջ»,- նշում էին կառավարության մամուլի ծառայությունից։
Եվտուշենկովը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետերն ու սեփականատերն է։ Նա, ինչպես և ենթադրելի էր, դատարկ ձեռքով չէր եկել, իսկ թե ինչ էր բերել, տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնական նվերների հաշվառման ձևաթղթից:
«Երկնագույն պսակ» թեյի սպասքի հավաքածու՝ պատրաստված «Գժել» ասոցիացիայի կողմից, եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց, ոսկեզօծ։ Այս նվերի արժեքը գնահատվել է 400 հազար դրամ: Գնորոշումն իրականացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ համանման ապրանքների արժեքի վերաբերյալ ինտերնետային տիրույթում առկա տվյալների համադրման արդյունքում։
Նկատենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը:
Հիշեցնենք նաև՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները, եթե օրենքով սահմանված պարգևատրում է, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույք, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը:



