Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար` տնային կալանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:

Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը:

Ըստ պաշտպանի՝ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ Քննչական կոմիտեն գտել էր, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։

Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Հայկի կալանավորման միջնորդության 4-ժամյա քննության արդյունքում դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 10:30-ին Սևանի դատարանում (դատավոր Արամ Մարտիրոսյան)։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե’ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե’ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե’ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս