Գնում էին տանու տիրոջ, քահանայի, իրենց տոհմի նահապետների տուն։ Դա ընդունված բան էր, այսինքն՝ այդ պատկառանքը, հարգանքը, տոնի խորհուրդը կիսելու այդ գաղափարը կար։ Խորհրդային շրջանում մի քիչ որոշակի շեղումների էր հանգեցնում։ Եվ նույն «Բոմբոներկան», եթե մի փոքր էլ վրան նշան անեիր, կարող էր կրկին հայտնվել նվիրատուի մոտ։ Այսինքն, երբ դա անում ես սիրով, նպատակային, ուրիշ է, իսկ եթե անում ես որպես պարտականություն՝ հաստատ շատ արդյունավետ չի լինում։ Հիշում եմ, երբ ժամը 24։00-ն էր, որոշ աշխատողներ գնում էին իրենց ղեկավարների տուն, բայց սա շատ ընտանեկան է, դա կարելի էր հաջորդ օրերին անել, եթե շատ մեծ ցանկություն կար։ Հետո հարևանները, ընկերներն իրար էին այցելում։
«Երբ թխելու ընթացքում ուռչում էր մարդակերպ թխուկի որովայնի հատվածը, նշանակում էր, որ իրենց տանն այդ տարի բալիկ է ծնվելու: Իսկ տղամարդ թխուկի գլուխը եթե ուռչում էր, նշանակում էր, որ տարին նյութական հարստության և տղամարդու կողմից տուն բերվող բարիքի տարի է լինելու: Դրանք կոչվում էին «Ասիլ-Բասիլ» կամ «Ասիլ-Վասիլ»: Հիմա այդ թխուկների և տերահացի գաղափարը վերածնունդ է ապրում: Մենք մշակույթը պետք է փաթեթավորենք ժամանակաշրջանին համապատասխան՝ արդիականացնելով և սիրել տալով»: