Իրանը նոր՝ Ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ցանկանում․ իրանցի վերլուծաբան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, ով իր առաջին հանրային ելույթում բավականին կոշտ ուղերձներ ու ակնարկներ էր հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, մեղմել է իր հռետորաբանությունը։ Նախօրեին Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նա  հայտարարել է, որ TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, Խալիլ Շիրղոլամին  պատասխանել է, որ հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունեն այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ են:

«Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան»,- պատասխանել է իրանցի դիվանագետը։

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ իրենք մտահոգություններ ունեին, որոնց մասին  հայ գործընկերների հետ խոսել են շատ ջերմ մթնոլորտում։

Կարդացեք նաև

«Նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանն Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք»,- հստակեցրել է Շիրղոլամին:

2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում այն մասին, որ սա ճանապարհ չէ, այլ միջանցք։  

Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:

Հարկ է հիշեցնել, որ վերջին օրերին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով Իրանում հանդիպել էր Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Հարկ է հիշեցնել, որ այս ամենի ֆոնին Իրանը բանակցում է Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ը Պարսից ծոցի «մատույցները» լցրել է աննախադեպ քանակի հարվածային տեխնիկա ու զինուժ՝ սպառնալով հարվածել Իրանին։

Իրանը NOTAM-ի ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին: Հաղորդագրության համաձայն՝ այն վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ողջ ծովային գոտուն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը վկայում է տվյալ շրջանում զորավարժությունների անցկացման մասին:

Իրանցի քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազինը մեզ հետ զրույցում, գնահատելով հայ-իրանական շփումներն աշխարհաքաղաքական շատ ավելի լայն պատկերի ֆոնին, ասաց, որ Հայաստան-Իրան հարաբերություններում բարդ իրավիճակ է այն տեսանկյունից, որ Իրանը բարդ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ, ունի հարաբերությունների խնդրահարույց պատմություն ԱՄՆ-ի հետ, իսկ Հայաստանը զարգացնում է հարաբերություններն Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Նրա որակմամբ, թեև ԱՄՆ-ը ու Իրանը բանակցում են, դրանք բավականին բարդ են տրվում, որին զուգահեռ՝ նրանք  պատրաստվում են պատերազմի։

«Եվ բնական է, Իրանում ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության բարձր մակարդակ կա, իսկ Հայաստանի հետ հարաբերություններում՝ ընդհակառակը՝ կա վստահություն, բայց կան մտահոգություններ, և Իրանը ցանկանում է, որ վստահությունը պահպանվի, որ կողմերի միջև լինի վստահության բարձր մակարդակ, հարաբերությունները խորանան, որոնք կթուլացնեն նաև մտահոգությունները՝ կապված երրորդ երկրների հետ։ Հայ-իրանական հարաբերությունները 2020-ից հետո մտել են նոր փուլ, դրանք այլևս պարզապես բարիդրացիական կապեր չեն, այլ կենսական շահերի համընկնում։ Հարավային Կովկասում փոփոխությունները  ձևավորել են մի միջավայր, որտեղ Երևան–Թեհրան առանցքը ստացել է ավելի հստակ ռազմավարական նշանակություն և դարձել է անհրաժեշտություն։ Իրանի համար Հայաստանը ոչ միայն հարևան պետություն է, ուստի Թեհրանը հետևողականորեն ընդգծում է, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունը «կարմիր գիծ» է։ Սա ուղղակիորեն համընկնում է Երևանի շահերի հետ, կարծում եմ՝ հատկապես Սյունիքի շուրջ ձևավորվող քննարկումների ֆոնին։

Կարծում եմ՝ հայ-իրանական նոր փաստաթուղթը, որն Իրանն ու Հայաստանը պատրաստվում են ստորագրել, կնպաստի կողմերի միջև ավելի խոր հարաբերությունների ձևավորմանը։ Խոսքը Ռազմավարական համագործակցության փաստաթղթի մասին է, որը հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։ Ըստ իս՝ այն կնպաստի նաև վստահության ամրապնդմանն ԱՄՆ ակտիվության և բարձրաստիճան այցերի ֆոնին։ Կարծում եմ՝ օրերս տեղի ունեցած այցը դեպի Իրան, ինչպես նաև դեսպանի հանդիպումները նպաստել են դրան և դրա համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը, որի պատճառով էլ չկա նաև սուր հռետորաբանություն։ Սակայն Իրանի համար ձևավորված նոր իրավիճակը մտահոգության առարկա է, որի ուղղությամբ Թեհրանն աշխատում է բոլոր հարևանների ու կողմերի հետ»,– ասաց նա։

Նրա խոսքով, Թեհրանը չի միջամտում իր գործընկերների ներքին գործերին, քաղաքականությանը, սակայն ունի իր սկզբունքները, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել տարածաշրջանում առանց արտաքին դերակատարների մասնակցության։

«Իրանը նման դիրքորոշում ուներ նաև Հարավային Կովկասի վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ը դարձավ ակտիվ միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իսկ հիմա Հայաստանի տարածքում ԱՄՆ մասնակցությամբ ձևավորվելու է ճանապարհ, ամերիկյան ներկայությունն ամրապնդվելու է, այս հարցում Իրանն իր դիքրորոշումն ունի ու վստահաբար ներկայացնում է պաշտոնական շփումների ժամանակ, քանի որ խոսքն Իրանի հարևանության մասին է, ինչպես նաև մի երկրի, որը սպառնում է Իրանին»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ վերլուծաբանն ասաց, որ Իրանում այդ բանակցությունների ընթացքը զգուշությամբ են մեկնաբանում, հաշվի առնելով դիրքորոշումների բարդությունը։ Ըստ նրա, այդ բանակցությունների օրակարգում ևս Իրանն ունի կարմիր գծեր, որոնք պետք է հարգվեն, որն էլ այն է, որ Իրանը պահպանելու է ուրանի հարստացման մակարդակը, որը կբավարարի իր կարիքները: Մյուս կողմից՝ նրա խոսքով, Իրանը հայտարարել է, թե չի պատրաստվում ստեղծել միջուկային զենք։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը տեղի ունեցավ  Ժնևում փետրվարի 26-ին։ Ավելի վաղ կողմերը մեկ հանդիպում անցկացրել էին Օմանում, ևս մեկը՝ կրկին Ժնևում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։ Արաղչին X հարթակում գրառման մեջ նշել է․ «Միացյալ Նահանգների հետ մեր դիվանագիտական շփումներում հետագա առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվն էր։ Այն ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ, որ մենք կշարունակենք ավելի մանրամասնորեն ներգրավվել ցանկացած համաձայնագրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ներառյալ՝ պատժամիջոցների վերացումը և միջուկային ծրագրին վերաբերող քայլերը»։ Արաղչին հավելել է, որ քաղաքական ուղուն զուգահեռ՝ տեխնիկական թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն Վիեննայում։ Նրա խոսքով՝ այդ թիմերի առաքելությունը նույնքան կարևոր է, որքան քաղաքական թիմի խնդիրը։ Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Օմանին՝ միջնորդության, ինչպես նաև Շվեյցարիային՝ բանակցությունները հյուրընկալելու համար։

Տեսանյութեր

Լրահոս