3 ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՍՊԱՆԴ ԷՐ, ՄԻԼԻՑԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ՝ ՎԱՌՈՒՄ ԷԻՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ. ՄՈՌԱՆԱՆՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ՝ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ ԿԸՆԿՆԵՆՔ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Սումգայիթում հայերի կազմակերպված ջարդն ու կոտորածը, ինչպես և Բաքվում ու Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաբնակ շրջաններում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանական հանցագործություններ են։ ԴԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է։

Մնալով անպատիժ՝ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան (2004-2006), իրավապաշտպան և մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը՝ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ վերհիշելով 1988 թ. փետրվարին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները։

«Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է մի որոշում, որով բնութագրել է այդ ամբողջ շարքը որպես ցեղասպանություն, մասնավորապես խոսելով 1990 թվականի Բաքվի ջարդերի մասին՝ պահանջել են Կրեմլից, որ պատժվեն, ուշադրություն դարձրե՛ք, կազմակերպիչները և իրականացնողները, այսինքն՝ դրանով իսկ հստակեցրել են, որ որևէ միայն անմեղսունակ բացատրությունները Սումգայիթի վերաբերյալ, իսկ դա բնութագրվել է սովետական իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ որպես «խուլիգանական գործողություն», որ դա այդպես չէ, որ դա ցեղասպանություն է»,- պարզաբանեց իրավապաշտպանը։

Կարդացեք նաև

Լարիսա Ալավերդյանը ծնունդով Բաքվից է, սակայն ավելի վաղ է տեղափոխվել Երևան՝ դեռևս 1960-ական թվականներին, քան Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված և ջարդերից մազապուրծ եղած հարյուր-հազարավոր հայությունը։ Շեշտում է. «Քանի որ ես Բաքվում եմ ծնվել, դա իմ թեման է»։

Եղել է առաջին շարքերում, ովքեր ընդունել են բռնի տեղահանված, ջարդուփշուր եղած հայ փախստականներին, և խորը ցավով է հիշում այդ իրադարձությունները։ Լարիսա Ալավերդյանի ներկայացրած տվյալներով՝ Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան 500.000 հայ։ Իսկ որոշ փորձագետներ հաշվել են՝ 1965 թվականից ի վեր Ադրբեջանից դուրս է մղվել ավելի քան 700.000 հայ։

«Պետք է հստակեցնեմ՝ ամեն ինչն արդեն ուսումնասիրված է, ապացուցված է, ավելին՝ մենք ունենք այնպիսի վկաներ և այնպիսի փորձագետներ, մասնավորապես՝ Թոմաս դե Վաալ, Կրիվոպուսկով, նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազով»,- ընդգծում է Հայաստանի առաջին օմբուդսմենը՝ հիշելով «Սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը։

Ընդ որում, ինչպես նշում է զրուցակիցը՝ Սումգայիթ քաղաքը հիմնականում կառուցել են Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած հայերը։ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները խրախուսում էին Լեռնային Ղարաբաղի հայերի բնակեցումը Բաքվում, Սումգայիթում և ադրբեջանական այլ բնակավայրերում՝ Արցախը դատարկելու հեռահար նպատակներով։

«Պատկերացրեք հայերին՝ 1988 թվական: Սումգայիթում իրենք իրենց զգում են յուրային, որովհետև դա իրենց ձեռքով կառուցված քաղաք է։ 18.000 հայ է եղել 1988-ին Սումգայիթում, իսկ ընդհանուր բնակչության թիվը՝ 180.000։ Այսինքն, կարևոր էր սկզբից մասնակի հայաթափել Արցախը և ահա այդպես բերել այստեղ…  Դեմոգրաֆիական քաղաքականությունը, որը վարում էին Սովետական Ադրբեջանի ղեկավարները, նախանձելի է։ Նրանք միշտ ունեցել են ռազմավարություն։ Այդ մասին, ի դեպ, գլուխ էր գովում Հեյդար Ալիևը։ Ասում էր. «Ես այնպիսի քաղաքականություն եմ վարել, որ Լեռնային Ղարաբաղում միշտ հայերի թիվը քչանա, ադրբեջանցիների թիվը՝ շատանա»»,- պատմում է Լարիսա Ալավերդյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը ավելի հետ է գնում՝ մինչև 1918 թվական, և ընդգծում՝ Ադրբեջանը թուրքերն են հիմնել, Ադրբեջանն առաջին թուրքական պետությունն է, որը ստեղծվել է Օսմանյան կայսրության տարածքից դուրս։

«Օրը ցերեկով՝ 3 օր ու գիշեր տեղի է ունեցել սպանդ։ Բոլորը տեսել են։ Յազովն ասել է՝ մեր կուրսանտներն ուշագնաց էին լինում, երբ տեսնում էին, թե ինչպես են կանանց կրծքերը կտրում, ինչպես էին նրանց խոշտանգում, ինչպես էին ողջակիզում… Կադրեր կան, որտեղ «ԿԳԲ» կոչվածի մեքենան է, մեքենայում նստած են ադրբեջանցիներ, խոսում են իրար հետ ադրբեջաներեն, հետևում են… Անջատել են միանգամից հեռախոսները, հետո՝ լույսերը, հետո՝ երեք օր, ո՛չ շտապօգնություն, ո՛չ ոստիկանություն… Միլիցիան կանգնած էր, երբ վառում էին Մելքումյան եղբայրներին»,- պատմում է Լարիսա Ալավերդյանը Սումգայիթի ջարդերի մասին։

Անդրադառնալով Սումգայիթի կոտորածից ընդամենը օրեր առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) 20-րդ գումարման Մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի պատմական որոշմանը՝ դիմելու Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու խնդրանքով, Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ ոչ թե Սումգայիթը տեղի է ունեցել, որովհետև ԼՂԻՄ որոշումն է ընդունվել, այլ որոշումն ընդունվել է, որովհետև «լուռումունջ Սումգայիթներ» են տեղի ունեցել, և արցախահայությունը հասկացել է, որ իրեն սպառնում է Նախիջևանի հայության ճակատագիրը։

«Հիմա էլ մենք պետք է ապացուցենք, հիմա էլ են պահանջվում ապացույցներ, որ Ադրբեջանի քաղաքականությունը՝ լինի Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության, լինի Խորհրդային Ադրբեջանի, թե այսօրվա Ադրբեջանական Հանրապետության, նույնն է եղել՝ ցեղասպանական քաղաքականություն։ Ինչո՞ւ՝ այդ նպատակով է ստեղծվել Ադրբեջանը Թուրքիայի կողմից։ Ե՞րբ է ստեղծվել՝ երբ Օսմանյան Թուրքիան իրականացնում էր ցեղասպանություն իրեն հասու տարածքներում։ Ադրբեջանը դրա համար է ստեղծվել Թուրքիայի կողմից։ Դա առաջին թուրքական պետությունն է, որը ստեղծվել է Օսմանյան կայսրությունից դուրս տարածքների վրա»,- ընդգծում է Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանը հարց ուղղեց Հայաստանի այսօրվա իշխանություններին՝ ինչո՞ւ անկախ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերված բոլոր այդ ապացույցների ու փաստերի հիման վրա դատական հայցեր չի ներկայացնում Ադրբեջանի դեմ։

«Ես այդ հարցը տալիս եմ նաև այսօրվա իշխանությանը՝ ինչո՞ւ։ Ճիշտ ժամանակն է, որովհետև երկու օր առաջ մեր պետական հեռուստաալիքը՝ Հ1-ը (Հանրային հեռուստաընկերությունը), ցույց է տվել, թե ինչպես է Իլհամ Ալիևը բացում «Խոջալու» կոչվածի հուշահամալիրը։ Գիտեք, ցինիզմը ևս անսահման է։ Խոջալուն Ադրբեջանի կողմից կազմակերպված հերթական հանցագործությունն է՝ ոչ միայն, որ մեղքը դնեն հայերի վրա, այլև թուրք մեսխեթցիների»,- հայտարարեց իրավապաշտպանը։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ օրվա իշխանությունը լինի, թե վաղվանը՝ մինչև Ադրբեջանի այդ բոլոր հանցագործությունները, ներառյալ՝ Խոջալուն, դատական գործընթացի բնույթ չստանա, թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի ցեղասպանական ախորժակը չի փակվելու։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանն ունի Հայաստանը երկու փուլով գրավելու ծրագիր.

«Հիբրիդային ցեղասպանությունը շարունակում է Ադրբեջանի կողմից իրականացվել հենց այդ ձևով. չէ՞ որ Իլհամ Ալիևն ասաց. «Մենք գալու ենք Հայաստան, բայց գալու ենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»»:

Ըստ նրա՝ Հայաստանը տանուլ է տալիս բոլոր դաշտերում՝ և՛ դիվանագիտական, և՛ տեղեկատվական, և՛ հասարակական, և՛ իրավական ու իրավաբանական։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ։

«Սիրելինե՛րս, ցեղասպանության հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ։ Մինչև այդ հանցագործության կազմակերպիչները, ղեկավարներն ու իրականացնողները, մինչև Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, որը ժխտում է այս ամենը, իսկ ժխտողականությունը ևս հանցագործություն է, չպատժվի, մինչև Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջապես չսկսեն այդ գործընթացին իրավական և իրավաբանական բնույթ տալը, ցեղասպանության վտանգը կախված է հայերի գլխին։ Ես դա ասում եմ, որովհետև առաջինը չեմ, դա իմ գյուտը չէ, և այս առումով կան բոլոր ապացույցները։ Կոչ եմ անում քաղաքական, հասարակական բոլոր ուժերին, առանձին մարդկանց՝ եթե մենք մոռանում ենք անմեղ զոհերի հիշատակը, դա պատժելի է, անեծքի տակ ենք ընկնում։ Էլ ինչպե՞ս բացատրեմ։

Ես համոզված եմ՝ եթե դա չանի Հայաստանը, Ադրբեջանը և՛ Սումգայիթ, և՛ Բաքու, և՛ Գանձակ, և՛ Մարաղա՝ մեղադրանքը դնելու է հայերի վրա  և մինչև անգամ պահանջելու է ինչ-որ պատիժ և փոխհատուցում։ Այսքանը ունենալով և Հայաստանի կողմից դատի չտալով, որովհետև Խոջալուի դեպքերի համար հայերին մեղադրելը հերյուրանք է, և ինչպես տեսնում ենք՝ հայտարարել են, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի մաս, ի՞նչ գիտեք, որ չեն ասելու, որ «Խոջալուն հայերի գործն է»։ Հստակ ապացուցված է՝ այդպիսի սադրանք է, օրն էլ պատահական չեն ընտրել՝ 26 փետրվարի, 1992 թվականի, որ իրենց շինծու մեղադրանքներով ամբողջովին փակեն Սումգայիթի ջարդերը։ Ադրբեջանի Ազգային ճակատը չի էլ թաքցրել դա, խոստովանությունները լեփ-լեցուն կան, որ Մութալիբովին ուզում էին հանել, քանի որ համարում էին նրան Մոսկվայի դրածո՝ այդ պարանոիկ Էլչիբեյին իշխանության բերելու համար։ Այո՛, դա կազմակերպված էր»։

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանն իրավական հիմնավորված փաթեթով պետք է դիմի միջազգային դատարաններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին՝ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելու համար։

«Այսօր ի՞նչ է տեղի ունենում Արցախում՝ ոչնչացվում են հայկական հետքերը։ Դա շարունակությունն է միջազգային իրավունքի դեմ հանցագործությունների։ Այսօր էլ Ադրբեջանը, մնալով անպատիժ, շարունակում է ցեղասպանությունը։ Երկրորդ, ունենալով պահանջներ Հայաստանի հանդեպ, դնելով ամբողջ մեղքը Հայաստանի վրա, մեղադրելով «օկուպացիայի» և այլնի մեջ՝ այդ բոլորը հանցագործություններ են միջազգային իրավունքի դեմ, ու դրանք մինչև չպատժվեն, ավելի ու ավելի սաստիկ ձևեր են ընդունելու։ Մենք պետք է ունենանք իրավաբանական հիմնավորված փաթեթ, որով պետք է դիմել մի քանի դատարանների»։

«Ռեվյու»-ի հարցին՝ ինչպե՞ս կպատասխանեիք Ալիևին, որն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը համեմատում է նացիստական հանցագործների հետ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ալիևը վերին աստիճանի ցածր ինտելեկտի կրող մարդ է։ Ես ուղղակի ճանաչում եմ նրան։ Դուք անընդհատ Ադրբեջան եք ասում՝ մոռանալով Թուրքիան։ Մենք գործ ունենք մի անձի հետ, որը գործիք է Թուրքիայի ձեռքին»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս