ԷԴ ՓՈՂՆ Ի՞ՆՉ ԵՔ ԱՐԵԼ, ԷԴ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ, ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՁԵԶ ՈՐՏԵՂԻ՞Ց, ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ԱՂՔԱՏԱՑՐԵԼ ԵՔ. ՍՐԱ ՎԵՐՋԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ. ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Անկեղծ ասած՝ այն պահից, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարկերի մասին մի նախադասության մեջ 3 սխալ արեց, ես էլ չեմ ցանկանում անդրադառնալ սույն պերսոնաժին: Նկատենք միայն, որ նա ՔՊ-ի ցուցակի առաջին եռյակում է:
  • Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում կենսաթոշակները ոչ միայն չեն աճել, այլև գնողունակության տեսանկյունից նույնիսկ նվազել են: Շատ լուրջ գնաճ է արձանագրվել դեղորայքի, սննդամթերքի, գույքահարկի գնացուցակում, ինչն անմիջականորեն հարվածում է թոշակառուներին: Նա մեր թոշակառուներին առաջարկում է իր փոխարեն գնալ, ապրել Ենոքավանում, որ ինքը ապրի կառավարական ամառանոցում: Փաշինյանը դա անում էր, որովհետև վստահ էր, որ ինչ էլ լինի, թոշակառուներն իր օգտին են քվեարկելու, բայց մենք կոտրեցինք այդ կարծրատիպը:
  • Մենք հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը՝ փրփուրը բերաններին, հակադարձում էին մեզ, երբ ասում էինք՝ կենսաթոշակները հնարավոր է բարձրացնել: Արսեն Թորոսյանը մեզ ուղիղ պոպուլիստ անվանեց, ասաց՝ հնարավոր չէ բարձրացնել թոշակները: Եկել եք արդարության լոզունգներով ու կես միլիոն մարդու մատնել եք աղքատության:
  • Տրամաբանական է, չէ՞, որ, եթե, ինչպես դուք եք ասում, ՔՊ-ականներ, պետական բյուջեն կրկնապատկվել է, ուրեմն կենսաթոշակներն էլ պետք է կրկնապատկվեն: Բա ինչի՞ չեք կրկնապատկել:
  • Հայաստանի ամբողջ տարածքով մեկ ստորագրահավաք ենք անցկացնում, տասնյակ-հազարավոր մարդիկ արդեն ստորագրել են. պետությունը պետք է երաշխավորի բարեկեցիկ ծերություն:
  • Եթե Ադրբեջանում ու Վրաստանում, ըստ ցուցանիշների, բնակչության կենսամակարդակը նույնն է, բա ինչի՞ է Հայաստանում կենսաթոշակն այդ երկրներից կրկնակի ցածր: Մենք դռնեդուռ ենք գնում, մարդիկ ստորագրում են, միանում են այդ պահանջին: Մարդիկ հասկանում են՝ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, հողը ոտքերի տակից փախչում է ու ընտրազանգված են կորցնելու: Դրա համար գնացին այս քայլին ու հայտարարեցին թոշակների բարձրացման մասին: Փաշինյանն արձանագրեց իր պարտությունը, բայց պետք է շարունակենք պայքարը նրանց դեմ, մինչև ամբողջական իշխանազրկում:
  • Այսօր պետական պարտքի սպասարկման վրա ավելի շատ գումար են ծախսում, քան մեր բոլոր թոշակառուներին միասին վերցրած՝ թոշակ են տալիս: Երբ սրանք եկել են իշխանության, յուրաքանչյուրիս պարտքը եղել է 2500 դոլար, հիմա 5000 դոլար և ավելին է: Մեր պարտքային սպասարկումը եռապատկվել է:
  • Մեր պետական պարտքն ամեն օր է աճում: Փաշինյանը ստո՛ւմ է՝ ասելով, թե իբր պարտք է վերցրել, որ զենք գնի: Այդ ընթացքում սպառազինությունների գնումը կազմել է 2 միլիարդ դոլար: Սա բաց աղբյուր է, բոլորը կարող են տեսնել, նա սո՛ւտ է ասում: Պարտք են վերցրել պարտք փակելու համար:
  • 8 տարիների ընթացքում իրավապահ 5, նախկինում 3 մարմինների վրա ծախսը եռապատկվել է: Այդ մարմինները զբաղված են բոլորիս գաղտնալսելով, Սամվել Կարապետյանի հետ կապված 50 քննիչների մասնակցությամբ կեղծ քրեական գործ թխելով, եպիսկոպոսների մասին կեղծ տեղեկանքներ տալով, գործեր կարելով… Եվ ամենասարսափելին այն է, որ այդ գումարը մենք բոլորս ենք վճարում: Այդ 5 իրավապահ մարմինները միասին անցյալ տարի ստացել են 95 միլիարդ դրամ: Դրան զուգահեռ՝ հանցագործությունները միայն աճել են, չեն նվազել, մարդիկ փողոցում իրար են սպանում… Այսինքն՝ դու 3 անգամ ավելի ծախսես իրավապահ մարմինների վրա, բայց հանցագործության աճի մակարդակդ սա լինի՞: Դա նորմա՞լ է:

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ հատուցման պահը մոտենում է, որովհետև այս կարգի ապօրինություն երբեք չի եղել:
  • Փաշինյանի գործունեությունը բերել է բանկային տոկոսադրույքների աճին, որովհետև պետական պարտքի աճը տեղի է ունեցել ոչ միայն արտաքին վարկավորման, այլև ներսում ներքին պարտքի աճի հաշվին: Այո՛, իրականում Փաշինյանը Հայաստանում փողը թանկացրել է:
  • Հայտնի է, չէ՞, որ 1000-ից ավելի մարդ պարգևավճար է ստացել: Պետք է պահանջել պարգևավճար ստացողների ցանկը ու համեմատել «Իմ քայլը» կամ ՔՊ-ի հիմնադրամի նվիրատուների հետ, ու հավանաբար կտեսնեք, որ այդ մարդկանց անունները զուգադիպում են: Այսինքն՝ իմ և Ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում է ՔՊ-ի հիմնադրամը:
  • «Իմ քայլը» ու նման այլ հիմնադրամներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնաճյուղ են: Սա պետք է ավտոմատ բերի նրան, որ այդ հիմնադրամների նկատմամբ հաշվետվողական պահանջները խստացվեն: Չի բացառվում, որ այդ գումարները փոխանցվում են զուտ որպես կոռուպցիոն վճար ինչ-որ արտոնության դիմաց՝ տենդեր կամ նման բան: Մեր օրենքը բաց ունի, և այդ բացը պետք է փակվի, որովհետև դա քաղաքական կոռուպցիայի բույն է:
  • Շատ կարևոր բացահայտումներ տեղի կունենան, երբ մենք նորմալ իշխանություն ունենանք: Օրինակ՝ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար տիկին Գրիգորյանին կհրավիրենք ու կհարցնենք՝ էդ փողն ի՞նչ եք արել, ո՞ւմ եք հետախուզել, ինչի՞ վրա եք ծախսել:
  • Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով միջին դիրքում էր, և հիմա ոչ միայն այդ դիրքը չի պահվում, այլև հետնահանջ է գրանցվում: Եթե իշխանությունն անվերահսկելի է դառնում, բոլոր մարմինները ղեկավարվում են մի տեղից մի sms-ով, վաղ թե ուշ կոռուպցիան սկսում է  խեղդել:
  • Յուրաքանչյուրի հետևից, որը Փաշինյանի իշխանության օրոք հարստացել է, պետք է գնալ ու հարցնել՝ որտեղի՞ց քեզ այս միջոցները, այս առանձնատունը, ինչո՞ւ են մեկ անձից գնումը հենց քեզ տվել, ինչո՞ւ է աղից քայքայվում ասֆալտը, օրինակ, որովհետև տեխնոլոգիան չեք պահպանել, որովհետև փողը կերել եք: Երկրում, այո՛, կա համակարգային կոռուպցիա: Փաշինյանը քաղցկեղի պես վարակել է երկիրը: Եթե վերարտադրվի, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, կոռուպցիան շարունակելու է ծաղկել:
  • Փաշինյանի ընտանիքն օգտագործում է ողջ պետական, իրավապահ համակարգը, որ անձնական վենդետա ծավալի Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Անգամ խորհրդային պետության ժամանակ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել: Սրա վերջը պետք է տրվի, իշխանության բացարձակ զավթում է, բոլոր պետական պաշտոնները զավթված են մի անձի կողմից: Հիմա մենք ունենք պետական համակարգ, որում բոլոր որոշումներն ընդունում է մի մարդ, ով թերուս է, Օքսֆորդ չի ավարտել, կրթություն չունի, ու մենք բոլորս նրա գերին ենք:

  • Փաշինյանը կտրվել է իրականությունից ու դարձել է բռնապետ: Սրա մասին ևս մեկ անգամ վկայում է Եկեղեցուն աջակցության նամակ հղած սփյուռքահայ մեծահարուսների վերաբերյալ նրա սպառնալիքը, երբ վերջիններս Վեհափառին պաշտպանելու հայտարարությամբ հանդես եկան: Բայց Փաշինյանը հայտնվել է փակուղու մեջ, որից ինքը ելք չունի: Նա ինքնամեկուսացման մեջ է, իր շուրջ օղակն է ձգում վախից: Եկեք թողնենք, թող ձգի: Մեր հայրենիքի, Արցախի, մեր արժանապատվության այս գողը փորձում է բոլորին գող կարգել: Բայց տեսե՛ք՝ իրենց կուսակցության ներսում էլ է քայքայում սկսվել, որովհետև անգամ իրենց կուսակցության մեջ հասկանում են, որ Եկեղեցու դեմ արշավի այս բումերանգը հետ է վերադառնալու ու շատ ցավոտ է խփելու: Բոլորն են հասկանում՝ սա քրիստոնեության դեմ արշավ է: Չի բացառվում՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը, ով խորը հավատացյալ է, նրան ասած լինի՝ համը մի՛ հանիր: Ի վերջո, գուցե զուգադիպություն էր, բայց դրանից հետո փոխվեցին որոշ հոգևորականների խափանման միջոցները: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ են նաև ձայն բարձրացրել: 
  • Մեզ համար երբեք կասկած չի հարուցել, որ եկեղեցու դեմ արշավի հիմնական շահառուն ու պատվիրատուն Թուրքիան է, ով եկեղեցին քանդելու իր ծրագիրը փորձում է իրականացնել Փաշինյանի միջոցով: Թուրքիան տեսավ, որ այն ոսկորը, որը մնացել է իր կոկորդում, պինդ է խրվել, Փաշինյանը չի կարողանում հարցը լուծել: Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերադարձավ կանոնական հուն, ու ես ենթադրում եմ՝ նա վերջինը չէ, ով կվերադառնա կանոնական հուն: Այո՛, եկեղեցին ունի բարեփոխման կարիք, պետք է կարողանան կարևոր հետևություններ անել ու այս փորձության միջից դուրս գալ ավելի ուժեղացած: Ինչպես նա դա կանի, եկեղեցու գործն է: Մեր խնդիրը եկեղեցուն աջակցելն է:
  • Մեր եկեղեցին ցանցային կառույց է: Թուրքիայում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքը որոշակիորեն կրում է թուրքական պետության ազդեցությունը: Սա անքննարկելի է, և դրանով է պայմանավորված Թուրքիայից Սահակ պատրիարքի հնչեցրած հայտարարությունը: Մեր եկեղեցին շատ լուրջ կառույց է, այս ընթացքում ցույց է տվել իր ինստիտուցիոնալ խորությունը, հավասարակշռությունը: Հիմա էլ նույնը կանի:
  • Դրսից ընտրությունների վրա տղա բերելու՝ Փաշինյանի մոտեցումը չնչին ազդեցություն է ունենալու: Մի իշխանություն, որը պարտությունները հաղթանակ կամ ձեռքբերում է փորձում ներկայացնել, որն իր խոսքը անընդհատ փոխում է, որն իր գործողությունները պայմանավորում է վախով, չի կարող դրա վրա հույս դնել: Մարդիկ հոգնել են, փոփոխություն են ուզում: 
  • Ես տեսնում եմ՝ ինչպես է ՔՊ-ն մի գիշերվա մեջ օրենք փոխում, որ արգելափակեն դիտորդական առաքելությունների գործունեությունը: Չեմ բացառում, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընտրապայքարից հանեն ընդդիմադիր ուժերի. Ես ոչինչ չեմ բացառում, բայց եթե հնարավորություն կա ընտրություններով իշխանություն փոխել, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու միայնակ իշխանություն ձևավորել, որովհետև 20% աջակցություն ունեցող ուժը չի կարող հաղթել:

  • Յուրաքանչյուր նախանձախնդիր քաղաքացի պետք է գնա, տեսնի՝ իր հասցեում այլ անձինք կա՞ն գրանցված, թե՞ չէ, ու եթե կան, Վարչական դատարան դիմելով՝ պահանջել հանել: Պետք է փակել ընտրակեղծիքների ճանապարհը:
  • Մարդիկ չպետք է տրվեն պարտադրանքին ու հավերժ դառնան ՔՊ-ի ստրուկը: Ինչքան ավելի փոքր ու աղքատ է բնակավայրը, այնքան վախի մթնոլորտն ուժեղ է:
  • Ընտրությունների պետք է գնալ մի քանի մեծ գաղափարական քաղաքական բլոկներով, կարողանալ վստահ հաղթահարել ընտրական շեմը ու դրանից հետո կարողանալ ձևավորել իշխանություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս