ԱՄՆ-Ը ԹՔԱԾ ՈՒՆԻ՝ ԻՆՉ ՉԱՓԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՄԵՆՔ ՄԵՐ ԴԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԱՑԵՆՔ… ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ ՋԱՐԴՈՒՄ ԵՆ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն օրերս հանդիպել են Անկարայում՝ վերահաստատելով Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայունությանը նպաստելու գործում։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության՝ կողմերը խոստովանել են, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և տրանսպորտային հասանելիության հարցերում, համագործակցության ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Նրանք ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը՝ տրանսպորտային հասանելիության ոլորտում տարածաշրջանային օրակարգ ձևավորելու համար, որն ընդգրկում է էներգետիկան, տրանսպորտը, թվայնացումն ու առևտուրը՝ նպատակ ունենալով խթանել կայունությունը, դիմակայունությունը և շարունակական աճը Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Եվ, ամենակարևորը, այս համատեքստում երկու կողմերն էլ ընդգծել են Թուրքիայի՝ որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը։
Տարածաշրջանում կենտրոնական դերակատար է նշանակվում Թուրքիան. Փաշինյանի և նրա խմբակի ասած Արևմուտքը, փաստորեն, Թուրքիան է:
Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Իրականում ամեն ինչ շատ հստակ է. ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված վակուումը Թուրքիային դարձրեց տարածաշրջանային կարևոր սուբյեկտ: Ձևավորվում է մի համակարգ, որտեղ Թուրքիան առանցքային դեր ունի, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները երկու սուբյեկտների հարաբերություններ են, իսկ Հայաստանն օբյեկտի կարգավիճակում է: Հայաստանը դարձել է մի ամբողջ նոր ճարտարապետության սպասարկող, պրոքսի պատերազմի գործիք:
- Երբ Թրամփն իր սոցիալական ցանցում ազդարարում էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան և Բաքու այցի մասին, նույնիսկ այդ կարճ տեքստի մեջ նշում էր, որ Վենսի հիմնական անելիքը Բաքվում է: Այնտեղ զենքի առևտրի հետ կապված հարցեր են քննարկվելու, իսկ Հայաստանում մոդուլային ատոմակայանների հարց են քննարկելու, ըստ էության, չփորձարկված մի բան: Հայաստանում քննարկվելիք հարցերը տարածաշրջանային որևէ ազդեցություն չեն ունենալու: Նույն հորթային հրճվանքն էր Հայաստանում, երբ Փելոսին պետք է այցելեր Հայաստան, և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգային որևէ երաշխիք չի տվել ու չի էլ տալու:
Հիշեցնենք. Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք միջուկային համագործակցության մասին խաղաղության համաձայնագիր, պայմանագրեր կկնքենք կիսահաղորդիչների մեր արտադրողների հետ, Ադրբեջանին կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և մոտորանավակները և շատ ավելին»,- գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
- Ես սովորություն չունեմ ո՛չ ռուսական ցարին, ո՛չ ամերիկյան առաջնորդներին նամակ գրել, որովհետև իմ ներսում պետական գիտակցությունը շատ խորն է արմատավորված:
- Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, նաև ԱՄԷ-ում «Զայեդ» մրցանակը ստանալիս ասաց՝ հայ-ադրբեջանական հակամարտության էջը փակված է: Նման պարագայում ամերիկյան կողմը միակողմանի ճնշում չի գործադրելու Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին վերադարձնելու հարցով: Եթե նման բան լինի էլ, դա լինելու է գործարքային համաձայնություն: Ալիևը, հնարավոր է՝ 4 ռազմագերի տա՝ պայմանով, որ Հայաստանից ինչ-որ նոր զիջում կստանա:
- Ռուսաստանից նեղանալու պատճառ մենք չունենք. ամեն երկիր իր շահերից ելնելով է քաղաքականություն վարում, բայց որ պրոքսի պատերազմի գործիք դառնալը կործանարար հետևանքներ է ունենալու մեզ համար, անկասկած է: Մի անգամ գնացին արկածախնդրության՝ դուրս եկան Նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակից, ու կորցրեցինք Արցախը, երկրորդ արկածախնդրության համար կոնին դրված է Հայաստանը: Ու մի բան հիշեցնեմ՝ մենք ԱՄՆ-ի համար այնքան կարևոր չէինք, որքան Սիրիայի քրդերը: Տեսե՛ք՝ ինչպես նրանց զոհաբերեցին թուրքերին:

- Աշխարհում որևէ մեկը մեղավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը քարտեզին նայելու ունակություն չունի ու տարվել է քաղաքական երազախաբությամբ: Այս ռեգիոնը դարեր շարունակ եղել է ռուս-թուրքական ազդեցության գոտում, ու մենք Եվրոպա գնալու ոչ մի հնարավորություն չունեինք: Երբ Վահագն Խաչատուրյանը բառի բուն իմաստով Դավոսում քծնում էր Ալիևին, դա շատ նման էր նրան, որ ԽՍՀՄ տարիներին խորհրդային Հանրապետությունների ղեկավարները քծնում էին գենսեկին: Վահագն Խաչատուրյանի հետ կապված այդ դրվագը ցցուն վկայությունն էր նրա, որ գենսեկի դերում հիմա Ալիևն է: Հենց սա է ադրբեջանական ենթապետության վերածվելու վտանգը, որի մասին մենք անդադար խոսում ենք: Այո՛, մենք ԵՄ անդամ դառնալու որևէ շանս ու հեռանկար չունենք: Բանալին Թուրքիան է. եթե ԵՄ անդամ դառնաս էլ, Թուրքիան պետք է թույլ տա նախ, ու ԵՄ անդամ Թուրքիայի հետ միասին պետք է դառնաս, որին տարիներ շարունակ մերժում էին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը գործելու համար:
- Ռուսները շատ համոզված չեն, որ TRIPP-ը կենսագործվելու է նույն պատճառով, ինչ պատճառով որ չաշխատեց Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Հիշում եք՝ Արևմուտքը խանգարեց Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացմանը: Բացի դրանից, իմ տպավորությամբ՝ «Մենք էլ ենք ուզում մասնակցել TRIPP-ին» ռուսական մեսիջն ուղղված չէր ո՛չ Բաքվին, ո՛չ Երևանին, այլ ուղղված էր հենց Վաշինգտոնին: Ռուսներն էլ են հասկացել՝ Երևանի հետ խոսելու իմաստ չկա, ինչպես ՀՀ իշխանություններին այլևս չի զանգում Իրանի ԱԳ նախարարը, ով տարածաշրջանում բոլորին է զանգում, այդ թվում՝ Ալիևին, բայց ոչ Փաշինյանին, որովհետև վարչաբենդի մակարդակի ղեկավարին զանգելու իմաստ չեն տեսնում:
- Չես կարող ունենալ ԵԱՏՄ երկրի կարգավիճակ և սահմանից մի քանի կմ այն կողմ ունենալ ռուսական զորքեր ու բերել Ռուսաստանին թշնամի երկրի զորքեր տեղակայել քեզ մոտ: Դրա համար են ռուսները վերջին օրերին փոխվարչապետ Օվերչուկի, ԱԳՆ-ի մակարդակով անընդհատ զգուշացնում մեզ: Չի լինելու համատեղում. կա՛մ աշխարհաքաղաքական շահերի բախում է լինելու, կա՛մ գերտերությունները կոնսենսուսի են գալու:
- Մենք չգիտենք՝ Ռուսաստանի տակտիկական նահանջը որքան կտևի, և վերադարձի պահին Հայաստանի աշխարհագրական կոորդինատներն ինչպիսին կլինեն: Ճակատագիրն ամեն անգամ չի կարող բարեհաճ գտնվել մեզ համար: Այս անգամ հնարավոր է՝ նրանց վերադարձը համընկնի մի փուլի հետ, որի ժամանակ մեր որոշ կորուստներ անդառնալի կլինեն: Ռուսաստանն այս կամ այն դեպքում նախ դուրս չի եկել դեռ, բայց եթե անգամ որոշի դուրս գալ, վերադառնալու է, մենք մեր դարդը պետք է լացենք:
- Ես չեմ զարմանա, եթե ԱԺ հունիսի 7-ի ընտրություններից առաջ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի համար հուսադրող չլինի, և նա հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:
- Ամերիկացի հայտնի վերլուծաբան Փոլ Գոբլն իր վերջին հարցազրույցում ասում է՝ Ադրբեջանը թույլ է տալիս, որ Հայաստան հացահատիկ գա, այսինքն՝ Հայաստանին Ադրբեջանն իր հովանին է առաջարկում ԱՄՆ-ի փոխարեն:
- Հայաստանի անվտանգության ամենակարևոր բաղադրիչը ռուսական ռազմական ներկայությունն է Հայաստանում: Դրա բացակայությունը կատաստրոֆիկ է լինելու մեզ համար: Դու դադարելու ես անվտանգային մինիմալ երաշխիքներ ունենալուց ու ամբողջովին տրվելու ես Ադրբեջանի և Թուրքիայի ողորմածությանը:
Հիշեցնենք. Փոլ Գոբլն օրերս տված հարցազրույցում ասել է.
«Չեմ կարծում, թե անհնար է երևակայել, որ մինչև այս ամառ համաձայնագիր կլինի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին: Կարծում եմ՝ դա մի բան է, որի վրա կարելի է աշխատել: Կարծում եմ՝ Ադրբեջանը խելացի է և աշխատում է ամերիկացիների հետ այս հարցի շուրջ: Մենք կարող ենք տեսնել ծրագիր Գյումրիի բազայի չափերի կրճատման և նույնիսկ ամբողջությամբ փակելու մասին: Դա մեծ, շատ մեծ հետքայլ կլինի Ռուսաստանի կողմից»:

- Նիկոլ Փաշինյանը գնում է ավելի թույլ բանակ ունենալու կոնցեպտին: Պատահական չեն Հայաստանի պաշտպանական բյուջեի ու զորակոչային ժամկետի կրճատումները: Եթե դու ընդունում ես ադրբեջանական ենթապետություն լինելու հեռանկարը, դու քո ազգային պետական բոլոր ինստիտուտները պետք թուլացնես, ոչնչացնես: Փաշինյանը դա է անում՝ Ալիևի պահանջով: Տեղի է ունենում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա: Այն, ինչ Ռուսաստանը լիարժեքորեն չկարողացավ իրականացնել Ուկրաինայում, Ադրբեջանը լիարժեքորեն հիմա իրականացնում է Հայաստանում:
- Ես չգիտեմ՝ Սյունիքին ինչ ճակատագիր կսպասվի, բայց որ TRIPP-ով մենք մեր իրավազորության ու ինքնիշխանության զգալի մասը զիջում ենք, փաստ է: Փաստ է նաև, որ դու դառնում ես աշխարհաքաղաքական բախման կենտրոն:
- Ես չեմ կարծում, որ Փոլ Գոբլի ու միջազգային այլ վերլուծաբանների փաստարկները խախտելու են Նիկոլ Փաշինյանի տգիտության կուսությունը: Եթե պետության ողնաշարը ջարդում ես, ոտքի ու ձեռքի շաժունակության կորուստը ժամանակի ու հետևանքի խնդիր է:
- Ես ուզում եմ ՝ մեր քաղաքացիներն իմանան՝ ռուսական անկատար անվտանգային համակարգի այլընտրանքն ադրբեջանական ենթապետություն դառնալն է: ԱՄՆ-ը մեծ հաշվով թքած ունի՝ ինչ չափեր կունենա Հայաստանը, կամ Ադրբեջանն ինչքան գոհ կլինի: Իրենք խնդիր ունեն Թուրքիայի ազդեցությունն օգտագործելով՝ տարածաշրջանից հանել Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի ազդեցությունը և Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոները հասցնել Եվրոպա: TRIPP-ը Հայաստանի մասին չէ, անգամ Հարավային Կովկասի մասին չէ: Եթե Նիկոլ Փաշինյանը երկիրն արևմտյան մանրադրամ է դարձրել, ո՞վ է մեղավոր:
- Իրանի շուրջ զարգացումների 3 սցենար է հնարավոր: ԱՄՆ-ը ճնշումով բանակցություններ է թելադրում Իրանին, և Իրանը հրաժարվում է իր միջուկային ծրագրերից: Իրանին թիրախային հարվածներ են հասցվում, ու այդ կերպ է ԱՄՆ-ը հասնում իր նպատակներին, թեև այս սցենարը ես քիչ հավանական եմ համարում: Եվ երրորդ՝ մեծամասշտաբ պատերազմ, որում Իրանը կարող է Հորմուզի նեղուցը փակել, որից հետո ԱՄՆ-ը կարող է ցամաքային ներխուժում իրականացնել: Այդ դեպքում մենք առհասարակ կկանգնենք հումանիտար աղետի շեմին:
- ՌԴ-ն ու ԻԻՀ-ն մեր պետականության գոյությամբ հետաքրքրված են, քանի դեռ մենք ունենք Սյունիք: Ո՛չ Բաքվում, ո՛չ Անկարայում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանն իդեալական վասալ է ու կանի այն ամենը, ինչ իրենից կպահանջվի:

- Բաքվի բանտերից լավագույն դեպքում բաց են թողնելու մեր հարգարժան այն հայրենակիցներին, ովքեր դատապարտված են, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն, սակայն, կրկնում եմ, դա լինելու է գործարքի հետևանք, և ինչ-որ բան կրկին որպես զիջում պահանջելու են: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, գոնե մինչև ընտրություններ, ես բացառում եմ:
- Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է: Մինչև սահմանադրական կարգը չվերականգնվի, մինչև Հայաստանի զգալի տարածքների դեօկուպացիա տեղի չունենա, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև տեսանելի իրական խաղաղություն չլինի, սահմանադրական ռեֆորմների մասին խոսելը ժամանակավրեպ է: Այս գործող Սահմանադրությունը ոչ մի օր չի աշխատել, և չի կարելի ասել, թե Նիկոլ Փաշինյան հրեշի իշխանության գալը գործող Սահմանադրության հետևանքն է: Եթե որևէ քաղաքական ուժ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին այս պահին, առնվազն մաքրում է Նիկոլ Փաշինյանի դեմքը, որովհետև ստացվում է՝ որ, եթե Սահմանադրությունը լավը լիներ, Նիկոլ Փաշինյանը լավ էլ կկառավարեր:
Մանրամասները՝ տեսանյութում։


