Այվազովսկու «Լուսնյակ գիշեր Ղրիմում» կտավն աճուրդի կհանվի 60 միլիոն ռուբլով
Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի, Հովհաննես Այվազովսկու, Վիկտոր Վասնեցովի և 18-20-րդ դարերի այլ վարպետների աշխատանքները մարտի 1-ին Մոսկվայում կհանվեն աճուրդի՝ 1 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աճուրդի տան մամուլի ծառայությունից:
Ամենաթանկ լոտը Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարն է, որը գնահատված է 60 միլիոն ռուբլի:
«Այս անգամ աճուրդը կզարմացնի լոտերի իսկապես բացառիկ ծագմամբ. կատալոգում ներառված են ստեղծագործություններ մասնավոր հավաքածուներից, որոնք ավելի վաղ մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի մակարդակով ցուցահանդեսներին, ինչպես նաև գործեր այնպիսի անհատների հավաքածուներից, որոնց անուններն անբաժանելի են Ռուսաստանի պատմությունից…. Մասնագետները հավաքածուի մարգարիտն են համարում Հովհաննես Այվազովսկու 1861 թվականի «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարը: Վարպետի կողմից ստորագրված այս ավելի քան կես մետր չափով կտավի նախնական գնահատումը կազմում է 60 միլիոն ռուբլի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի աճուրդի տան մասնագետները հազվագյուտ են համարում լոտերում ներկայացված Հովհաննես Այվազովսկու «Վլադիմիր շոգենավ ֆրեգատ» գծանկարը (1852)։ Նկարիչն այդ նավով ճանապարհորդել է Նիկոլայ I կայսեր հետ։



