Կանխել հունիսյան «էսքեյփիզմը»

Ընտրությունների շրջանում դրա մասնակիցները յուրահատուկ կերպով հիշում են ժողովրդին: Ընտրություններից առաջ՝ առանձնակի գորովանքով ու քնքշորեն՝ սիրաշահելու համար, ընտրություններից հետո՝ կախված արդյունքներից, հատկապես պարտվողները՝ մեղադրելու ինքնաարդարացնող մղումով:

«Ժողովրդավարության» ժապավենով փաթեթավորված մեր նման ավտորիտար երկրներում ժողովրդի մասնակցությունն ընտրություններին մեծ հաշվով դրանով էլ ավարտվում է՝ գումարած քվեարկության օրն ընտրատեղամաս կատարած այցելությամբ, որն ընդամենն իր վերաբերյալ նախորդած գորովանքի ու հաջորդելիք պարսավանքի հեղինակների ստացածի մեխանիկական ամրագրումն է:

Այդ ցիկլը՝ ժողովրդի այդպիսի դերով ու ընտրություններին մասնակցողների կողմից այդպիսի վերաբերմունքով, ոչ թե պետության ու քաղաքացիների, այլ իշխանության մասին էլեկտորալ պատմություն է: Եվ դրանում կարևոր է ժողովրդի հատկապես ու առանձնապես՝ քանակը, ի հակադրություն որակի: Որակն այդ դեպքում՝ հակառակը՝ միայն խանգարում է իշխանության համար պայքարում պետության մասին բարձր խոսողներին: Որովհետև որակը ժողովրդին կարող է հաղորդել սուբյեկտայնություն, մինչդեռ քանակը նրան պահում է օբյեկտի ցածր կարգավիճակում, որի հաշվին կայանում են իշխանության ձգտողները:

Քանակով մեծ, բայց անորակ ժողովուրդը՝ ինչպես պոպուլիստական իշխանության, այնպես էլ՝ այդ իշխանության դեմ նրա իսկ մեթոդներով պայքարել փորձողների երազանքն է: Ընդհանրապես պոպուլիստական իշխանությամբ պոպուլիստական դարձած քաղաքական համակարգում սոցիումի որակի մասին խոսակցությունն իսկ ավելորդ է, քանի որ նման համակարգերում ամեն ինչ սկսվում և ավարտվում է միայն քանակական չափումներով:

Կարդացեք նաև

Իրերի այս դրությունն ամենևին չի նշանակում, թե մեր ժողովուրդն ամբողջության մեջ զուրկ է քաղաքական սուբյեկտայնության համար անհրաժեշտ որակներից: Նման մոտեցումը կլիներ չափազանց պարզունակ ու մակերեսային: Բնականաբար, մեր հանրության մեջ կան բազմաթիվ կայացած շերտեր, մասնագիտական լուրջ համքարություններ, ազգային, պետական որակներ կրող անհատների խմբեր: Նրանք շատ տարբեր են, բայց բոլորին միավորում է այն, ինչն ընդունված է անվանել «էսքեյփիզմ», խուսափողականություն, փախուստ՝ այդ հասկացությունների խորքային իմաստով: Այդ մարդիկ խուսափում են, մեկուսանում են քաղաքականության փոխարեն գրեթե ամբողջությամբ քարոզչության վրա հիմնված քաղաքական համակարգից, որն անհնարին է դարձնում որակի միջոցով քանակի փոփոխության հնարավորությունը:

Այսպիսի քաղաքական գործընթացին մասնակցությունը որակյալ խավերի ու մարդկանց համար դառնում է անիմաստ՝ իրենց մասնակցությամբ որևէ ընթացքի վրա ազդելու անհնարինության գիտակցման բերումով: Մտածող մարդիկ պարզապես չեն ուզում հայտնվել ո՛չ ընտրություններից առաջ գովերգվողների, ոչ էլ դրանցից հետո դատափետվողների շարքերում՝ հանրային, քաղաքական կյանքից մեկուսացումը համարելով իրենց պոպուլիզացիայից պաշտպանելու միակ միջոցը:

Երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններում ոչ թե մեխանիկական, թվային, այլ իրական փոփոխություն արձանագրելու միակ հնարավորությունն այս համընդհանուր «էսքեյփիզմի» կանխումն է: Այդ հնարավորությունը նվազում է ամեն օրվա հետ, որովհետև ձեռնտու չէ ընտրական ցիկլի մասնակիցներից որևէ մեկին:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս