Խաղաղության պայմանագիր չկա և չի լինելու, քանի Նիկոլն իշխանության է, դրանք նախընտրական բլեֆներ են․ Արամ Մանուկյան

Թոշակների բարձրացումն, իհարկե, նախընտրական բլեֆ է։ Փաշինյանը ստում է՝ ասելով, թե իբր մեր եկամուտները հարկերի և տուրքերի հաշվին բարձրացել են։ Իրականում տարվա ֆինանսական ամբարը հավաքվում է նոյեմբեր-դեկտեմբերին։ Փետրվար ամսին չկա որևէ այդպիսի մեխանիզմ՝ հաշվարկելու եկամուտների ավելացումը։ Ապրիլից շուտ կառավարությունը չի կարող նման հաշվարկ անել, էլ չասած, որ առաջին երկու ամիսները բյուջետային տարվա ամենապասիվ շրջանն են։ Սա նաև օրենքի խախտում է, որովհետև այն գումարը, որը հիմա իրենք տալու են, բյուջեով նախատեսված չէ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Փաշինյանի հայտարարածը, թե մենք միանում ենք Ադրբեջանի էներգետիկ համակարգին, նշանակում է, որ մենք այսուհետ պետք է գազ և հոսանք ստանանք Ադրբեջանից։ Սա ակնհայտորեն նշանակում է մեր նախկին մատակարարների մերժում, որոնցից մենք ստանում ենք մեր էներգետիկ համակարգի՝ գազի, հոսանքի, նավթամթերքի 76 %-ը։ Մենք մեր դաշնակցից երես ենք թեքում, փոխարենը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարում է, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռ անցկացնելու»,- ասաց քաղաքական գործիչը։

«Հայաստանը ներսից է քանդվում։ Այս պատերազմում մենք չենք պարտվել Ադրբեջանին, մենք հիմա պարտվում ենք հայաստանյան իշխանություններին։ Նրանք Հայաստանը ներսից քայքայում, քանդում են։ Կրթական համակարգը ոչնչացնում են, 230 գյուղական դպրոց, այսինքն՝ այդքան գյուղ են փակում։ Ալիևն այստեղ մեղավոր չէ, Հայաստանը պարտվում է ներսից՝ իր կրթական համակարգի ապագան, հոգևոր դաշտը, Սփյուռքի աջակցությունը ոչնչացնելով։ Միջազգային կառույցների հետ աշխատանք, բողոքի հայտեր, Մինսկի խումբ, մշակույթի և հուշարձանների պահպանություն՝ մենք ինքներս մեզ զրկել ենք այս ամենից»,- նշեց Մանուկյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ միայն դավաճանը կարող էր բանակը թուլացնել․ «Բանակը և ռազմական բյուջեն կրճատում են, երբ մենք նախապատերազմական վիճակում ենք։ Խաղաղության պայմանագիր չկա և չի լինելու, քանի դեռ Նիկոլն իշխանության է։ Ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները, ո՛չ Ալիևն այնքան մեղավոր չեն մեր երկիրը քանդելու գործում, որքան այս իշխանությունը։ Խնդիր լուծելու փոխարեն՝ նրանք միայն ու միայն ներսում սև ու սպիտակի բաժանմամբ, եղած համակարգերը քանդելով, հասարակությանն ապատիայի տանելով և մեր անվտանգային շերտերը ոչնչացնելով են զբաղված»:

«Իշխանության առաջնային գործը երկրի անվտանգությունն ապահովելն է, իսկ դրա մեջ մտնում է և՛ էներգետիկան, և՛ հաղորդակցությունները, և՛ դիվանագիտությունը։ Բայց պասիվ զանգվածը հաղթում է ակտիվ զանգվածին, սա՛ է Հայաստանի խնդիրը։ 60 % պասիվները, չգնալով տեղամասեր, հնարավորություն են տալու Նիկոլ Փաշինյանին իր 10-15 %-ով մեծամասնություն կազմելու։ Հասարակության ակտիվացումը, այս պասիվ վիճակից դուրս գալը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոչնչացման միակ ճանապարհն է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս