Պապիկյանը գաղտնի է պահում՝ բացի ՌԴ-ից, ո՞ր երկրներն են նախքան 2018-ը զենք վաճառել Հայաստանին և ո՞ր երկրներն են հետո մերժել, որտեղի՞ց  գործարանային Դ-30-ը

Փետրվարի 4-ին 168.amը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ հենց մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը կազմակերպի նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես:

Մայիսի 28-ին սպառազինության ցուցադրություն Սարդարապատո՞ւմ չի լինի, թե՞ առհասարակ չի լինի

Նախքան հոդվածի հրապարակումը, թեմայի առնչությամբ փորձել ենք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն պատասխանատուների հետ այսպես էլ չի հաջողվել կապ հաստատել, ուստի փետրվարի 3-ին գրավոր հարցում ենք  ուղարկել՝ պարզելու, թե արդյոք մայիսի 28-ին, այն էլ՝ Սարդարապատում, նոր գնված սպառազինության ցուցադրություն-զորահանդես նախատեսվո՞ւմ է:

Եվ նախքան կստանայինք ՀՀ պաշտպանության նախարարության պատասխան գրությունը, հանրայնացվեցին Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, որոնք մինչ այս գաղտնի էին պահվում և ցուցադրվում էին միայն փակ ձևաչափով:

Կարդացեք նաև

Եվ արդեն փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացվել է մեր հարցմանն ի պատասխան գրությունը, որում նշվում է.

«Սարդարապատում սպառազինության ցուցադրություն-զորահանդես անցկացնելու վերաբերյալ քննարկումներ այս պահի դրությամբ չկան»:

Պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ չգիտես՝ ինչու հիշատակել է միայն զորահանդեսի անցկացման հնարավոր վայրի՝ Սարդարապատի մասին, և ոչ թե օրվա՝ մայիսի 28-ի:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԺ ընտրություններից օրեր առաջ, ամեն դեպքում, հրապարակային նոր գնված սպառազինության ինչ-որ ձևաչափով ցուցադրություն կլինի, ինչը, ինչպես նշեցինք, արդեն սկսել են: Ի դեպ, ՊՆ-ն նշել է՝ «այս պահին նման քննարկում չկա», այսինքն՝ դրա հնարավորությունը չի բացառվել:

ՊՆ-ն գաղտնի է պահում Դ-30-երի գործարանային լինելու պատմությունը

Իսկ մինչ անդրադառնանք ՀՀ պաշտպանության նախարարությանը փետրվարի 2-ին հասցեագրված մեր մեկ այլ  գրավոր հարցմանը:

Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, ՊՆ-ում զինվորականության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Այդ ընկալումը՝ Դ-30, Դ-30, Դ-30, Դ-30….Բայց այս ընկալման մեջ անընդհատ ինչ-որ սխալ բան կա: Բայց մենք հիմա չենք հրաժարվել Դ-30-ից: Մեր օրոք մեր բանակն առաջին անգամ ունի գործարանային արտադրության Դ-30, որը մեզնից առաջ ոչ մեկը չի կրակել: Նախկինում մեր բանակի պատմության ընթացքում նույնիսկ այս գովական և ամենասիրելի Դ-30-ից գոնե մի հատ անգամ չենք ունեցել, որի առաջին կրակողը մենք ենք եղել: Ընդհակառակը՝ մենք ունեցել ենք այնպիսի Դ-30-ներ, որի 100 տոկոսով վերջին կրակողն ենք մենք լինելու: Էդ некондиционный Դ-30-ի… էդ էլ չի բայց ահռելի քանակ էղել, և դուք դա բոլորդ գիտեք: Եթե դուք չգիտեք, ես շատ լավ գիտեմ: Էս ամեն ինչի մասին ընդունված չի եղել մեր իրականության մեջ խոսել: Ասում եմ՝ էսօր մենք ունենք, Դ-30-ից մենք չենք հրաժարվել, բայց Դ-30-ը լրացվել է այնպիսի զինատեսակներով…»:

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել է պարզել՝ ի՞նչ ասել է «գործարանային արտադրության», արդյո՞ք Ռուսատանն է մատակարարել, թե՞ խոսքն արդիականացման մասին է, եթե՝ այո, ապա որտե՞ղ է արդիականացվել:

Այս համատեքստում մենք փորձել էինք նաև պարզել, թե ո՞ր երկրներն են ժամանակին հրաժարվել  Հայաստանին զենք վաճառել՝ պատճառաբանելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և որ վստահ չէին, թե այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ–ին, կամ՝ որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս, և արդյո՞ք այդ երկրների ցանկում եղել են նաև Հնդկաստանը և Ֆրանսիան:

Այս հարցերին պատասխանելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել, այնուհետև օրեր անց մերժել դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Մերժման համար որպես հիմք վկայակոչել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, ՀՀ կառավարության 11.01.2024 թ. N 53-Ն որոշման 15-րդ կետի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2024 թ. մայիսի 16-ին «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին»  N 797-Լ հրամանի 113-րդ, 117-րդ և 159-րդ կետերի պահանջները:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ Հայաստանն այսուհետ 1960-ականների զենք համարվող խորհրդային կամ ռուսական Դ-30-ը ձեռք է բերում ոչ թե հին, այլ գործարանային, բայց երբ փորձում ես հասկանալ՝ ինչպե՞ս, կամ՝ խոսքն ընդամենն արդիականացման մասի՞ն է, անմիջապես համարվում է գաղտնի տեղեկություն:

Իսկ ինչպե՞ս հանրությունն իմանա, որ ասվածը զուտ հայտարարություն չէ, իսկ գուցե հարմար քաղաքական պահը չէ՞, որ հանրայնացվեն, այսպես ասած, գործարանային Դ-30 հաուբիցները:

Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ փաստորեն խոստովանելով, որ Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառեն, և որ արևմտյան գործընկերները չեն վստահել իրեն, իր ղեկավարած երկրին և պաշտպանական գերատեսչությանը՝ կասկած ունենալով, թե մատակարարվող զենքի պարամետրերը «կվաճառվի» ՀԱՊԿ-ին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է մեզ տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե նախքան 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանը, բացի Ռուսաստանից, ո՞ր երկրներից է զենք և ռազմական տեխնիկա ձեռք բերել, և կոնկրետ ի՞նչ:

Եվ սա այն դեպքում, երբ բավարար բաց փաստեր կան, որոնց տարբեր առիթներով մանրամասն անդրադարձել է 168.am-ը:

Խոսքը վերաբերում է և՛ Սերբիայից ու Բուլղարիայից սպառազինություն գնելուն և Հայաստան հասցնելուն, և՛ նախկին իշխանությունների օրոք ՆԱՏՕ անդամ ու եվրոպական երկրներից դիպուկահար հրացանների ձեռքբերմանը, և՛ Հորդանանի մատակարարած զենքին, վերջին երկու դեպքում հատկապես Ադրբեջանը դժգոհության լուրջ ալիք էր բարձրացրել։ Բացի այս, մենք գրել ենք, որ  Հնդկաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու որոշակի պայմանավորվածություն եղել է դեռ նախկին իշխանությունների օրոք:

Իսկ մենք մեր փետրվարի 2-ին ուղարկված գրավոր հարցման միջոցով Սուրեն Պապիկյանին հիշեցրել ենք նաև, որ ՏԿԵ նախարարի կարգավիճակում 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանի մոտ մասնակցել է Սյունիքին առնչվող քննարկումներին, և փորձել պարզել՝ ի՞նչ է որոշվել այդտեղ, որից հետո Փաշինյանը Սյունիքից զորքի հետքաշման միանձնյա որոշում է կայացրել: Հավելենք, որ նա մասնակցել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին:

Բայց ինչպես հարցին, այնպես էլ նրան, թե արդյո՞ք ՊՆ-ն ստացել և ծանոթացել է 44-օրյա պատերազմի դեպքերով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, Սուրեն Պապիկյանը հրաժարվել է պատասխանել, թեև վերջերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ԱԺ-ում պահվող նյութերին համապատասխան կառույցները դեռ չեն ծանոթացել:

Տեսանյութեր

Լրահոս