Իշխանամերձ փորձագետի խոստովանությունը. Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը
Օգոստոսի 1-ին սոցիալական ցանցերում և մամուլում, մասնավորապես, Sputnik Արմենիայում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել Տավուշի մարզի Բերքաբերի դիրքերից մեկից, ինչպես պայմանավորվել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները»:
Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ չի մեկնաբանել տեղեկությունը։
Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հաստատել էր տեղեկությունը, թե Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել:
«Որքան հիշում եմ, հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- շեշտել էր նա:
Եթե այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ինչո՞ւ ՀՀ իշխանություններն ավելի վաղ այդ մասին արտահոսք չեն արել և օգտագործել քարոզչական նպատակներով: Հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մի քանի մետր հետ է քաշվել իր զբաղեցրած դիրքից, բայց սեզոնային և դիրքերի բարելավման տրամաբանության մեջ՝ ավելի շատ: Իսկ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի հենց սկզբից, չնայած մեր գրավոր հարցումներին ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդպես էլ չհաջողվեց պարզել՝ քանի՞ մարտական դիրք ենք հանձնել Ադրբեջանին կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին, արդյո՞ք տեղի է ունեցել հայելային հետքաշում:
Մյուս կողմից, «Ազատությանը» տված հարցազրույցում իշխանամերձ քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը, ըստ էության, ակնարկել է՝ ոչ մի հայելային հետքաշում էլ տեղի չի ունեցել, այսինքն՝ հայկական կողմը շատ ավելի մեծ դիրքային զիջումներ է արել: Մյուս կողմից, նա հայտարարել է, որ 4 գյուղերը հայկական չէին, այսինքն՝ Հայաստանը 4 գյուղ չի զիջել Ադրբեջանին:
«ՀՀ զինված ուժերը դուրս են եկել 4 գյուղատեղիներից, դրանք բնակավայրեր չէին, նույնիսկ 4 էլ չէ, որովհետև այդ բնակատեղիներից, ավերակներից մեկն ընդհանրապես ՀՀ վերահսկողության ներքո չէ, երկուսը՝ մասնակի, մեկն ամբողջությամբ էր ՀՀ վերահսկողության ներքո: Այսինքն, ՀՀ-ն 4 գյուղ Ադրբեջանին չի զիջել: ՀՀ զինված ուժերը դուրս են եկել իրենց վերահսկողության տակ գտնվող որոշ դիրքերից, որոնք ապահովում էին մասնակի վերահսկողություն 2 ադրբեջանական բնակավայրի վրա և մեկ ամբողջական վերահսկողություն նախկինում բնակեցված ադրբեջանական բնակավայրի վրա: Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը շարունակվում և շարունակվելու է, առաջիկա ամիսներին, կարծում եմ, կտեսնենք դելիմիտացիա-դեմարկացիայի երկրորդ էպիզոդը այլ հատվածում: Իսկ այն կետում, որի մասին խոսում ենք՝ Տավուշի հատվածում, միայն ՀՀ զինված ուժերը չեն, որ լքել են դիրքեր, նույնը արել են նաև Ադրբեջանի զինված ուժերը: Այո, կան կոնկրետ տեղանքով և թվով ադրբեջանական դիրքեր, որոնք Ադրբեջանի զինված ուժերը լքել են այս պայմանավորվածությունների արդյունքում:
Իհարկե, կոնկրետ այս հատվածում Հայաստանի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով, կհամարձակվեմ ենթադրել, ավելի էական են, քան Ադրբեջանինը: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ է անընդհատ Հայաստանը զիջում: Իսկապես չե՞ք հասկանում, որովհետև Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանին է առաջին հերթին պետք խաղաղության պայմանագիրը, դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև կոմունիկացիաների բացազատումը (բացումը.- Մ.Պ.): Ես բացարձակ չեմ տեսնում ՝ Ադրբեջանին ինչի է հիմա դա պետք, հակառակը՝ դա Ադրբեջանի համար մի ապրանք է, որը կարող է բավականին երկար և արդյունավետ վաճառել»,- մանրամասնել է Արեգ Քոչինյանը:
Թե որտեղ և քանի դիրք է ադրբեջանական կողմը լքել, ևս մեկ անգամ կփորձենք պարզել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից:
Սակայն մի բան հստակ է՝ իշխանամերձ փորձագետը հաստատել է այն պնդումները, որ Տավուշում հայկական կողմը գնացել է զիջումների, և ավելի է զիջել, քան Ադրբեջանը, և, որ այդ դիրքերը որակական առումով էական նշանակություն են ունեցել անվտանգային առումով: Այսինքն, եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանը ևս ինչ-ինչ դիրքերից հետ է քաշվել, դրանք այնքան էական նշանակություն չեն ունեցել, որքան Հայաստանի զիջած դիրքերը: