Սահմանի բացման ամբողջ նախագիծը քաղաքական է․.. Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնելու, սա է այս գործընթացի բովանդակությունը. Միքայելյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։
«Մենք՝ որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) և Վանի առևտրաարդյունաբերական պալատի (Van TSO) ներկայացուցիչներ, 2026 թվականի սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով»,- ասվում է ուղերձում։
Երևանում կազմակերպված ծրագրի շրջանակներում Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատվել երկու երկրների գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի ու առկա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ինչպես նաև Հրանտ Դինք ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հայկական տարբեր ընկերություններ ներկայացնող 16 գործարար հունիսի 29-30-ն այցելել էին Թուրքիայի արևելյան շրջաններ՝ Իգդիր և Վան։
Ի դեպ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Իսկ մինչ այդ Հայաստանից հիշեցնում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին։
«Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար»,- օրերս նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը
Եվ անգամ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։
Ինչքանո՞վ այս այցերն ու աղոթքները կօգնեն փոխադարձ հարաբերություններին՝ ցույց կտա ժամանակը, իսկ թե ի՞նչ ռիսկեր կան այս գործընթացի շրջանակում, 168․am-ը ճշտել է քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից։
«Առաջին հարցը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե արդյո՞ք հավասար է հարաբերությունների մակարդակը, որովհետև Հայաստանի պայմանները Թուրքիայի համար կարող են շատ ավելի բարենպաստ լինել, քան Թուրքիայի պայմանները,- արձանագրեց Հրանտ Միքայելյանը՝ հիշեցնելով դեռ 2002 թվականի մի դրվագ,- Երբ Հայաստանն անդամակցում էր Միջազգային առևտրային կազմակերպությանը, Թուրքիան հայտարարեց Հայաստանի նկատմամբ միջազգային առևտրի կանոնների «չկիրառման» (non-application) մասին: Հետևաբար, Թուրքիան կարող է Հայաստանի նկատմամբ խտրական քաղաքականություն վարել։
Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան կարող է, օրինակ, վարորդների, տրանսպորտային ընկերությունների երթևեկությունը փակի կամ սահմանափակի․ նույն օրինակը տեսնում ենք, ու սրանով պայմանավորված ևս կառուցվածքային տեսանկյունից ենթադրելի են անհավասար պայմանները։
Հաջորդիվ՝ Թուրքիան սահմանի բացմանը պատրաստ է և լուրջ աշխատանք է կատարել․ օրինակ, մատակարարման ամբողջ շղթան պատրաստ է, ինչը Հայաստանի արտադրողների համար բացակայում է»։
Տնտեսագետը, ամփոփելով, արձանագրեց նաև, որ չգիտի, թե արտադրանքի առումով ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Թուրքիային, որը նոմինալ արտադրողականություն ունի, և, հետևաբար՝ սահմանների բացման պարագայում, ակնհայտ է՝ վտանգվելու են Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ։
Տնտեսական հարցերի շրջանակը, սակայն, Հրանտ Միքայելյանը համարում է այս պրոցեսի ձևական կողմը․ «Սահմանի բացման ամբողջ նախագիծը քաղաքական է»։
Ըստ նրա՝ իշխանությունների բերած փաստարկներն էլ են դա հաստատում։
«Օրինակ, այս ծրագիրը, ինչպես նշեցիք, ֆինանսավորել է Եվրամիությունը․ մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան մեծ ջանքերով միշտ աջակցել են այդ գործընթացին։ Սա օտարերկրյա նախագիծ է և իրականացվում է, այսպես կոչված, եվրաինտեգրման համար, ինչպես նաև, որպեսզի Ռուսաստանը դուրս բերվի Հարավային Կովկասից (ինչին ռուսական ղեկավարությունն այս պահին, կարծեք, դեմ չէ): Այսպիսով, այս քաղաքական պրոցեսի հետևանքն է լինելու տնտեսությունը»,- հավելեց նա։
Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ այս պարագայում է, որ Հայաստանը կախվածության մեջ է հայտնվելու Թուրքիայից, ու Հայաստանի ցանկացած դժգոհությանը հետևելու է պատերազմ։
«Փաշինյանն անընդհատ սպառնում է՝ եթե դուք, ասենք, թուրքերի ուզածը չանեք՝ միանգամից կլինի պատերազմ։ Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնելու։ Սա է այս գործընթացի բովանդակությունը»,- մանրամասնեց նա։

