
Այսպիսի ցինիզմ Հայաստանի քաղաքական պատմությունը չի տեսել. չգիտեմ՝ ուր կհասնենք սրանով. Հայկ Խալաթյան
Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանելիս այսօր գրել է. «ՏՊԼ-ին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ է նախկին նախագահներին պատասխանելիս՝ Փաշինյանն ադրբեջանական թեզերը կրկնում, և չի՞ ստացվում, որ նա փաստացի «ցուցմունք» է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ` այն ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ», այսինքն՝ այն, ինչն այսքան տարի միջազգային հարթակներում փորձում է ցույց տալ Ադրբեջանը:
«Դուք ճիշտ եք, որովհետև երբ հիշում ենք, թե ինչ մեղադրանքներ են հնչում Բաքվում այդ խայտառակ դատավարության ընթացքում, այնտեղ անընդհատ հանցագործությունների մեջ մեղադրվում է Հայաստանը, և տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարն անում հայտարարություններ, որոնք օգտագործվելու են Ադրբեջանի կողմից, և դրանք լուրջ խնդիրներ կարող են ստեղծել հենց Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չի լինի, բայց դա կօգտագործվի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայկ Խալաթյանի խոսքով՝ եթե անգամ իր սովորության համաձայն՝ Փաշինյանը վաղը բոլորովին այլ մոտեցումներով հանդես գա, միևնույն է, ասելու են՝ Հայաստանի ղեկավարը նման հայտարարություն է արել և փաստացի Հայաստանը ճանաչել «ագրեսոր». «Ես, իհարկե, մեղմ ասած՝ Առաջին նախագահի երկրպագուներից չեմ, բայց միևնույն ժամանակ, անընդունելի է… Ինչի՞ մեջ է մեղադրում ՀՀ առաջին նախագահին, որ օգնել է պաշտպանե՞լ Արցախը, արցախահությանը և այլն: Տարօրինակ է»:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե նախկինում հայրենասիրության այլ մոդելի մեջ է եղել, հիմա՝ այլ, նա նկատեց՝ ցինիկությունը սահմաններ չունի.
«Եթե այն ժամանակ այլ մոդելի մեջ էիր, բա պատերազմից հետո ինչո՞ւ էիր խաբում ընտրողներին: Իսկ ե՞րբ աչքերը բացվեցին, Պրահայո՞ւմ, թե հայրենասիրությունն ինչպիսին պետք է լինի: Վերջերս էլ հայտարարություն, չէ՞, արեց, որ՝ չէր կարող համաձայնել, որ պատերազմ չլինի, որովհետև փաստացի ակնարկ է անում, որ Ռուսաստանից կախվածության մեջ կլիներ, իսկ դա թույլ տվեց ազատվել:
Հիմա ստացվում է՝ դու խոստովանում ես, որ 5000 հոգի զոհվեցին, որովհետև պետք էր, որ զոհվեին, և «ազատեիր» Հայաստանը Ռուսաստանի՞ց: Դրանից հետո էլ համագումարին կանգնում ես, չոքում ես, իբր հարգանքի տուրք ես մատուցում. Ո՞ւմ, այն մարդկանց, որոնց փաստացի ուղարկել ես մահվան՝ քո քաղաքական նպատակներին հասնելու համա՞ր:
Այսպիսի ցինիզմ Հայաստանի քաղաքական պատմությունը չի տեսել անկախությունից հետո: Ես չգիտեմ՝ դեռ ուր կհասնենք դրանով, որովհետև քարոզարշավը նոր է սկսվում, այս ընտրություններից շատ բան է կախված, և ցանկացած քայլի գնալու են, որպեսզի ապահովեն իրենց հաղթանակը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում