
ՀՀ-ն չի օգտագործում ԵԱՏՄ ողջ պոտենցիալը, խաղաղության խաչմերուկը բլեֆ է․ Տնտեսագետ

Հայաստանը դեպի ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ հակադրությունը վերջին օրերին նորից հայտնվել է օրակարգում․ այս անգամ թեման շոշափել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրատվամիջոցների նախաձեռնությամբ։
Պաշտոնյան նշել է՝ Հայաստանը պետք է կշռադատի բոլոր գործոնները՝ նախքան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը։
«Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա ես վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են այս կամ այն ուղղությամբ որոշումների կայացման վրա, մանրակրկիտ կվերլուծվեն»,- հիշեցրել է նա։
Մինչ Հայաստանի հնարավոր քաղաքական ընտրության ու տնտեսական հեռանկարների մասին հարցադրումներին անդրադառնալը՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում խոսեց այսօրեական տնտեսական իրողությունների մասին։
«Հայաստանը հիմա չի կարողանում օգտագործել ԵԱՏՄ ողջ պոտենցիալը։ Շատերը, ովքեր տնտեսագիտությունից հեռու են, մտածում են, թե ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունը տոննաներով ԵԱՏՄ շուկաներ զանազան պարենամթերք կրելն է։ Դա ԵԱՏՄ հիմնական գործառույթը չէ,- նշեց Հրայր Կամենդատյանը և պարզաբանեց,- Օրինակ, Հայաստանը կարող է և օրենսդրորեն հնարավորություն ունի ԵԱՏՄ երկրների տարածքում պետական տենդերների մասնակցել։ Այսինքն՝ հայաստանյան պետական կամ մասնավոր կառույցը կարող է, ենթադրենք, Ռուսաստանում, կամ Բելառուսում մասնակցել տենդերների։ Շուկան դա է»։
Տնտեսագետն իրական տնտեսական առաջընթացի, մասնագիտական ներուժի չօգտագործված հնարավորություններ է տեսնում այս համատեքստում։
Արձագանքելով Ալեքսեյ Օվերչուկի արձանագրումներին՝ Հրայր Կամենդատյանը հստակեցրեց․
«Նրա հնչեցրած կիսաքաղաքական, չարագուշակ պնդումներն անիմաստ են, բայց ինչ վերաբերում է «ԵԱՏՄ-ԵՄ» հակադրությանը, ապա Հայաստանն այսօր իր արտահանման, ներմուծման իմաստով, առանց ԵԱՏՄ-ի հետ կապերի, կանգնելու է լուրջ խնդրի առաջ։ Խնդիրն այն է, որ մենք ունենք հսկայական արտաքին պարտք, որը պետք է սպասարկել։ Այդ արտաքին պարտքի սպասարկումը դեռևս էժան է, որովհետև մենք արտաքին պարտքի սպասարկմանն օժանդակող որոշակի գործընթացների մասնակից ենք։
Այս իմաստով Հայաստանը Եվրոպական միությունում չունի իր ապրանքային խմբերի երաշխավորված վաճառքի հնարավորություն, տեխնիկական, սերտիֆիկացիայի պահով, և, բնականաբար, Հայաստանում գոնե առնվազն 20-25 տարի մինչև հսկայական տեկտոնական տնտեսական շարժեր կլինեն (հույս ունենք, էլի), նոր այդ դեպքում կարող է մտածել ինչ-որ նոր կառույցի մեջ մտնելու մասին»։
Տնտեսագետը հավելեց՝ դեռևս ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրելու հնարավորությունները չեն համակշռում ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավորությունները։
Արդյո՞ք այդ տեկտոնական շարժերի համատեքստում դիտարկում եք «խաղաղության խաչմերուկ»-ը՝ հետաքրքրվեցինք մասնագետից։
Ի պատասխան՝ նա նկատեց․ «Այդ «խաղաղության խաչմերուկ»-ի հետ կապված խնդիրը նայեք՝ որն է․ 10 օր է անցել «հուշագիրը» ստորագրելուց հետո, և 10 օր անց Չինաստանում 2 ստորագրողներն էլ տրամագծորեն հակառակ վարքագիծ դրսևորեցին ու մեկնաբանություններ արեցին։
Այսինքն՝ այն տարփողումը, թե հուշագիրը խաղաղություն է բերելու, տնտեսական մեծ շարժեր է բերելու, բլեֆ է, և այն ընդամենն ընտրական նպատակներով փորձելու են երկրի ներսում օգտագործել։
Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն․ ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։