Դպրոցը գյուղում ապրելու գրավականն է եղել, ընտանիքներ կան՝ մտածում են հեռանալ, եթե դպրոցը փակվի. ցավալին այն է, որ կհեռանան երիտասարդ ընտանիքները. Ահնիձորի վարչական ղեկավար
Պարզվում է՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղի միակ դպրոցը սեպտեմբերի 1-ից կանգնած է փակվելու վտանգի առջև։ Դպրոցը մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անունով է։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն է նաև այս խնդրին անդրադարձել ու գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Երբ ես բղավում էի, որ փակելու որևէ իրավունք որևէ կառավարություն չունի, եթե ի վիճակի չէ ՀՀ քաղաքացիները իրավունքները, երեխաների իրավունքները, մարդու իրավունքները ԱՊԱՀՈՎՈՂ հիմնավոր, համակողմանի, խորը, ՄՏԱԾՎԱԾ քայլերով ապացուցել և իրագործել ռազմավարություն, գյադաները և նրանց մանրադրամը (խուրդեն) ծվծվում էին որ ես չուզող եմ։
Դպրոցը շենք չէ։ Բնակավայրը կառույցների խումբ չէ։ Երկիրը մկրատով կտրած ոսկեջուր թիթեղ չէ։
Կարելի է խուրդեքով հավաքվել իրար գլուխ և մի իմաստակի գլխի որդերի շարժից առաջացած որոշումներ «հանել»։ Կարելի է նաև իմաստակին ներշնչված ուրիշների, թշնամու գաղափարը որպես իմաստակի գլխի որդերի որոշում մատուցել։ Բայց մի օր կամ ձեզ կասեն, կամ դուք կխոստովանեք, որ ապուշ եք եղել, ստահակ եք եղել, դավաճան, կամ էդ կարգի մի այլ բան։
Այնպես որ, այդ ճանապարհի ամենասկզբներում երբ «չուզողները» խուրդեքի, տո հենց իմաստակի երեսներին բան են ասում, մռութներին իջնում են, դա հանուն դրանց գյադա-գոյություն չէ, այլ հանուն երկրի, հանուն բնակիչների ու հանուն սերունդների։ Քանի որ աղբը մեզանում, մեր գլուխներում միշտ շատ է եղել, իսկ հիմա «գոյաբանորեն» է շատ։ Վտանգավոր է, և աղբը պետք է թոթափել»,- գրել է Դավիթ Մաթևոսյանը։
Ահնիձորի վարչական ղեկավար Արման Մաթևոսյանը խնդրի մասին տեղյակ է, մտահոգված է նաև այն խնդիրներով, որոնց հանգեցնելու է դպրոցի փակվելը։
«Այս պահին դպրոցում սովորում է 11-12 աշակերտ։
Պետական ծրագիր է, դպրոցները խոշորացնում են, որովհետև բոլոր գյուղերում աշակերտների թիվը սակավ է։ Լորուտ բնակավայրում նորակառույց դպրոց են կառուցում, շինարարությունն ընթացքի մեջ է։ Ասում են՝ ավտոբուս են հատկացնելու, որ երեխաները մեր գյուղից հասնեն այդ բնակավայրի դպրոց։
Ասել են՝ ուզում են, որ երեխաները գնան ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ահնիձորի վարչական ղեկավարը։

Ըստ Արման Մաթևոսյանի, այս ամենը մեծ մասով ո՛չ աշակերտների, ո՛չ էլ նրանց ծնողների սրտով չէ, քանի որ այդ ճանապարհների հետ կապված մեծ խնդիրներ կան։ Խնդիրներն ավելի են սրվում հատկապես ձմռան ամիսներին, քանի որ ճանապարհի սպասարկումը նորմալ չի։
«Երեխաների դասաժամերի հետ կապված տարբեր հարցեր կան, օրինակ, մեկը շուտ է դասն ավարտում, մեկը՝ ուշ։ Այս հարցը մարզպետարանում բարձրացրել եմ, ասել են՝ դասերը շուտ ավարտողներին մեքենան կբերի գյուղ, հետո կգնա ուշ վերջացնողների հետևից։ Խելքս այս ամենից բան չի կտրում, որովհետև մի քիչ ռեալ չէ։
Ինձ թվում է, մեր դպրոցում մեր աշակերտներն իրենց ավելի լավ են զգում։ Դպրոցը եթե փակվեց, բնականաբար, ուսուցիչների թիվը կրճատվելու է, կարծում եմ՝ նոր դպրոցում կարող են աշխատել այն մասնագետները, ովքեր ատեստացիան անցել են, ու որոնց պահանջարկը կունենա դպրոցը։ Իսկ մնացածն էլ ավտոմատ դուրս են մնալու։
Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ դպրոցը գյուղում ապրելու գրավականն է եղել, առանց այն էլ մեր գյուղը դատարկվում է, աշխատատեղն առաջին հերթին դպրոցն է եղել, հիմա որ փակեցին, երեխաները ստիպված ամեն օր 6 կմ պետք է գնան ու գան»,- հավելեց վարչական ղեկավարը։
Մեր զրուցակիցը նաև վստահ է՝ դպրոցը փակելուց հետո շատերը գյուղից կհեռանան, և ոչ միայն Ահնիձորից, այլև այն գյուղերից, որտեղ դպրոց են փակում։
«Արդեն կան ընտանիքներ, որոնք դպրոցական երեխաներ ունեն, մտածում են հեռանալու մասին, դպրոցների փակումը լավ տենդենցների չի տանում։ Ցավալին այն է, որ գյուղից կհեռանան երիտասարդ ընտանիքները։
Վերջին տարիներին է դպրոցում սովորող աշակերտների թիվը նվազել, ու տարեցտարի կրճատվել է։ Արդեն երկու տարի է՝ դպրոցում առաջին դասարան չունենք։ Ծնելիությունն է նվազել, մարդիկ հեռանում են, երիտասարդներ ունենք, որ չեն ամուսնանում, եթե ժամանակին ամուսնանային, նրանց երեխաները հիմա դպրոցահասակ կլինեին։ Ցավալի վիճակագրություն ունենք, այս է պատկերը»,- ընդգծեց Ահնիձորի վարչական ղեկավարը։
Նշենք, որ օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել էր տարբեր փորձագետների հայտարարությունների՝ Հայաստանի տարբեր մարզերում դպրոցների փակման վերաբերյալ։
«Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. հեռու մնացեք դպրոցների թեմայից: Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ կառավարությունն առաջընթաց չի գրանցել վերջին տարիներին: Ընդ որում, նշանակալի ու էական առաջընթաց:
Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. շուրջ 130 մլրդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ՝ շուրջ 57 տոկոսով ավել։
Միայն անցյալ տարի միաժամանակ շինարարության տարբեր փուլերում է եղել ավելի քան 320 դպրոց, դրանցից ավելի քան 100-ն արդեն ավարտված է, մյուսները կավարտենք առաջիկայում։ Երբեք այս ծավալի դպրոցաշինություն մեր երկրում չի եղել՝ անկախությունից ի վեր։
Ուսուցիչների վարձատրության հավելյալ հինգ ծրագրերին նախորդ տարի ավելի քան 15 մլրդ դրամ ենք հատկացրել՝ 65 անգամ ավել, քան 2018-ին, երբ միայն մի ծրագիր կար՝ 263 մլն դրամ ծավալով։
2024-2025 ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ է դպրոց մուտք գործել, որոնց շուրջ 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան անձինք, կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում։
Ավելին, գյուղական մինչև 100 սովորող ունեցող ուսուցիչների համար առանձին հավելավճար ենք ներդրել, որից օգտվում է ավելի քան 3100 ուսուցիչ։
Գյուղական փոքր դպրոցներին պատշաճ ֆինանսավորում ենք հատկացրել, որ տարբեր տարիքային դասարանների երեխաների հետ միաժամանակ, օրինակ, մաթեմատիկա չպարապեն, ամեն տարիք իր առանձին ծրագրով սովորի։ Դպրոցների ֆինանսավորման փոփոխությամբ բոլոր միջնակարգ դպրոցներին հնարավորություն ենք տվել, որ ավագ դասարանների երեխաներն իրենց մասնագիտական կողմնորոշմամբ առարկաները խորացված սովորեն։ Ու հիմա ունենք դեպքեր, երբ, օրինակ, դպրոցում մի երեխայի համար խորացված քիմիա ու կենսաբանություն ենք դասավանդում, ու դա անում ենք, որովհետև այդ երեխան ուզում է բժիշկ դառնալ, ու իր բնակության վայրը չպիտի սահմանափակի իր երազանքներն ու նպատակները, ու սա է պետության պատասխանատվությունը. մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր երեխայի հասանելի դարձնել որակյալ կրթությունը։ Որ լավ կրթության համար մարդիկ բնակության վայր ու տեղ չփոխեն, մնան իրենց տներում և իրենց երեխաները ստանան նույն հնարավորությունը. գնան լավ դպրոց՝ հագեցած լավագույն պայմաններով ու միջավայրով, շփվեն հասակակիցների հետ, զարգացնեն իրենց նախասիրությունները, դառնան մրցունակ քաղաքացի, լավ սովորեն, որ լավ ապրեն»,- գրել էր Ժաննա Անդրեասյանը։



