ՀՀ կառավարությունն ի՞նչ առաջարկներ է ստացել Սյունիքով անցնող հնարավոր ճանապարհի վերաբերյալ․ ի՞նչ ռուսական առաջարկի մասին է պնդում իշխանամերձ քաղաքագետը

Օրերս «ՌեՖորում 2025»-ի շրջանակում անցկացվող հանդիպման ժամանակ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը ներկայացրել է Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ հնչած ռուսական, ամերիկյան, հայկական և ադրբեջանական առաջարկները:

Նա մասնավորապես նշել էր, թե ռուսական կողմից եղել է նամակ Հայաստանի կառավարությանը, որտեղ իրենք պահանջում էին հայ-իրանական սահմանից 1 կմ խորության վրա Ադրբեջանից մինչև Նախիջևան հողհատկացումներ անել՝ այնտեղ պատ կառուցելու համար:

«Ու պետք է ստացվեր իրավիճակ, երբ հայ-իրանական սահմանին իրենք են կանգնած, այդ պատին իրենք են կանգնած, 1կմ խորությամբ Ադրբեջանից Նախիջևան միջանցք պետք է ստեղծվեր, ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ, և ռուսներն օրվա մեջ երկու ժամ պետք է մեզ համար բացեին ճանապարհը, որպեսզի մենք Իրանի հետ մեր սահմանից օգտվեինք, 4 ժամ՝ ադրբեջանցիների համար, այսինքն՝ իրենք այդ ամենը պետք է կառավարեին՝ ով ուր է գնում, ով երբ է գնում: Ռուսական առաջարկը եղել է սա, ու դասական արտատարածքային միջանցքը հենց սա է, մանավանդ, որ իրենք պատկերացնում էին, որ այդ ամբողջ ճանապարհի երկայնքով պետք է լինի զինված ռուսական ներկայություն, այսինքն՝ ուժ կիրառելու հնարավորությամբ ռուսական ներկայություն. մոտավորապես այնպես, ինչպես իրենք կանգնած էին Լաչինում»,- մանրամասնել էր Քոչինյանը:

Ադրբեջանին վերաբերող դրվագում քաղաքագետը նշել էր․ «Ադրբեջանն ուզում է, որպեսզի սահմանին չլինի անձնագրային, մաքսային վերահսկողություն, որ իրենց մեքենաներն ու գնացքները սահմանն անցնեն առանց կանգնելու, այն ճանապարհներին՝ ավտո և երկաթուղային, որոնցով իրենք պետք է անցնեն, հայեր ֆիզիկապես ներկա չգտնվեն, այնտեղ լինեն կա՛մ երրորդ երկրների, կա՛մ մասնավոր ընկերությունների ուժեր, ու օրինակ՝ եթե նույնիսկ այնտեղ արտակարգ պատահար է լինում, օրինակ՝ վթար է լինում, ինչ-որ բան է այրվում, մարդ է վատանում, էլի որպեսզի դա չլինի հայաստանյան կողմի պատասխանը, ռեակցիան, այլ լինի երրորդ արտապատվիրակված կողմ»:

Կարդացեք նաև

Արեգ Քոչինյանը ներկայացրել է նաև Հայաստանի իշխանությունների պատկերացումը՝ որպես ամենաարդյունավետ տարբերակ վերագրելով փուլ առ փուլ խոսակցություն բացելը:

«Առաջին փուլում խոսել միայն բեռնափոխադրումների մասին, որովհետև բեռնափոխադրումները լիքը հարցեր չունի՝ անձնագրային վերահսկողություն չկա, ֆիզիկական անվտանգության հարց չկա, և այլն: Բեռնափոխադրումները մենք պատկերացնում ենք այսպես՝ ադրբեջանական գնացքը գալիս կանգնում է սահմանին, դրա լոկոմոտիվն անջատվում է բեռից, հայկական լոկոմոտիվն է այդ բեռին կպնում, անցկացնում է ՀՀ տարածքով, տանում հասցնում է Նախիջևանի սահմանը, էլի անջատվում է, ադրբեջանական լոկոմոտիվը դրան էլի կպնում է, հանում է դեպի Նախիջևան: Սրան զուգահեռ՝ դիտարկվում է նաև ադրբեջանական բեռն ապահովագրելու գաղափարը: Սա քչից-շատից հայկական առաջարկն է»:

Ամերիկյան առաջարկի վերաբերյալ նա ասել է. «Ամերիկյան առաջարկի դեպքում, ինչքանով ես ընկալում եմ, խոսքը չի գնում ամերիկյան ընկերության մասին, խոսքը հայ-ամերիկյան ընկերության մասին է: Դա շատ տարբեր է նրանից, ինչ որ, օրինակ, Քարնեգիի կայքում է գրված եղել: Խոսքը չի գնում 100 տարվա մասին, այն, ինչ-որ ԱՄՆ դեսպանն է խոսում Թուրքիայում, խոսքը գնում է էականորեն ավելի կարճ ժամկետի մասին: Եթե շատ պարզ փորձենք բացատրել, թե այդ գաղափարն ինչ է իրենից ներկայացնում, բերենք երևի օրինակի վրա. Ադրբեջանը, երբ կառուցել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և այլ իր ենթակառուցվածքային խոշոր նախագծերը՝ գազամուղները, նավթամուղները, երկաթգծերը, դրանց շուրջ ստեղծվել են միջազգային կոնսորցիումներ, այսինքն՝ ստեղծվել է նախ մի հատ ներդրումային ֆոնդ, որն այդ փողն է հավաքել՝ այդ ենթակառուցվածքները կառուցելու, որովհետև դրանցից ոչ մեկն Ադրբեջանը մենակ չի կառուցել, դրանք բոլորը միջազգային և՛ գարանտիաներով, և՛ փողերով են կառուցվել: Հետո այդ ներդրումների համամասնությամբ ստեղծվում է այդ կոնսորցիումը՝ կառավարումն այդ ենթակառուցվածքի, և համամասնությամբ էլ՝ դրա շահութաբերությունը․․․»,- ասել էր նա։

168am-ը գրավոր հարցմամբ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվել էր․

«Որտեղի՞ց Արեգ Քոչինյանին Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ ռուսական, ամերիկյան, ադրբեջանական և հայկական կողմերի առաջարկների մանրամասները։

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը գրավոր առաջարկ է ստացել ռուսական կողմից։ Եթե այո, ապա ե՞րբ է ռուսական կողմը նամակ ուղարկել Կառավարություն, և ի՞նչ է պատասխանել հայկական կողմը։

Արդյո՞ք ՀՀ Կառավարությունը գրավոր առաջարկ է ստացել ԱՄՆ-ից, և եթե այո, ապա ի՞նչ է պատասխանել ՀՀ-ն (Հիշեցնենք՝ եթերներից մեկում ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն ասել էր, թե՝ «չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը»)»։

Ի պատասխան՝ մեզ կառավարությունից տեղեկացրել են, թե՝ մեր կողմից բարձրացված հարցերին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հուլիսի 16-ի ասուլիսում, նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հուլիսի 21-ին՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, և ավելի ուշ՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

Փաշինյանի խոսնակը, օրինակ, լրատվամիջոցի հետ զրույցում վստահեցրել է, թե՝ «Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը», բայց այս հղումներից որևէ մեկում, օրինակ, չկար ո՛չ հաստատում, ո՛չ հերքում Արեգ Քոչինյանի մատնանշած ռուսական առաջարկի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031