Բեռնում կայացած համաժողովը հակասությունների պատճառ է դարձել Հայաստանում

Բեռնում կայացած համաժողովը հակասությունների պատճառ է դարձել Հայաստանում:

Եկեղեցու առաջնորդը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգությունը։ Կառավարության ղեկավարը արձագանքում է զայրույթով։»

Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոն Էջմիածնից ստացված պատկերները ցնցող էին. հունիսի 27-ին զինված ոստիկանությունը մտավ տաճարի ընդարձակ տարածք՝ ձերբակալելու երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին: Թեժ բախման արդյունքում եկեղեցու պաշտպաններին, ի վերջո, հաջողվեց ոստիկանությանը վռնդել տաճարի տարածքից:

Եկեղեցու և պետության միջև աճող անջրպետը

Կարդացեք նաև

Դեպքն աննախադեպ էր։ Ինչպես Վատիկանը կաթոլիկների, այնպես էլ Էջմիածինը հայերի համար համարվում է սրբավայր։ Եվ ինչպես հրեաների, այնպես էլ հայերի դեպքում կրոնը
սեփական ինքնության մի մասն է։

Հայերի թվաքանակը գնահատվում է մոտ տասը միլիոն։ Գրեթե մեկ երրորդը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ երկու երրորդը՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը մեծ վրդովմունք առաջացրեց հայերի շրջանում՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում եւ անվանվեց «սրբավայրի պղծում»։

Եկեղեցու հայրերը անդրադառնալով եկեղեցու և պետության միջև վերջին հակամարտությանն իրենց մտահոգությունն են հայտնել. օրինակ՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վեճերը որակեց որպես «ամոթալի և անպատվաբեր», մինչդեռ Լիբանանի հայ եկեղեցու ազդեցիկ ղեկավար՝ կաթողիկոս Արամ Ա-ն, բացահայտ կոչ արեց Երևանի կառավարությանը գործել «հարգանքով և հանգստությամբ»՝ հետագա սրացումը կանխելու համար։

Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ II Մաշալյանը «եկեղեցու և պետության միջև աճող անջրպետը» համարում է ազգի ներսում նոր, ինքնաոչնչացնող պառակտման սպառնալիք. «Ինչպե՞ս կարող են Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ պետությունը հակամարտության մեջ լինել միմյանց հետ», հարցրեց նա Ստամբուլում կիրակնօրյա պատարագի ժամանակ։ «Երբ պետություն չկար, մենք՝ հայերս, հազար տարի աղոթում էինք դրա համար»։

Ձերբակալությունների ալիք

Կառավարության և եկեղեցու միջև շաբաթներ շարունակ սրվող հակամարտությունը գագաթնակետին է հասել ձերբակալությունների ալիքով: Միքայել Արքեպեսկոպոս Աջապահյանը, որին նախատեսված էր ձերբակալել Էջմիածնում, հետագայում հանձնվել է ոստիկանությանը: Նա այժմ գտնվում է նախնական երկամսյա կալանքի տակ։ Հունիսի վերջին երկու շաբաթների ընթացքում բանտարկվել է ընդդիմության 14 ներկայացուցիչ:

Նրանք հոգևորականներ են, աջակողմյան ազգայնականներ կամ, ինչպես Դավիթ Գալստյանը, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչ։

Սակայն նրանցից ամենաակնառուն, թերեւս, ռուսաստանահայ ձեռնարկատեր Սամվել Կարապետյանն է: Միլիարդատեր Կարապետյանը «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիրն է, որը դիվերսիֆիկացված կոնգլոմերատ է՝ անշարժ գույքի, էներգետիկայի, մանրածախ առևտրի և ենթակառուցվածքների ոլորտներում զգալի ներդրումներով: Նրան է պատկանում նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ), որը երկրի հիմնական էլեկտրաէներգիայի մատակարարն է: Կարապետյանի ձերբակալությունից հետո կառավարությունը հայտարարեց ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին:

Կառավարությունը մեղադրում է կալանավորվածներին սահմանադրական կարգի բռնի տապալման դավադրության մեջ: Ըստ այդմ՝ «արկածախնդիրների» այս փոքր խումբը պլանավորել է անկայունացնել երկիրը ռումբերի և ահաբեկչական հարձակումների միջոցով: Սակայն կալանավորվածները կառավարության գործողությունները համարում են ընդդիմությանը վախեցնելու կոպիտ փորձ։

Արցախին նվիրված կոնֆերանս Բեռնում

Ճգնաժամը, որն այդքան արմատապես ցնցել է Հայաստանը, կարծես թե իր արմատներն ունի այս տարվա մայիսին Բեռնում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Ավետարանական եկեղեցու կողմից կազմակերպված կոնֆերանսում: Բեռնում կայացած կոնֆերանսի հիմնական թեման Հարավային Կովկասում կրոնական ազատության ապահովումն ու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և պատմական ժառանգության պաշտպանությունն էր։

Հակիրճ ակնարկ. 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը «բլիցկրիգ» հարձակմամբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում մոտ 120,000 մարդու վտարեց իրենց պատմական հայրենիքից։ Այդ ժամանակվանից ի վեր, ըստ կոնֆերանսի եզրափակիչ հաղորդագրության, «մենք ականատես ենք եղել տարածաշրջանում հայ քրիստոնյաների հազարամյակների ներկայության վերացմանը և եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և այլ սրբավայրերի ոչնչացմանը»։

Բազմաթիվ հոգևորականներից բացի, Բեռնի կոնֆերանսին մասնակցել են նաև բարձրաստիճան գիտնականներ, իրավաբաններ և քաղաքական գործիչներ: Շվեյցարացի պատմաբան Հանս-Լուկաս Կիզերը և թուրք հետազոտող Թաներ Աքչամը համարվում են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ: Առաջին համաշխարհային պատերազմի ստվերի տակ մոտ 1.5 միլիոն հայ զոհվեց կոտորածների և մահվան երթերի ժամանակ։ Դա 20-րդ դարում նման սարսափելի մասշտաբների առաջին ցեղասպանությունն էր։

Մասնակից փաստաբանների թվում էին Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ICJ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Ռուանդայի միջազգային քրեական դատարանի նախկին լիազոր ներկայացուցիչ Ադամա Դիենգը։ Նրանք երկուսն էլ զբաղվում են լուրջ պատերազմական հանցագործությունների դեպքերում արդարադատության վերականգնման հարցով։ Բեռնում կայացած համաժողովում քննարկվել է նաեւ 120,000 տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը։

Սակայն սա նորություն չէ. դեռևս 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել «տեղահանված անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։ Եվ մեկ տարի անց Եվրախորհրդարանը նույնպես կոչ արեց Ադրբեջանին նպաստել «տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին» և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։

Վերջապես, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) և Կանտոնների խորհուրդը (խորհրդարանի վերիմ պալատ) բանաձեւ ընդունեցին՝ պահանջելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդից (գործադիր իշխանություն) միջնորդել տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադարձը հեշտացնելու համար. կոչ, որը, ըստ երեւույթին, ռեալպոլիտիկի նկատառումներից ելնելով, արտգործնախարարության կողմից դեռեւս անարձագանք է մնացել։

Անզիջում պայքար իշխանության համար

Այն, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ն, Բեռնում ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հանդես եկավ, պաշտոնական Երեւանը համարեց եկեղեցու կողմից քաղաքականության կոպիտ միջամտություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ հարձակվելով եկեղեցու առաջնորդի վրա՝ պահանջեց նրա հրաժարականը: Նա մեղադրեց Գարեգին Բ-ին երեխա ունենալու և այդպիսով կուսակրոնության իր ուխտը խախտելու մեջ:

Ի պատասխան, բարձրաստիճան հոգևորականները մեղադրեցին կառավարության ղեկավարին զուտ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու և թուրքերի պես «թլպատված» լինելու մեջ: Հակառակորդների միջեւ բանավոր փոխհրաձգությունը սոցիալական ցանցերում հասավ գրեթե աբսուրդի:

Անհասանելի խաղաղություն

Նիկոլ Փաշինյանը ճնշման տակ է. 2018 թվականին խաղաղ սոցիալական հեղափոխության արդյունքում իշխանության գալով՝ նա իր ընտրողներին խոստացավ «ժամանակակից» պետություն՝ առավել օրենքի գերակայությամբ, բոլորի համար ավելի շատ իրավունքներով և ավելի քիչ կոռուպցիայով: Այս խոստումների մի մասը մնացին չիրականացված:

Երկու տարի անց Ադրբեջանը սկսեց իր առաջին ագրեսիվ պատերազմը Հայաստանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի համար, իսկ 2023 թվականին՝ վերջինը մինչ օրս: Երկու պատերազմներն էլ ավարտվեցին Հայաստանի համար կործանարար պարտությամբ, քանի որ Ադրբեջանը, որը զինված էր Թուրքիայի, Իսրայելի և վերջերս նաեւ Պակիստանի կողմից ժամանակակից զենքերով, ավելի հզոր էր, քան երբևէ: Նիկոլ Փաշինյանը գիտի, որ եւս մեկ պատերազմը կարող է նշանակել Հայաստանի Հանրապետության վերջը: Հետևաբար, նա ձգտում է խաղաղության համաձայնագրի իր գերհզոր հարևան Ադրբեջանի հետ և ցանկանում է կարգավորել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ: Քննադատները մեղադրում են Փաշինյանին «ցանկացած գնով» խաղաղություն ձգտելու մեջ: Հանուն խաղաղության նա ցույց տվեց նաեւ, որ պատրաստ է ընդունել ցավոտ զիջումներ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի կորուստը:

Փաշինյանի այցը Թուրքիա

Հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կատարեց Անկարա՝ թերեւս Հայաատանի կառավարության ղեկավարի առաջին այցը Թուրքիա։ Փաշինյանը հույս ուներ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ կկարողանա համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Նա նաև հույս ուներ, որ Թուրքիան ժամանակավորապես կբացի ընդհանուր սահմանը (երրորդ երկրների քաղաքացիների համար), ինչպես դա համաձայնեցվել է 2022 թվականին։ 1991 թ-ից ի վեր փակ պահելով սահմանը՝ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ խեղդում է Հայաստանի տնտեսությունը։

Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Երևանից ժամանած հյուրին դատարկաձեռն թողեցին եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասավ նոր ցածրակետի։ Հունիսի վերջին անցկացված հարցումներից մեկը ցույց տվեց, որ հայերի գրեթե 70 տոկոսը այլևս չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը։

Նոր ընտրությունների սկիզբ

Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն նոր ընտրություններ: Դրանք համարվում են վճռորոշ ընտրություններ, որոնք կորոշեն՝ արդյոք երկիրը կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման ներկայիս ընթացքը, թե կփոխի ճամբարը: Անցյալ ուրբաթ հայտնի բանտարկյալ Սամվել Կարապետյանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ բանտախցից. «Նիկոլն այլևս տեղ չունի Հայաստանում»:

Հայաստանը պետք է կառավարվի նոր ուժի կողմից, որը «կներկայացնի մեր ինքնությունը, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր հոգևոր և ազգային հիմքերը», – ասաց Կարապետյանը: Կասկած չկա, որ եկեղեցին, որն իրեն համարում է այս շատ ավանդական արժեքների՝ հավատքի և ազգի պահապան, պահանջված նոր ուժի կողքին կլինի։

Հայաստանում արտաքին կուրսի փոփոխությունը նաև հիմնարար կերպով կփոխի Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակը։ Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո մոլլաների ռեժիմը չափազանց թույլ է Հարավային Կովկասում իր նախկին ազդեցությունը վերահաստատելու համար։ Փաշինյանի Անկարա կատարած վերջին այցից հետո Թուրքիան բաց է թողել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և այդպիսով իր ազդեցությունն ամրապնդելու հնարավորությունը։ Վրաստանի օրինակով Հայաստանում կուրսի փոփոխությունն ամբողջ տարածաշրջանը կրկին կբեյի Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ։

Ահա թե ինչու է բոլոր մակարդակներում լիակատար ուժով պայքար մղվում։ Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը ռուսական պետական ​​քարոզչության առաջատար ներկայացուցիչներից է, Ռուսաստանի հանրային ռադիոյով պարբերաբար վիրավորում է Փաշինյանի կառավարությանը՝ այն անվանելով «կաշառակեր, նողկալի և աննշան», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «թուրք»։

Բարձրաստիճան ռուս քաղաքական գործիչները նույնպես հաճախ և հրապարակավ կրկնում են, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը «դավաճանել է երկրի պատմությունը», «լքել է Լեռնային Ղարաբաղը» և «ոչնչացրել սրբազան խորհրդանիշները»։

Եթե գոյություն ունի «հիբրիդային պատերազմ», ապա այն հաջողությամբ մղվում է Հայաստանում։ Շփոթված լինելով, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ, բնակչության և հոգևորականության մեծ մասի կողմից այս փաստարկները ընդունվում են առանց ֆիլտրացման։

Անվտանգության հարց

«Ընտրողների համար անվտանգության հարցը առաջնային նշանակություն ունի», – ասում է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը:

Հայերը կքվեարկեն այն աշխարհառազմավարական գործընկերոջ օգտին, որից նրանք ակնկալում են ավելի մեծ անվտանգություն: Այս անգամ ընտրողները մտահոգված են «իրենց հանրապետության գոյատևմամբ, իրենց հետագա գոյությամբ»: Երկու ղարաբաղյան պատերազմներում տարած հաղթանակից հարբած՝ Ադրբեջանը բացահայտորեն հավակնում է հարավային Հայաստանում գտնվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ այն հայտարարելով «արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք»: Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, եթե Հայաստանը չհնազանդվի։

«Ինֆոսպերբեր»
(շվեյցարական պարբերական)

07.07.2025, 

հեղինակ՝ Ամալիա Վան Գենտ

infosperber.ch

Տեսանյութեր

Լրահոս