
50 միլիոն դրամից ավելի գումար՝ ԱԺ դահլիճների ներքին հարդարման համար

Ազգային ժողովը 50 միլիոն դրամից ավելի գումար է ծախսել վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ դահլիճների ներքին հարդարման աշխատանքների, այդ ծառայությունների տեխնիկական հսկողության, շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների համար։
Այդ նպատակով կնքված պայմանագրերի մասին՝ առավել մանրամասն
Այսպիսով, ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի, Ազգային ժողովի կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման (դահլիճների ներքին հարդարման) աշխատանքների ծառայություններն ԱԺ-ն պատվիրակել է ԱՎԱԳ-ՇԻՆ ՍՊԸ-ին։ Գնումը, որը կատարվել է գնանշման հարցում ոչ մրցակցային ընթացակարգով, արժեցել է 50 միլիոն 988.000 դրամ։ Ըստ պայմանագրի՝ այդ գումարով նախատեսվում է «Ոսկեզօծ դահլիճ»-ի, «Փոքր դահլիճ»-ին կից նախասրահի և «Փոքր դահլիճ»-ի հարդարման աշխատանքներ։
ԱԺ-ին ծառայություններ մատուցող այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հունիսին Կոտայքի մարզում, ընկերության 100 տոկոսի բաժնետերն Օհան Ավագյանն է։ 2019 թվականից սկսած արդեն Ավագ-Շինը Երևանի քաղաքապետարանի, տարբեր համայնքապետարանների ու տարբեր պետական գերատեսչությունների հետ սկսում է տասնյակ պայմանագրերի կնքումը՝ գնանշման հարցում ընթացակարգով։
Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների մասին մեկ այլ պայմանագիր էլ ԱԺ-ն կնքել է «ԱՆԺ» ՍՊԸ-ի հետ, պայմանագրի գինը գերազանցել է 1 միլիոն դրամը։
ՀՄԱ ընթացակարգով էլ ԱԺ-ն 960.000 դրամով «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ին պատվիրակել է ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար դահլիճների ներքին հարդարման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցումը։