Ո՞րն է Համաշխարհային բանկի ու ՄԱՀ-ի լռության գինը. պահանջում էին մասնավորեցնել ցանցերը, հիմա ասելիք չունե՞ն

Ժամանակին Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցների մեկը՝ բաշխիչ ցանցերը, վաճառվեց կամ ապապետականացվեց միջազգային երկու խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի ու Միջազգային արժութային հիմնադրամի պահանջով։ Այն ժամանակ ցանցերը պետական էին, այսօրվա իշխանությունների լեզվով ասած՝ պատկանում էին ժողովրդին։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները համարում էին, որ դրանք պետք է «ժողովրդից վերցնել» ու հանձնել մասնավորին, որովհետև պետությունը լավ կառավարիչ չէ, համակարգում մեծ պարտքեր են կուտակվել՝ բարձր կորուստների պատճառով։

Այն ժամանակ ՀԲ-ն ու ՄԱՀ-ը դեմ էին, որ ցանցերը մնային պետական։ Իշխանության այսօրվա կառավարիչները, հայտնի պատճառներով, որոշել են մասնավորից խլել այն ու վերադարձնել պետական կառավարման, բայց Համաշխարհային բանկն ու Միջազգային արժութային հիմնադրամը, որոնք ժամանակին համարում էին, որ պետությունը լավ կառավարիչ չէ ու պետք է օտարի ցանցերը, քար լռություն են պահում։ Այլևս չեն ասում, որ պետությունը լավ կառավարիչ չէ, որ դրանով վտանգում է Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգությունը, ներքաշում ցնցումների մեջ։ Այնպես, ինչպես ժամանակին էր, երբ պետական բյուջեն ստիպված էր լինում խոշոր ֆինանսական հատկացումներ կատարել՝ համակարգի ճեղքերը փակելու համար։

Թե ինչո՞ւ են միջազգային կառույցներն ու ֆինանսական կազմակերպությունները լռում, երբ իշխանություններն ամեն ինչ անում են էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկը ոչ միայն ներքաշելու ցնցումների մեջ, խնդիրներ ստեղծելու էներգետիկ անվտանգության, ներդրումների համար, այլև կեղծ կարգախոսներով փորձում են խլել մասնավորի սեփականությունը, դժվար չէ հասկանալ։ Այս կառույցները վաղուց ապացուցել են, որ հանդիսանում են Հայաստանի այսօրվա կառավարիչների շահառուները, առաջնորդվում են ոչ թե միջազգային իրավունքով ու արդարությամբ, երկրի ու ժողովրդի տնտեսական, էներգետիկ անվտանգային շահերով, այլ իշխանության քաղաքական ամբիցիաներով ու աշխահաքաղաքական նպատակահարմարություններով։

Այս պահին նրանց համար կարևոր է, որպեսզի ռուսական կապիտալով հայ գործարարին պատկանող ընկերությունը խլեն ու պետականացնեն, կապ չունի, որ պետությունը վատ կառավարիչ է ու դրա հետևանքով էներգետիկ համակարգը բախվելու է լրջագույն խնդիրների, ինչպես տարիներ առաջ, երբ պատկանում էր պետությանը, լեզուները կուլ են տվել։ Վաղը պետք լինի՝ էլի կհիմնավորեն, որ պետությունը լավ կառավարիչ չէ ու պետք է վաճառի ցանցերը, բայց արդեն իրենց ուզած սեփականատիրոջը։

Կարդացեք նաև

Գործ ունենք սեփականությունը խլելու, բռնի զավթելու դասական երևույթի հետ, որին իրենց քար լռությամբ օժանդակում են նաև միջազգային կազմակերպություններն ու ֆինանսական կառույցները, այդ թվում՝ Համաշխարհային բանկն ու Միջազգային արժութային հիմնադրամը։

Բաշխիչ ցանցերի ապապետականացման ու վաճառքի հետ այսօրվա սեփականատերը՝ ի դեմս գործարար Սամվել Կարապետյանի, որևէ առնչություն չունի։ Այն բարեխիճ գնորդ է, որը ցանցերի սեփականատիրական իրավունքը ձեռք է բերել մասնավորից։ Այն էլ՝ երկրորդ գնորդից, այն էլ՝ չափազանց ծանր ֆինանսական վիճակում, երբ ընկերությանը սնանկացում էր սպառնում՝ բավական մեծ ֆինանսական պարտավորությունների ու դրանք կատարել չկարողանալու պատճառով։

Այդ պարտավորությունները կատարելու համար էլ առաջարկվել էր հոսանքի սակագինը կտրուկ բարձրացնել։ Իշխանությունների խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ցանցի կառավարումն ու սնանկացման սպառնալիքի տակ գտնվող ընկությունը մի քանի տարում դարձրեց շահութաբեր։

Ցանցերը Սամվել Կարապետյանը գնել է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից։ Վերջինս էլ գնել էր «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգից»։

«Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգը» բրիտանական ընկերություն էր, որը դարձավ Հայաստանի բաշխիչ ցանցերի առաջին սեփականատերը՝ վճարելով 40 մլն դոլար։

Այն թվերը, որոնք ՔՊ-ականները միտումնավոր հնչեցնում են ցանցերի վաճառքի վերաբերյալ՝ փորձելով ցույց տալ, թե ջրի գնով օտարել են պետական ունեցվածքը, կեղծ են։ Ցանցերը ոչ թե 12 միլիոնով է վաճառվել, ինչպես իրականությունը խեղաթյուրում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, այլ 40 միլիոնով։ Դրա մեջ մտնում են նաև այն պարտքերը, որոնք կուտակել էր պետական կարգավիճակ ունեցող ընկերությունը։

Այնպես են խոսում ցանցերը ջրի գնով վաճառելու մասին, կարծես գնորդները թափված էին։

Հայտարարված միջազգային 2 մրցույթներով՝ ցանցերը գնելու համար, ընդհանրապես որևէ հայտ չեղավ։ Ոչ մեկը չուզեցավ այն գնել ու մտնել նման գլխացավանքի տակ։

Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ. Այս համակարգը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, գտնվում էր անմխիթար տեխնիկական վիճակում, բարոյապես ու ֆիզիկապես մաշված էր, մեծ ներդրումներ էր պահանջում։ Ու դա էր պատճառը, որ 2 անգամ հայտարարված մրցույթներին որևէ միջազգային կազմակերպություն անգամ փորձ չարեց հայտ ներկայացնել։ Միայն երրորդ մրցույթով այն գնեց բրիտանական «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգը»։ Տարիներ անց՝ ցանցերի սեփականատեր դարձավ ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ը։

Բայց ինչպես բրիտանական, այնպես էլ ռուսական ընկերությունը չկարողացան գլուխ հանել ցանցերի կառավարումից ու դուրս բերել ծանր ֆինանսական վիճակից։ Դա հաջողվեց անել այսօրվա սեփականատիրոջը։

Ու սրա համար, փոխարենը շնորհակալություն հայտնեին, պետական ամբողջ ապարատով ընկել են գործարարի ու նրա սեփականության հետևից։ Իսկ իրենց սեփականության իրավունքի պաշտպան հռչակած միջազգային կառույցներն ու ֆինանսական կազմակերպությունները, որոնք ժամանակին այդքան ջանասիրաբար առաջ էին մղում էներգետիկ համակարգի արտադրող ու բաշխող պետական ձեռնարկությունների մասնավորեցման գաղափարը, լռում են։

Դարձել են իշխանությունների կցորդն ու կամակատարը, բերանները ջուր առած՝ հետևում են, թե ինչպես են ոտնահարում սեփականության իրավունքի տարրական պահանջներն ու բռնանում մարդու ունեցվածքին։

Սա է միջազգային կազմակերպությունների հռչակած՝ իրավունքի ու արդարության պաշտպանությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս