Սեփական քաղաքական վախերից դրդված՝ իշխանությունները վերջին ամիսներին մի գործընթաց են նախաձեռնել, որը չափազանց վտանգավոր է թե՛ երկրի տնտեսության, և թե՛ ընդհանրապես պետականության համար։ Խոսքը «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների ու նրան պատկող ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է, որոնք հերթական անգամ բացահայտեցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն անթաքույց յուրացնում պետական ինստիտուտներն և դրանք ծառայեցնում սեփական քաղաքական վրեժխնդրության ու քմահաճույքների համար։
Ժամանակին Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցների մեկը՝ բաշխիչ ցանցերը, վաճառվեց կամ ապապետականացվեց միջազգային երկու խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի ու Միջազգային արժութային հիմնադրամի պահանջով։ Այն ժամանակ ցանցերը պետական էին, այսօրվա իշխանությունների լեզվով ասած՝ պատկանում էին ժողովրդին։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները համարում էին, որ դրանք պետք է «ժողովրդից վերցնել» ու հանձնել մասնավորին, որովհետև պետությունը լավ կառավարիչ չէ, համակարգում մեծ պարտքեր են կուտակվել՝ բարձր կորուստների պատճառով։
Գործ ունենք մի սխեմայի հետ, երբ առկա է մի անձ, որը վերցրել է իշխանությունը, ունի մեկ նպատակ՝ պահել այն ցանկացած գնով, և մնացածն էլ՝ ամբողջ պետական ապարատը, այդ իշխանությունն ապահովողներն են, բոլորի քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահելու շուրջ։