Բաժիններ՝

Ովքե՞ր են ԵԱՍՄ ցախավելների մրցույթների մասնակիցները․ ինչո՞ւ վերջին շրջանում մրցույթները գլուխ չեն գալիս

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի կողմից ցախավելների ձեռքբերման հարցը շարունակում է մնալ մեր դիտակետում՝ հաշվի առնելով մեզ ահազանգած գործարար Արթուր Անանյանի՝ ԵԱՍՄ հայտարարած մրցույթների շուրջ ունեցած մտահոգությունները, ինչպես նաև՝ հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանի արձանագրումները, թե այդ մրցույթներն իրականացվում են ԵԱՍՄ հիմնարկի տնօրենին փոխկապակցված անձանց մասնակցությամբ։

Սեփական բիզնեսը, տասնյակ տարիների ջանքերը փրկել փորձող Արթուր Անանյանն ահազանգում էր, որ 2024 թվականի հունվարից՝ Դավթաշեն, ապա՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին խորհրդական Սաշա Կատվալյանի՝ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկսել են խոչընդոտներ ստեղծվել։

Ավելի ուշ՝ անգամ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Արթուր Անանյանը հակադարձել էր՝ ցախավելները վերադարձրել են հիմնարկին՝ ինչպես միշտ։ Արթուր Անանյանը հայտնվել էր դատական պրոցեսների մեջ․ նաև ինքը՝ գործարարը, մի քանի հայցերով դատարան էր դիմել` պահանջելով կասեցնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցությունը։ 

Ավելին՝ իր մատակարարումները կասկածի տակ դնող նիստերով էլ Արթուր Անանյանը տեղեկացրել էր, որ գտել է փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որոնք հաստատում են իրենց մատակարարումները։ 

Կարդացեք նաև

Օրերս 168am-ի հետ զրույցում վերջին դատական նիստերին անդրադառնալով՝ Արթուր Անանյանը նկատեց, որ նախորդ դատական նիստին, օրինակ, պատասխանող կողմը՝ ԵԱՍՄ ներկայացուցիչը, չէր ներկայացել։ Ըստ գործարարի՝ «ժամանակ են ձգում»։

Նա տեղեկացրեց նաև, որ ԵԱՍՄ-ի կողմից հերթական մրցույթն է հայտարարվել և նախորդ տարիների համեմատ՝ բարձրացել է մրցույթի գինը, ու դրա պատրվակով պահանջում են երաշխիք, հայտի ապահովման վճար, ինչը, թեև իրենք չեն կարողանում վճարել, սակայն պատրաստ են զգալիորեն ցածր գնով տրամադրել ցախավելները։

ԵԱՍՄ վերջին մրցույթի մասին՝ առավել մանրամասն

168.am-ը փորձեց պարզել, թե ովքե՞ր են առհասարակ մասնակցում ցախավելների մրցույթներին, և ուսումնասիրեց հենց կազմակերպված վերջին մրցույթը, ինչի մասին նշում էր նաև ցախավելների նախկին մատակարարը։

Ըստ պետգնումների armeps էլեկտրոնային համակարգի՝ ԵԱՍՄ-ԳՀԱՊՁԲ-25/53 ծածկագրով հերթական մրցույթը բացվել է հունիսի 16-ին, հայտերի ներկայացման ժամկետ է նշվել հունիսի 24-ը։ Մրցույթին մասնակցել են ԱՁ Լիլիթ Սահակյանը, «Աննա Մարգարյան» ԱՁ, «Ֆաստ Տոտալ» ՍՊԸ-ն։

150.000 հատ ցախավելի համար ի՞նչ գնային առաջարկներ են եղել

«Լիլիթ Սահակյան Աշոտի»  Ա/Ձ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2022 թվականի մարտին, գրանցման հասցե է նշվում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 26 կոմիսարների փ., տ 25-ը։

Այս ԱՁ-ն ցախավելների մրցույթին մասնակցում է առաջին անգամ՝ ներկայացնելով 74 մլն 800.000 դրամ գնային առաջարկով և 10 տոկոսի չափով հայտի ապահովման գումարի՝ 3 միլիոն 750.000 դրամի անդորրագիր։

ԱՁ ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց․ «Ես իրական մասնակից եմ։ Մեծ հույս էի կապել այդ մրցույթի հետ․ այն մի քանի անգամ չի կայացել, ու որոշեցի մասնակցել, նույնիսկ կանխավճարի գումարն ընկերոջիցս եմ վերցրել»

«Աննա Մարգարյան Ռուբենի» ԱՁ-ն, որը ներկայացնում է գործարար Արթուր Անանյանը, գրանցված է 2017 թվականից։ Արթուր Անանյանը պատմել էր, որ բակային ավելների բիզնեսը հիմնել է հայրը՝ դեռ 1990-ականներին, իսկ ավելների ձեռքբերման պետգնումներին սկսել են մասնակցել 2016 թվականից՝ երկու ԱՁ-ներով, ստեղծել են դաշտեր, որտեղից մատակարարում են իրականացրել ու կարող են իրականացնել։ Նրանց առաջարկն այս մրցույթին եղել է զգալիորեն ամենացածրը՝ 52 միլիոն 500.000 դրամ, թեև չի ներկայացրել հայտի ապահովման գումարը։

Հաջորդ մասնակիցը՝ «Ֆաստ Տոտալ»-ը, գրանցվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 2024 թվականի հոկտեմբերին, ընկերության 100 տոկոս բաժնետեր է նշվել Սուսաննա Սուքիասյանը։ Նա 72․000․000 դրամ գին է առաջարկել ցախավելների խմբաքանակների համար և հայտի ապահովման վճար՝ 3 միլիոն 760.000 դրամի չափով։

20-ամյա Սուսաննա Հարությունի Սուքիասյանը, թեև գրանցված է այն հասցեով, որտեղ և իր ընկերությունը, սակայն նրա ընտանիքի մի ուրիշ հատվածը, մեր տեղեկություններով, ապրում է Երևանի Հաղթանակ թաղամասում, որտեղ, ի դեպ, բնակվում է ԵԱՍՄ հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանը։

Այս և այլ հանգամանքներ ճշգրտելու համար կապ հաստատեցինք Սուսաննա Սուքիասյանի հետ։ Նա առաջին անգամ մեր հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ թեև տվյալ բույսերի դաշտերը չունեն, սակայն համագործակցում են ու կարող են ապահվել մատակարարումը։

Փորձեցինք ճշգրտել՝ արդյոք առնչակցություն ունե՞ն Հաղթանակ թաղամասում բնակվող Սուքիասյան Հարություն Աբովի (ենթադրաբար՝ հայրը) հետ, նա հաստատեց ազգակցական կապը։

Երկրորդ անգամ, երբ արդեն պետք է ճշգրտեր՝ արդյո՞ք արդեն ունեն պահեստավորված ցախավելներ՝ ըստ մրցույթի պահանջի, ՍՊԸ ներկայացուցիչ Սուսաննա Սուքիասյանը մեզ հորդորեց գրավոր ներկայացնել մեր հարցադրումները։

Ի դեպ, երկրորդ զանգի ժամանակ նա արդեն նշեց, որ «տեղը չի բերում» Սուքիասյան Հարություն Աբովին՝ հավելելով, որ նախորդ օրը ղեկին է եղել, հավանաբար այդ պատճառով այլ կերպ է արձագանքել…

Հավելենք՝ ԽԾԲ ԱՁ-ներով մրցույթների մասին ահազանգել էր քաղաքապետարանի աշխատանքներն իր դիտակետում պահող հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ արձանագրելով․«․․․ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսելը» պայմանագիր է կնքում իր հարևանի նոր բացված ԱՁ-ի հետ՝ ցախավելների մատակարարման համար, որը իբրև պետք է օրական մատակարարի 4000 հատ ցախավել։

Անդրանիկ Բեդախյան Ռոմանի ԱՁ-ն նույնպես մասնակցել է ցախավելների տենդերին, որից հետո աշխատանքի է ընդունվել «ԵԱՍՄ»՝ որպես օպերատոր։ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է, այսինքն՝ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևաններն են։

Միևնույն ժամանակ, մեկ այլ տենդերների մասնակից կա՝ Լուիզա Բեդախյան ԱՁ, որի ազգանունը արդեն ամեն ինչ ասում է։ Ո՞վ կարող է ասել, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսեցի «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանները դարձան բիզնեսմեն՝ մասնակցելով «ԵԱՍՄ»-ի տենդերներին նրա ղեկավար նշանակվելուց հետո, իսկ առաջ, հետաքրքիր է, ինչո՞ւ չէին մասնակցում։ Կոռուպցիա ԿԱ»։

Տեսանյութեր

Լրահոս