«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի կողմից ցախավելների ձեռքբերման հարցը շարունակում է մնալ մեր դիտակետում՝ հաշվի առնելով մեզ ահազանգած գործարար Արթուր Անանյանի՝ ԵԱՍՄ հայտարարած մրցույթների շուրջ ունեցած մտահոգությունները, ինչպես նաև՝ հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանի արձանագրումները, թե այդ մրցույթներն իրականացվում են ԵԱՍՄ հիմնարկի տնօրենին փոխկապակցված անձանց մասնակցությամբ։
Սաշա Կատվալյանի ղեկավարած ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն» իր կարիքների համար դեռ ապրիլի 22-ին ցախավելների ձեռքբերման նպատակով հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավեր էր հանրայնացրել։ Աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել «Սոպրանո գրուպ» ՍՊԸ-ն և «Աննա Մարգարյան» ԱՁ-ն։
168.am-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր ցախավելների ձեռքբերման պետական գնումների մանվածապատ թեմային՝ նշելով, որ տարիներ շարունակ մատակարար հանդիսացող Արթուր Անանյանին փաստացի զրկել են ընտանեկան բիզնեսից։
Ցախավելների գնման գործընթացի թեման, որի մասին տարատեսակ դրվագներ արդեն հանրայնացվել են մամուլում, դեռ «շատ ջուր է քաշելու»։