
Գտել ենք փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որոնք հաստատում են մեր մատակարարումները․ ցախավելների մատակարարը սպասում է հերթական դատական նիստին

Տարիներ շարունակ ցախավելների մատակարարում իրականացրած գործարար Արթուր Անանյանը, ով այսօր ուղղակի դուրս է մղվել պետական գնումներից, սպասում է գործով հերթական դատական նիստին՝ ինչպես ինքն է նշում, որ արդարությունը վերականգնվի։
«Հերթական նիստը հունիսի 2-ին է։ Մենք հույս ունենք, որ այս դատական գործընթացը կավարտվի հօգուտ մեզ։ Կային փաստաթղթեր, որոնք չունեինք, բայց դրանց էլեկտրոնային տարբերակներն ենք գտել, իսկ այդ փաստաթղթերը հաստատում են մեր մատակարարումների, խմբաքանակի, ժամանակահատվածի իսկությունը և հերքում մեր դեմ տարածվող շինծու մեղադրանքները։
Մեր աշխատակիցները ևս պատրաստ են վկայություն տալու, պետք է ներկայանան նաև հիմնարկի այն աշխատակիցները, որոնց ընդունման ստորագրություններն առկա են մեզ մոտ պահվող թղթերում»,- 168․am-ի հետ զրույցում նշեց Արթուր Անանյանը։
168․am-ը պարբերաբար անդրադարձել է ցախավելների ձեռքբերման պետական գնումների մանվածապատ թեմային՝ նշելով, որ տարիներ շարունակ մատակարար հանդիսացող Արթուր Անանյանը փաստացի զրկվել է ընտանեկան բիզնեսից։
Գործարարը տեղեկացրել էր՝ իր բիզնեսի առաջ խոչընդոտները սկսվել էին հիմնարկի տնօրենի պաշտոնում Սաշա Կատվալյանի նշանակումից հետո։
Գործարարը հավելեց՝ այս իրավիճակի պատճառով իրենց ավելի քան 30 աշխատակիցներ մատնված են անգործության։
«Մարդիկ կան, որոնք 15 տարի և ավելի մեզ մոտ աշխատել են։ Բոլորը հույսով սպասում են, որ ամեն ինչ լավ կլինի, ու նորից կսկսենք աշխատել, մատակարարել»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵԱՍՄ կողմից հայտարարված մրցույթներին՝ նա պարզաբանեց, որ նախորդ տարիների համեմատ՝ բարձրացել է մրցույթի գինը։
«Այդ գինն արդեն 75 միլիոն դրամ է, և դրա պատրվակով պահանջում է 22,5 միլիոն դրամ երաշխիք։ Մենք այդ երաշխիքը չենք կարողանում տրամադրել, բայց իրենց կողմից գցված գնից՝ 500 դրամից ցածր գնային առաջարկով՝ 350 դրամով ենք պատրաստ մատակարարում իրականացնել։ Բայց համայնքային հիմնարկը չի պատրաստվում գնալ տնտեսումների, այլ անում է այնպես, որպեսզի ոչ ոք այդ մրցույթներին չմասնակցի»,- շեշտեց նա։
Գործարարը սա հասկանալի չի համարում, հատկապես, երբ ականատես է լինում, թե ինչպես են մաքրուհիները քաղաքում մարգագետիններից պեղում կատարելով՝ գտնում խոտեր՝ քաղաքը մաքրելու համար։