Փաշինյանի աշխատակազմն արդեն պատրաստվում է Քաղաքացու օրվա միջոցառումներին․ հայտնի է 2 կազմակերպչի անուն
Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը․ այս մասին օրերս հայտնեց Voice of peace «Ինստագրամ»-ի էջը։
Նշվում է, որ այդ օրը մեկ բեմում կհանդիպեն համաշխարհային աստղեր և ոչ միայն։ Թե ով կկազմակերպի այս միջոցառումը, դեռևս հայտնի չէ, սակայն հայտնի են նույն ՔՊ-ի ու ՀՀ հպարտ քաղաքացիների տոնական օրվա մյուս դրվագների կազմակերպիչների անունները։
Այսպես, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում 2026թ. ապրիլի 25-ին բանախոսությունների և քննարկումների կազմակերպում և սպասարկում միջոցառումը կկազմակերպի «Ստեփան Կույումջյան Միհրանի» ԱՁ-ն: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս համապատասխան պայմանագիրն է կնքել, որի գինը 13 միլիոն 222 223.00 դրամ է։
Իսկ Վարդենիսում և Մարալիկում բեմական հարթակի ստեղծումը, ձևավորումը և մշակութային միջոցառման կազմակերպումը կիրականացնի «Վահրամ Թոքմաջյան Վարդանի Անհատ ձեռնարկատեր»-ը. պայմանագրի գինը՝ 7 միլիոն 200.000 դրամ։

Մրցույթում շահած երկու մասնակիցներն էլ պետգնումների ակտիվ մասնակից են։ Վահրամ Թոքմաջյանին առանձին անդրադառնալու առիթ ունեցել ենք, քանի որ նա պատմաբան է, պատմության ուսուցիչ, աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, եղել է Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամի և ուստր Աշոտի ուսուցիչը:
2018 թվականի թավշյա իրադարձություններից հետո նա բավականին ակտիվ խոսում էր «հեղափոխական արժեքների» մասին, տեղ-տեղ քննադատում իշխանություններին։
Բայց 2022 թվականից՝ նա սկսեց ակտիվանալ պետգնումներում՝ մասնակից դառնալով տարբեր ծրագրերի:
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը նշում են ապրիլի վերջին շաբաթ օրը․ 2019 թվականի մարտի 21-ին կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ նոր տոն։



