Մալաթիա-Սեբաստիայի մղձավանջը վերադառնում է. ո՞վ կփոխարինի Ռոմիկ Մխիթարյանին
Օրեր առաջ մամուլը գրեց, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բոլոր այն թաղապետերը, ովքեր ՔՊ-ի համար շռնդալից արդյունք չեն ապահովել իրենց համայնքներում:
168.am-ի տեղեկություններով՝ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արամ Զավենի Սարգսյանի՝ «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը:
Վարչական շրջանի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են. համառ խոսակցություններ են տարածվում այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիայի հաջորդ ղեկավարը լինելու է նույն շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, ում պաշտոնավարումը համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատակիցները մինչ այժմ սարսափով են հիշում:
Սաշա Կատվալյանը Տիգրան Ավինյանի շրջապատից է, մտերիմ հարաբերություններ ունի նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նա աշխատանքից ազատվեց 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ իր համար ճակատագրական մի ֆեյսբուքյան գրառումից հետո, սակայն, անգործ չմնաց: Նա նախ նշանակվեց Տիգրան Ավինյանի խորհրդական, ապա աշխատանքից ազատվեց 2023թ. նոյեմբերին, ապա շուրջ 2 ամիս անց՝ 2024թ. հունվարին, նշանակվեց «ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ» հիմնարկի տնօրենի պաշտոնում:
Մալաթիա-Սեբաստիայի աշխատակիցները շատ լավ են հիշում, ինչ տեղի ունեցավ 2022թ. մարտի 2-ից հետո, երբ Սաշա Կատվալյանը նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնում: Շուրջ մեկ ամսվա ընթացքում նա այնպիսի կադրային ջարդ էր իրականացրել աշխատակազմում, որ հնաբնակների խոսքով՝ երբևէ նման բան ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
Ավելի ուշ թաղապետարանի նախկին աշխատակիցները 168.am-ին պատմել էին՝ իրենց աշխատանքից ազատելիս ասվել է ընդամենը մեկ նախադասություն՝ մենք իրար հետ չենք կարող աշխատել:
Սաշա Կատվալյանը, նրանց խոսքով, թաղապետարանը լցրել է յուրայիններով, այդ թվում՝ սկանդալի կիզակետում հայտնված յուրայիններով:
Վարչական շրջանի հնաբնակները նշում էին՝ 20 տարբեր թաղապետերի հետ են աշխատել՝ լուսահոգի Վահան Զատիկյան, Դավիթ Օհանյան, Արտակ Ալեքսանյան, Դավիթ Կարապետյան, բայց Սաշա Կատվալյանի ու նրա աշխատակազմի նման անմարդկային ղեկավար կազմ չեն տեսել:
Եվ հիմա փաստորեն մղձավանջը վերադառնում է. Սաշա Կատվալյանը կրկին կնշանակվի Մալաթիա-Սեբաստիա Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

