Բաժիններ՝

«Չի՛ կարելի մարդու տարիների դրածը քայքայել». ցախավելների մատակարարը ևս մեկ դատ է շահել

168.am-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր ցախավելների ձեռքբերման պետական գնումների մանվածապատ թեմային՝ նշելով, որ տարիներ շարունակ մատակարար հանդիսացող Արթուր Անանյանին փաստացի զրկել են ընտանեկան բիզնեսից։

Տեղեկացրել էինք նաև, որ գործարարը մի քանի հայցերով դատարան է դիմել` պահանջելով կասեցնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցությունը։

Արթուր Անանյանն այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց` դատերից հերթականը լուծվել է հօգուտ իրենց գործունեության։

«Դեռ նախորդ տարի հայց էինք ներկայացրել դատարան. պահանջել էինք անվավեր ճանաչել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կարիքների համար ցախավելների ձեռքբերման նպատակով հայտարարված էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի կողմից մեր հայտը մերժելու և «Անդրանիկ Բաղրամյան Ռոմանի» Ա/Ձ–ին ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումները։

Կարդացեք նաև

Օրերս ստացանք վճիռը, որով, փաստորեն, դատարանը բավարարել էր մեր պահանջը,- նշեց ԵԱՍՄ հիմնարկի նախկին մատակարարը` հավելելով,- Դատարանից և բոլոր ատյաններից ակնկալում եմ, որ ամեն ինչ կդիտվի արդարության սկզբունքով, քանի որ ինձ պետգնումներից դուրս մղելով՝ ոչ թե իմ՝ գործարարիս ու հարկ վճարողիս հանդեպ են միայն անարդարություն ցուցաբերել, այլ հենց պետության»։

Ի դեպ, գործարարը տեղեկացրեց՝ մարտ ամսին ևս մեկ դատական նիստ կա. Սաշա Կատվալյանը պահանջում է վերադարձնել պայմանագրով նախատեսված ցախավելների խմբաքանակը, որոնք, Արթուր Անանյանի հավաստմամբ՝ վաղուց մատակարարվել են։

«Թող չմտածեն՝ կարող են մեկ դատով վախեցնել, թող մտածեն՝ իրենք ինչպես են իրենց կուլ տված ոսկորը մարսելու,- նշեց Արթուր Անանյանը՝ ավելացնելով, որ կատարվածի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին,- Չի՛ կարելի մարդու տարիների դրածը քայքայել ու երկրի վարչապետին էլ ասել, թե ինքը վատ մատակարար էր. Մրցեք՝ տեսնենք, թե ով է լավ մատակարարը, թող գան, ինձ հետ մրցեն»։

Արթուր Անանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում պնդել էր՝ 2024 թվականի հունվար ամսից, երբ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնը վստահվել է Սաշա Կատվալյանին, իր տնտեսական գործունեությունը խոչընդոտող լրջագույն հարցերի է սկսել բախվել. տարիներ շարունակ ԵԱՍՄ հիմնարկին մատակարարել է ցախավելներ, իսկ այսօր կանգնած է ընտանեկան բիզնեսի փակման եզրին։

«Այս ամենը հիմնել է հայրս դեռ 1990-ականներին։ Բակային ավելների ձեռքբերման պետգնումներին սկսել ենք մասնակցել 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում ստեղծել ենք դաշտեր, որտեղից կարելի է կազմակերպել մատակարարում։ Եթե ինչ-որ մեկն ուզում է այս ասպարեզում գործունեություն ծավալել, ամենաքիչը, ինչը պետք է ունենա, դաշտերն են, որոնք կապահովեն այն քանակը, որը, ըստ պայմանագրի կետերի ու չափորոշիչների՝ կկարողանա մատակարարել։

Երբ Սաշա Կատվալյանը նշանակվեց հիմնարկի տնօրեն (նա մի տարվա մեջ 4-րդ տնօրենն էր), և հենց այդ վայրկյանից սկսած՝ եղան ինչ-ինչ խոչընդոտներ՝ տարբեր պատճառաբանություններով, ապա նաև՝ հիմնարկի կողմից եղավ պայմանագրի միակողմանի լուծում։ Մենք տվեցինք դատի, դատը շահեցինք, իրենք էլ տվեցին վերաքննիչ, ու այդպես՝ սկսվեցին դատ ու դատաստաններ։

Բացի դա, երկու հայցեր ևս տվել ենք դատարան կասեցման պահանջներով՝ Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցության առնչությամբ»։

168.am-ի հարցին՝ կոնկրետ տեղեկություննե՞ր ունեք, թե՞ ենթադրություններ են, որ Սաշա Կատվալյանին փոխկապակցված անձինք են, նա արձագանքել էր. «Ենթադրություններ չեն․ կարելի է մտնել գնումների էջը, տեսնել՝ ովքեր են գնումներին մասնակից անձերը, տեսնել նրանց հասցեները գրանցման, բնակման և արտադրողական, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Բացի այդ, սա սպեցիֆիկ գործ է, որը, ինչպես արդեն նշեցի, պահանջում է մատակարարման համար դաշտեր, ու եթե երկրում կան սրանով երկար զբաղվող մի քանի հոգի, իրար ճանաչելու են, ինչն այս պարագայում այդպես չէ։ Չի կարող մարդը մրցույթ գցի, օրինակ, ամսի 10-ին, ու դրանից մի քանի օր առաջ բացված ԱՁ-ն մասնակցի մրցույթի։ Էլ չեմ ասում, որ ինձ հասած տեղեկություններով՝ մրցույթը շահածներից մեկը` Անդրանիկ Բաղրամյանը, նույն հիմնարկում է աշխատում՝ որպես օպերատոր (չնայած ասում են՝ հետո է գրանցվել), մեկ այլ մասնակից՝ Լուիզա Բեդախյանը, Սաշա Կատվալյանի ֆեյսբուքյան ընկերներից է, իսկ մյուսը՝ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է»։

Քանի որ ավելի վաղ, ըստ մամուլի հրապարակումների, Սաշա Կատվալյանը պնդել էր, թե Արթուր Անանյանի կողմից չի մատակարարվել անհրաժեշտ խմբաքանակը, և, որ պահեստ մուտքագրվող ապրանքները ժամանակին չեն մուտքագրվել, ընդունման-հանձնման ակտով չեն ընդունվել, մեր զրուցակցից հետաքրքրվել էինք նաև, թե ո՞ւր են անհետացել այդ ցախավելները։

Արթուր Անանյանը պատասխանել էր․ «Դրանք չեն անհետացել, դրանք օգտագործվել են քաղաքում, դրանք ամենօրյա ռեժիմով մուտք են գործել ԵԱՍՄ հիմնարկ։ Լավ, առաջին պայմանագիրը չտվեցի, երկրորդը, երրորդը, դրա համա՞ր է հետո էլի մրցույթ եղել, ես շահե՞լ եմ, կամ այդ 700 հավաքարարը 5 ամիս չե՞ն աշխատել, քաղաք չեն մաքրե՞լ։ Եվ հետո՝ այդ ընդունման-հանձնման ակտը պետք է հիմնարկը տրամադրեր։

Կամ՝ այդքան հե՞շտ է պայմանագիր կնքել, մատակարարում չանել ու փողերը ստանալ, կամ՝ մենք մատակարարող վարորդներ ունենք, որոնք ամեն օր մտել, դուրս են եկել, այդ հիմնարկում պահակակետ կա, ընդունող մարդիկ կան, ո՞ր մեկը կարող է ժխտել»։

Տեսանյութեր

Լրահոս