2018թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանի կադրային փոփոխություններն ԱԱԾ-ում, ինչ է դրանց նախորդել, ով է «հոգնել», ումից են «հոգնել»

Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, և համապատասխան պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադառնալով իր այս որոշմանը, նշել է. «Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից։ Եվ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ, հասկանում եք՝ հեշտ չի»։

Իսկ Արմեն Աբազյանի պաշտոնանկության և Սամվել Կարապետյանի տանն իրականացված գործողությունների միջև կապին վերաբերող հարցին Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ…, ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ: Իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես՝ ինչն առնչվում է անվտանգությանը, այդ թվում` հիբրիդային»:

Արդյոք Աբազյանը հրաժարվե՞լ է որևէ հանձնարարական կատարել հարցին ի պատասխան էլ՝ Փաշինյանը վստահեցրել է՝ ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իր որևէ հանձնարարական։

Կարդացեք նաև

Նախքան նրա «պատճառահետևանքային» ձևակերպումների տողատակերին անդրադառնալը, մի կարճ էքսկուրս կատարենք:

2020թ. 44-օրյա պատերազմից հետո 168.amգրել էր, թե 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-ներում կադրային ինչ փոփոխություններ են եղել, ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել: Այս անգամ կսահմանափակվենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կադրային նշանակումներով: Եվ այսպես:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Արթուր Վանեցյանը, ազատվել կամ հրաժարական է տվել 2019թ. սեպտեմբերի 16-ին:

Իր հեռացման որոշման մեջ Վանեցյանը, մասնավորապես, նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»:
Հավելենք, որ 2021թ. հոկտեմբերի 8-ին Վանեցյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել էր. «Փաշինյանը՝ իմ, Ալիևը՝ իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել»:

Նա նշել էր, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

Նշենք, որ 2018-ի սեպտեմբերի 28-ին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն էին ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, որը հայտնի է՝ որպես «վերելակային հանդիպում»:

Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում եղած ժամանակ Փաշինյանը բնականաբար այլ հանդիպումներ էլ է  ունեցել Ալիևի հետ:

Ինչևէ, 2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, իսկ 2020թ. մարտի 19-ին՝ արդեն ԱԱԾ տնօրեն, այս պաշտոնից նրան ազատեցին 2020թ. հունիսի 8-ին:

 

2020թ. հունիսի 8-ին ԱԱԾ տնօրեն էր դարձել Արգիշտի Քյարամյանը, որից մեկ ամիս հետո սկսվեցին հուլիսյան մարտերը, իսկ 2020թ. հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին, մինչ այժմ պաշտոնապես պատճառը հայտնի չէ:

Ի դեպ, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ 2020թ. հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում շարունակել է լինել Արցախում:

168.amգրել է, որ պատերազմի օրերին մեկ օրվա տարբերությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին, պաշտոնից ազատել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն էլ՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էրլրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Ի դեպ, մենք 1-2 տարվա ընթացքում մի քանի անգամ փորձել ենք պարզել՝ ո՞րն է եղել Շահումյանի ազատման պատճառը, և արդյո՞ք նրա և Քյարամյանի ազատումների միջև կապ կա:

Ուժային կառույցից նախ հիշեցրել էին, որ օրենսդրությամբ ԱԱԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ԱԱԾ տնօրենը, այնուհետև շարունակել, որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանն ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել և, ինչո՞ւ չէ՝ այն տրամաբանության մեջ, ինչ Փաշինյանի ընտանեկան թերթն ակնարկել էր:

Արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020թ. հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը թույլատրել էր նրան առանց որևէ պաշտոնի շարունակել լինել Արցախում, իսկ հետո վստահել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը և զգալի դերակատարում ունենալ 44-օրյայի պարտության մեղավորներ գտնելու գործում:

Իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պաշտոնը վստահվել էր Դավիթ Սանամյանին, ում գեներալ է դարձրել Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, 3 տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իբր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: Նման բան, սակայն, տեղի չունեցավ:

Ինչևէ։ Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին, 2020թ. հոկտեմբերի 8-ին Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Միքայել Համբարձումյանին նշանակեցին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Նրա այս պարտականությունները դադարեցվել են 2020թ. նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկություն էր արել Փաշինյանին, ինչը մերժվել էր:

Միքայել Համբարձումյանն ավելի ուշ հայտարարել էր, որ ՌԴ նախագահի առաջարկը քննարկման չի ներկայացվել Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում:

Հավելենք, որ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում բոլորը միաձայն համաձայնել են՝ պատերազմը պիտի կանգնեցնել, ինչը չի արվել: Դրանից առաջ՝ պատերազմի 4-րդ օրը, նման առաջարկ է արել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Իսկ 2020թ. նոյեմբերի 8-ին՝ կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ օր առաջ, ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Արմեն Աբազյանը, իսկ այսօր՝ 2025թ. հունիսի 18-ին, նրան ազատեցին այդ պաշտոնից, որին նույնիսկ հասցրել էր վերանշանակվել:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերյան փաստաթղթում հիշատակում է եղել նաև Տավուշի մասին, և ավելի ուշ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դա վերագրել էր Արմեն Աբազյանի ջանքերին՝ ասելով. «Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»: Իհարկե, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն իր տարբերակն ունի։ 

Սակայն ճակատագրի հեգնանքով հենց Արմեն Աբազյանի պաշտոնավարման ժամանակ Տավուշում տեղի ունեցավ պիլոտային անօրինական սահմանազատման և սահմանագծման գործընթացը, դեռ մի կողմ ենք դնում այս 5 տարվա ընթացքում անվտանգային այլ դրվագներ, որոնցից Հայաստանը հաստատ շահեկան դիրքերում չի հայտնվել:

Իհարկե, չի բացառվում, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրենն ինչ-որ բաներ կանխել է կոնկրետ անձանց և պետության հետ կապված, փորձել է ինչ-որ խնդիրներ լուծել, ինչպես, օրինակ՝ անհայտ կորածների հետ կապված: Նշենք, որ վերջերս Արմեն Աբազյանը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել օկուպացված Արցախում համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու շուրջ:

Հարկ է նկատել՝ չնայած նրան, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի անվտանգային պահանջներին Արմեն Աբազյանը դեմ չի գնացել, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում սահմանափակվել է՝ ասելով, որ 5 տարի բարդ ժամանակահատվածում է նա եղել ԱԱԾ տնօրեն՝ որևէ դրական գնահատական չտալով:

Իսկ հետո շարունակել է, որ «ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է հատկապես անվտանգությանը, այդ թվում` հիբրիդային»: Արդյո՞ք այստեղ կա ակնարկ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները, ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, և Սամվել Կարապետյանի արտահայտած մտքերն էլ փորձում են տեղավորել այս տրամաբանության մեջ, թեպետ հիբրիդային պատերազմն ավելի լայն հասկացություն է:

Հնարավոր է՝ նաև այլ պատճառներ կան, իսկ թե Արմեն Աբազյանը «հանգստանալուց» հետո ինչ կանի՝ ցույց կտա ժամանակը: Մի բան հստակ է՝ Փաշինյանի ձևակերպումներն ամեն անգամ ապացուցում են, որ նա չի հարգում որևէ ինստիտուտ, գեներալական ուսադիր:

Ի դեպ, ժամանակին նմանօրինակ արտահայտություն նա արել է նաև գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, երբ մի առիթով անդրադարձել էր Օնիկ Գասպարյան-Սերժ Սարգսյան զրույցին, և դրանից հետո ԳՇ նախկին պետի հետ իր հանդիպմանը:

«Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը։ Ինքը, կարճ ասած, ինձ ասում է՝ որոշում կայացրու և հրաժարական տուր։ Ես իրան հետևյալն եմ պատասխանում, ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքն ասում է՝ երևի մի 4-5 օր չեմ քնել, ասում եմ՝ քեզ խնդրում եմ, գնա, քնի, հանգստացի, հա՞, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի»,- պատմել էր Փաշինյանը և վստահեցրել, թե իբր եղբոր պես վստահել է նրան:

Բայց Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով Նիկոլ Փաշինյանը հեռացրեց բանակից միայն 2021թ. փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո:

Երևի Արմեն Աբազյանի հեռացման ժամանակն էլ հիմա էր՝ առնվազն ԱԱԾ-ից:

Տեսանյութեր

Լրահոս