![](/banners/BeFunky-design.jpg)
Արտաքին հետախուզական ծառայության զեկույցն ու Փաշինյանի՝ հայկական «ռևանշիզմի» դեմ պայքարը. ինչու չէր կարող Հրապարակի տեսանյութը կապ ունենալ Ադրբեջանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/Nikol-Qristine-Grigoryan.jpg)
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել էր իր առաջին հրապարակային զեկույցը, որը Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Իր առաջին զեկույցում Արտաքին հետախուզական ծառայությունը բավականին մեծ տեղ է հատկացրել տեղեկատվական ռիսկերին և հիբրիդային ճնշմանը:
«Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են:
Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել՝ որպես միջազգային ապակառուցողական դերակատար։
Վնասակար ազդեցության օպերացիաների իրականացման առավել վտանգավոր մեթոդներից մեկը սոցիալական ցանցերում կեղծ, անանուն և որոշ դեպքերում գողացված օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվության տարածումն է՝ հաճախ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններն իրական փաստերի հետ համադրելու մարտավարությամբ։
Սոցիալական ցանցերի շահագործումը զուգահեռվում է ավանդական լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվության տարածման հետ, ընդ որում, օգտագործվում են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր սահմաններից դուրս գործող հայտնի ԶԼՄ-ներ։
Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող, այսպես կոչված, վերլուծական 11 կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից»,- նշվում է զեկույցում:
Հունվարի 30-ին Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրում՝ հայտնելով, որ Հանրապետության հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ»:
Այն, որ տարածողի դեմ քրեական գործ են հարուցում, ձերբակալում և միայն հանրության ճնշման տակ չեն կալանավորում, բայցև սահմանափակումներ են սահմանում նրա նկատմամբ, հայտնի է։
ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն է տարածում, բացահայտում այդ անձանց ինքնությունը և հայտնում.
«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը»:
Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հրապարակում ադրբեջաներեն երգողներից մեկը ձերբակալվել է, բայց այլ պատճառով, այսինքն՝ ՀՀ տարածքը լքած չի եղել, ինչպես հայտնել էր ԱԱԾ-ն:
Եվ հիմա երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Փաշինյանին հարց է ուղղել Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողների մասին՝ նշելով, որ փոխարենն ուժայինները պարզեին՝ ովքեր են դա արել, ինչու են դա արել, ինչ նպատակով, որոշել եք ձերբակալել համապատասխան տեսանյութը տարածողին:
Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում հիշեցրել է Ադրբեջանի նախագահի խոսքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ռևանշիստների «հարցերը չլուծի», ինքն է դա անելու, և հարց ուղղել՝ Ալիևի հետ «ռևանշիզմի» դեմ պայքարի կետ համաձայնեցրե՞լ եք, ինչը հունից հանել է Փաշինյանին, ով հայտարարել է, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։
«Այդ ակցիայի նպատակը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմ առաջացնելու համար է: Դա բեմադրված՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմ առաջացնելու համար է: Այդ երգը կատարողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ես չեմ զարմանա, որ ձեզ հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են, կանգնեցրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն: Այս է ամբողջ պատմությունը: Մեկը կերգի Ղարաբաղ, մեկը կերգի Մոսկվա, մեկը կերգի Տիզբոն, մեկը կերգի Հալեպ. կա պարզ բան՝ մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի: Գտել են մեր խոցելի տեղը: Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի: Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար: Ադրբեջան, բան… դրանք հեքիաթ են: Դա կոնկրետ նպատակով՝ Հայաստան–Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու համար է՝ ժողովրդական մակարդակում»,- արձագանքել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը, ԱԺ ամբիոնից դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ ասելով. «Փաշինյանը հաղորդում տվեց հանցագործության մասին»:
Իսկ այսօր արդեն պատգամավորն ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնել է, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմքով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Տեղեկացրել եմ, որ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի՝ տեսական դավաճանության տարրեր։
Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և ԱԱԾ տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, ընթացք տալ և տեղեկացնել ընթացքի մասին: Որպեսզի ամեն անպատասխանատու հայտարարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ ո՞վ է անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- ասել է Գեղամ Մանուկյանը։
Թե ԱԱԾ-ի կողմից ի՞նչ գործողություններ կհետևեն՝ դեռևս հայտնի չէ:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ նախքան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, օրերս վերոհիշատակված տեսանյութին անդրադարձել էր ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նշելով, որ բազմաթիվ հարցեր կան դրա հետ, այն պետք է ուսումնասիրվի:
«Անկեղծ ասած, ես էլ եմ նայել և լսել, շատ հստակ չի էլ լսվում՝ ինչ են իրենք ասում: Մեր դիրքորոշումը հետևյալն է. ովքեր ռասիստական և ազգային լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչն են, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտողները»,- շեշտել էր դեսպանը՝ նշելով, որ պատմության ընթացքում նման գործողությունները, որոնք կարող են ինչ-որ նպատակներ հետապնդել և անգամ նախապես պլանավորված լինել, դրանք Իրանի քաղաքակրթության տիրույթում իրենց ազդեցությունը կորցնում են, ոչ մի նշանակություն չունեն:
Այսինքն, ըստ դիվանագետի, նման գործողությունները չպետք է կասկածներ առաջացնեն Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:
Խնդիրն այն է, որ ըստ էության, Իրանի դեսպանն ակնարկում է, որ Հրապարակում տեղի ունեցածը կարող է ծրագրված լինել, բայց, մեծ հաշվով, սլաքը չի ուղղում ՀՀ ուժերի ուղղությամբ: Խնդիր է նաև այն, որ դեռ ուսումնասիրություն պահանջող դեպքի համատեքստում Փաշինյանը միանգամից հայտարարում է, որ դրա նպատակն Ադրբեջանի հետ որևէ կապ չունի, որտեղի՞ց այդ տեղեկությունը: Եվ վերջապես ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմների մասին խոսող և զգուշացնող ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը չի՞ իմացել այս դեպքի մասին, դրա հեղինակների, նպատակների: Ինչո՞ւ որևէ գործողություն չի ձեռնարկվել: Կարո՞ղ ենք մենք էլ մեր ենթադրություններն անել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր.
«44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: Նրանք, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտը կհասնի:
Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:
Այստեղ մի կողմից՝ Փաշինյանը մեղադրում է այլոց՝ ՀՀ-ում չգրված սցենարով պատերազմը տանելու մեջ, և իբր որպես ապացույց՝ հիշեցնում ինչ-ինչ քրեական գործերի մասին, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում մեղադրվում են ծառայողական և պաշտոնական անփութության կամ անգործության մեջ:
Մյուս կողմից՝ Փաշինյանը ցուցմունք է տալիս իր դեմ՝ նշելով, որ իրավապահ համակարգին չի տրամադրել պատերազմի մասին ամբողջ տեղեկությունը: Եվ այս ինքնախոստովանական ցուցմունքն ուժային, քննչական և իրավապահ մարմինները մինչև հիմա անարձագանք են թողել:
Ի դեպ, այս շարքը կարելի է շարունակել և ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու բավարար ապացույցներ և փաստեր կան, ընդամենը դա պետք է տեսներ ՀՀ նախկին գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախկին նախագահը և գործողները, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: