Եկեղեցին միակ գործուն կառույցն է, որը խոչընդոտում է թուրք-ադրբեջանական դաշինքի փորձերն ընդդեմ Հայաստանի․ Գոռ Գևորգյան

44-օրյա պատերազմից հետո մենք կանգնել ենք ծանր մարտահրավերների առջև՝ իրենց հետևանքներով։ Դա առհասարակ հայկականության դեֆորմացիան է՝ որպես ինքնության կորուստ։ Այս գործընթացում միակ գործուն կառույցը, որը փաստացի կանգնած է ինքնության պաշտպանության ակունքներում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է։ Այն, մեծ հաշվով, խոչընդոտում է Հայաստանի դեմ ուղղված տարածաշրջանային զարգացումներին ու գործընթացներին, որոնք հիմնականում առաջ են մղվում թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը:

«Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին փորձեց իր վրա վերցնել նաև հանրությանը բարոյահոգեբանական ճգնաժամից դուրս բերելու առաքելությունը, որն ամենևին էլ նորություն չէր։ Մեր պետականության կորստի տարբեր ժամանակահատվածներում եկեղեցին կատարել է այդ գործառույթը։ Յուրաքանչյուր հայ, որն ունի պատմական հիշողություն, պետք է իր երախտիքը հայտնի, որ մենք պատմության ընթացքում ունեցել ենք եկեղեցու նման կարևորագույն ինստիտուտ։ Այն ավելին է, քան ինստիտուտը։ Հայ Առաքելական եկեղեցին ոչ թե կրոնական ինստիտուտ է, այլ սրբազնական կոդ, որը նույնացվում է հայի ինքնության հետ։ Այս իմաստով՝ ամեն ժողովուրդ չէ, որն ունի նմանատիպ կառույց, երբ ճգնաժամային իրավիճակներում այն կփորձի ստանձնել կոնսոլիդացման գործոնը և յուրովի մարտահրավեր կնետի պետության առջև ծառացած խնդիրներին»,- ասաց քաղաքական գործիչը:

«Մենք ականատես ենք եղել, որ 2020-ից հետո մարտահրավերներին դիմակայելու եկեղեցական դիրքորոշումը չի ունեցել որևէ սուր անկյուն։ Այն եղել է հավասարակշռված, հստակ և չափի մեջ, միևնույն ժամանակ՝ հայկական ինքնության և պետականության պաշտպանության, Արցախի վերականգնման և արցախցիների կողքին։ Այս գործընթացը որպես մարտահրավեր՝ ունի երկու կողմ՝ ուղղված հայկական ինքնությանը՝ արտաքին և ներքին։ Ցավոք, մեր որոշ քարոզիչներ հիմնականում թիրախավորում են այն պետությունները, որոնք ազդեցություն են ունեցել Հարավային Կովկասի անվտանգային համակարգի վրա, նախ՝ Ռուսաստանը։ Կան նաև այլ խաղացողներ, որոնք ներգրավված են Հարավային Կովկասում և հանդես են գալիս երկիմաստ դիրքորոշմամբ»,- նշեց Գոռ Գևորգյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ եկեղեցին պահում է իր կարգավիճակը և չի մտնում այն սադրիչ գործընթացի մեջ, որը բացահայտորեն հրահրվում է տարբեր անձանց կողմից. «Ակնկալվում է, որ եկեղեցին նույն կերպ պատասխանի, բայց դա չի լինելու։ Մենք գործ ունենք ինստիտուցիոնալ, ներսից կուռ կառույցի հետ, որտեղ առաջնահերթությունը տրված է քրիստոնեական նախախնամություններին։ Այդ իմաստով՝ եկեղեցին շատ հավասարակշռված է, դիրքորոշումն էլ՝ ավելի քան կառուցողական։ Կա խոսույթ, որը շատ հաճախ տարբեր սոցհարթակներում մատուցվում է մեր հանրությանը։ Այն ցածրորակ բառամթերք է օգտագործում, որը որակազրկում է ոչ միայն լեզուն, այլև այն միտքը, որն այդ խոսույթը փոխանցում է ժողովրդին։ Եկեղեցին չի կարող խոսել այլ կերպ, քան խոսում է հիմա, քանի որ եկեղեցին ունի իր առաքինությունը, և սա այդ առաքինության դրսևորման ձևն է»:

«Ով չի հասկանում, պետք է փորձի հասկանալ, բայց դրանով հանդերձ՝ համարվում է հոտի անդամ։ Եկեղեցու առավելությունն այն է, որ որպես ընտանիքի հայր՝ չունի բացառություններ, բոլորին է իր գիրկն ընդունում։ Ցավոք, այսօր գաղափարներն անհատականացված են։ Դու չես կարող խոսել մի գաղափարից՝ առանց այն անհատի, որն այդ գաղափարը մատուցում է։ Բայց մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ։ Եվ երբ թիրախավորվում է Վեհափառ հայրապետը, դա ոչ թե անձի, այլ համակարգի խնդիր է։ Արդի պատմության մեջ չկա որևէ եվրոպական երկրի ղեկավար, որը ցեխ կշպրտի Հռոմի պապի ուղղությամբ, այն դեպքում, երբ լավ գիտենք կաթողիկե եկեղեցու բարքերը»,- ամփոփեց Գոռ Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30