Եթե այս մեկ ամսում իրական ընդդիմությունը լիարժեք աշխատի, իշխանությունը կփոխվի․ Տիգրան Թորոսյան

Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված CEPA-ի փաստաթղթից ինը տարի անց ունենք զրոյական արդյունք, հետևաբար՝ ԵՄ-ի հետ, բացի ընկերական հանդիպումներից, Հայաստանն ուրիշ որևէ հարաբերություն չունի։ ԵՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ թղթի անունը, ճիշտ է, օրենք է, բայց այնտեղ իրականում ոչինչ չկա՝ բացի ցանկությունից։ Եվրամիությանն անդամակցությունը բոլորովին այլ գործընթաց է ենթադրում։ ԵՄ-ի հետ ՀՀ համատեղ հռչակագրում խոսվում է ուկրաինական հակամարտության մասին, գնահատական է տրվում ռուսական ագրեսիային։ Քաղաքական գործընթացների վերաբերյալ փոքր-ինչ պատկերացում ունենալու դեպքում հայկական կողմը Հայաստանի հետ բացարձակապես կապ չունեցող այդ կետը կհաներ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

«Իրենք ո՛չ պատկերացում ունեն գործընթացների մասին, ո՛չ սկզբունքներ ու գիտելիք ունեն, ո՛չ կանոններ գիտեն, իրենց համար միևնույն է, կարևորը՝ թղթեր ընդունվեն և դրանք ներկայացվեն՝ որպես պատմական ձեռքբերում։ Ե՛վ Զելենսկու, և՛ Ալիևի ասածն ընկալելի է, ընկալելի չէ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն այս ամենին, իրենց համար ո՛չ պետություն կա, ո՛չ հայրենիք։

Հայաստանի իշխանությունները չեն համապատասխանում պետության բարձրագույն մարմիններում քաղաքական ուժին ներկայացվող նվազագույն պահանջներին։ Մակրոնին որևէ մեկն աշխարհում լուրջ չի ընդունում՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ եվրոպական շատ երկրներ։ Այդ նույն Մակրոնը դարձել է Հայաստանի իշխանությունների աստվածը»,- ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:

Կարդացեք նաև

«Մակրոնն այն անձն էր, որն ընդամենը մի քանի տարի առաջ հիմք դրեց Արցախն Ադրբեջանի մաս հայտարարելու գործընթացին, երբ Պրահայում մեր երկրի կառավարության ղեկավարի ձեռքը տվին Ալմաթիի տխրահռչակ հռչակագիրը։ Մակրոնը ծաղրածու է, այնպես, ինչպես այդ տխրահռչակ գործընթացի մյուս մասնակիցը՝ Շառլ Միշելը։ Այս քաղաքական ծաղրածուներին լրջորեն կարող են վերաբերվել միայն մյուս ծաղրածուները՝ որպես իրենց գործընկերների»,- նշեց Թորոսյանը:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ երբեք չպետք է դժգոհենք ոչ մեկից՝ Մակրոնից, Թրամփից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից, քանի որ նրանք իրենց պատկերացումներով իրենց խնդիրներն են լուծում, նաև՝ մեզ համար անընդունելի ձևերով. «Այդ մե՛նք ենք, որ մեր շահերը պիտի պաշտպանենք և թույլ չտանք, որ ով հասնի՝ օգտագործի մեզ ու գնա առաջ։ Եթե դու քո շահերին տեր չես կանգնում, ճիշտ հակառակը՝ սկսում ես հակահայաստանյան, հակաարցախյան հայտարարություններ անել, բնական է, որ ամեն մեկն էլ կփորձի դա օգտագործել»:

«Այդ ո՞վ է Մակրոնի հայտարարության հիման վրա գնալու և քվեարկելու։ Եթե գոնե այս մեկ ամսվա ընթացքում իրական ընդդիմադիր կուսակցությունները լիարժեքորեն աշխատեն, իշխանությունը կփոխվի։ Միակ հնարավորությունը, որը կարող է ունենալ այսօրվա իշխանությունը, այն է, որ ընդդիմությունը վատ աշխատի: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտի այսօրվա իշխանությունների բերած աղետի իրական պատկերը»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031