Հեքիաթներ չպատմե՛ք, հայտնվելու ենք ոչ թե «արևմտյան դրախտում», այլ թուրք-ադրբեջանական դիկտատի տակ, շուտով Նժդեհի արձանը Երևանից հանելու են, Ալիևինը կանգնեցնեն. Արման Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

Ադրբեջանն ավելի քան երկու ամիս է՝ կրակում է Սյունիքի ուղղությամբ, Ադրբեջանը ոչ միայն զինվում է, այլև Իրանի և Թուրքիայի հետ ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, Իրան-ԱՄՆ և ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում անորոշ, ճգնաժամային իրավիճակ է, խիստ սրված են Իրան-Իսրայել հարաբերությունները, ադրբեջանցի զինվորներին Նիկոլ Փաշինյանը Հայաստանից ներս է թողել Սյունիքում, Ջերմուկում և այլ հատվածներում, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, ԱՄՆ-ը հրահանգել է Միջին Արևելքի երկրներում, մասնավորապես՝ Իրանին սահմանակից երկրներում (այսինքն՝ նաև մեր երկրում) իր դիվանագիտական առաքելություններին՝ արագ արձագանքման կոմիտեներ ստեղծել, Թրամփը հայտարարել է, որ դուրս է բերում իր բանակայիններին Միջին Արևելքից, քանի որ «այն վտանգավոր վայր կարող է դառնալ», Ադրբեջանը հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Արցախի տարածքներ և Նախիջևան, որտեղ այս պահին զորավարժություններ է անցկացնում, ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն մայիսի 21-ին հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա հակամարտության իրական ռիսկ, որն իրենք փորձում են կանխել, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում…

Իսկ այս ընթացքում, երբ պատերազմի սպառնալիքներ են կախված մեր երկրի և տարածաշրջանի գլխին, Նիկոլ Փաշինյանը և նրա կինը խուլիգանի, փողոցային գռեհիկ բառապաշարով թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին, եպիսկոպոսներին, ՀՀ նախկին նախագահներին, քաղաքական ընդդիմախոսներին, լրատվամիջոցներին, հանրային գործիչներին…

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Արման Գրիգորյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի այսօրվա վարքագիծը բացատրող մի քանի մոտիվ կա։ Միայն Եկեղեցու խնդիրը չէ․անընդհատ կեղծ օրակարգեր են մեջտեղ բերում, որ իրենց ձախողումները թաքցնեն։ Կառավարության նիստում այնպիսի հարցեր են քննարկվում, որ մեր վիճակում գտնվող երկրի համար ուղղակի աբսուրդ է։ 7 տարվա մեջ, բացի ձախողումից, ուրիշ բան չեն արել, որ հպարտանան իրենց ընտրողների առաջ։ Պարտությունը՝ պարտության հետևից, ձախողումը՝ ձախողման հետևից․․․
  • Հեղափոխականներն ուղղակի ռեֆորմիստներ չեն։ Դրանք պետությունը ֆունդամենտալ կերպով փոխելու, քանդելու գաղափարով տոգորված մարդիկ են, և ով դեմ է կանգնում դրան, դառնում է թիրախ։ Հայ Առաքելական եկեղեցին բարձր վարկանիշ ունեցող, Հայաստանից դուրս նաև հեղինակություն ունեցող կառույց է ու լուրջ խոչընդոտ՝ Փաշինյանի ծրագրերի համար։ Եկեղեցին է, որ կարող է իր շուրջ լուրջ զանգվածներ մոբիլիզացնել։ Եկեղեցու որևէ քայլ չի արդարացնում պետության կողմից Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտումը, այն հարձակումները, որ արվում են Եկեղեցու դեմ։
  • Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի կողմից որոշ մարդկանց ու ինստիտուտների նկատմամբ հարձակումները նրանց կողմից թիրախավորված այդ մարդկանց ու կառույցների հեղինակությունն ու պատիվը բարձրացնում են չեզոք մարդկանց շրջանում։ 
  • Ինձ համար Հայ Առաքելական եկեղեցին միայն զուտ կրոնական ինստիտուտ չէ։ Մեզ համար նա մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է։ Հարցն այն չէ, որ չի կարելի Եկեղեցուն քննադատել, բայց ի՞նչ գործ ունի պետությունը՝ Եկեղեցու գործերին միջամտի։ Եթե անգամ սրբազանները կուսակրոնության ուխտը խախտել են, ի՞նչ… Դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Դա եկեղեցու գործն է։ Գրոհը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ շատ վտանգավոր բան է։ Սրանից տոտալիտարիզմի հոտ է գալիս։ Եկեղեցին էլ քաղաքացիական հասարակության մաս է, և Սահմանադրությունը կոպտորեն խախտելով՝ փորձել այն հպատակեցնել, խայտառակություն է։ 
  • Շատ լավ գիտենք, թե USAID-ի ու նման կազմակերպությունների գրանտներով այստեղ ինչ ծրագրեր են իրականացվել, ինչ ներգրավվածություն են ունեցել։ Նիկոլ Փաշինյանի ու արևմտյան որոշ շրջանակների շահերը սպասարկող այդ կազմակերպությունների գերնպատակը՝ Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց, խիստ համընկել են։ Անկախ Արևմուտքի դրդումներից՝ այս մարդիկ շատ վաղուց այդ տեսակետն են ունեցել։ Ես չեմ ուզում սա դատապարտել։ Մարդիկ իրավունք ունեն որևէ նախապատվություն ունենալ, բայց այս մարդիկ որևէ հակափաստարկի հետ կոնտակտի մեջ չեն մտնում։ Դա արվում է՝ առանց հաշվի առնելու, թե Հայաստանն ի՞նչ գին կարող է վճարել դրա համար։ 
  • 2020թ.-ից առաջ իրենց հռետորաբանության մակարդակում Արցախի ամբողջական ազատագրումը գերնպատակ էր, հետո գերնպատակ դարձավ Հայաստանը Ռուսաստանի «լծից» ազատագրելը։
  • Թրամփի իշխանության գալուց հետո իրենք հիմա մի քիչ շփոթված են, բայց նրանց այդ քաղաքականությունն արդեն համակարգ է դարձել։

  • Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին չի կարելի խոսել՝ որպես առանձին վերցրած կոնտեքստ․ դա Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության ածանցյալ է։ 
  • Որքան էլ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները թերի լինեն, դրանք անփոխարինելի են։
  • Պետությունները պատասխանատու են իրենց անվտանգության համար։ Դու կարող ես բավարար ռեսուրսներ չունենալ հակառակորդին ինքնուրույն դիմակայելու համար։ Օրինակ՝ Հայաստանն ինչ էլ անի, չի կարող դիմագրավել Թուրքիային։ Երկու բան կարող ես անել՝ կա՛մ ներքին ռեսուրսների հիման վրա քեզ ապահովագրես, կա՛մ դաշինքներ կազմես։ Ուրիշ բան չկա անելու։ Թող հեքիաթներ չպատմե՛ն։ Սա գաղտնիք չէ։ Սա միջազգային հարաբերությունների ներածության առաջին կուրսի 4-րդ լեկցիայում գրված է։ 
  • Եթե Ֆրանսիան կամ Արևմուտքից որևէ մեկը մեզ երաշխիքներ տար, մենք դրա կարիքն ունենք, որովհետև այսօր միայնակ Ադրբեջանի դեմ չենք կարող դիմագրավել, բայց չկա՛ն այդ երաշխիքները, ոչ ոք ցանկություն չունի դրանք տալ։ Ֆրանսիայի դեպքում՝ ուզի էլ, չի կարող այդ երաշխիքները տալ։ Ես իսկապես չեմ հասկանում՝ էս մարդիկ ինչի՞ մասին են մտածում, երբ խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու, ՆԱՏՕ-ին միանալու մասին, երբ նման խոսակցություն առհասարակ չկա։
  • Քանի դեռ Հայաստանն այս աստիճան խոցելի է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ կորզելու համար Հայաստանից՝ ինչ կարող է և ուզում է։ Սա իրենք բացահայտ են հայտարարում։ 
  • Ոչ մի խաղաղության փաստաթուղթ չեն էլ ստորագրելու։ Քանի ուժերի հարաբերությունն այսպիսին է, և իրենց ձեռքը բռնող չկա, վաղը պահանջելու են Նժդեհի արձանը Երևանից հանել, մյուս օրը՝ Ալիևի արձանը տեղադրել… այդպես շարունակ: Ու սրա մասին ադրբեջանական կայքերը գրում են։ Սրա դեմն առնելու միակ ձևն անվտանգության ինչ-որ համակարգում լինելն է։ Սա է ձևը, այլ տարբերակ չկա՛։ Ես չգիտեմ՝ մարդիկ, ովքեր ասում են՝ դա մեզ պետք չէ, և մենք սեպարատ բանակցություններ կվարենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտե՞ղ են միջազգային հարաբերություններ սովորել, եթե, իհարկե, սովորել են։
  • Ռուս-ուկրաինական պատերազմն ամենամեծ կատաստրոֆան է եղել մեզ համար, ինչից օգտվել են և՛ Ալիևը, և՛ Էրդողանը։ Պատերազմը շարունակվելու դեպքում մենք արևմտյան դրախտում չենք հայտնվելու, այլ թուրք-ադրբեջանական դիկտատի տակ։ Արևմուտքը ո՛չ կարողություն ունի, ո՛չ էլ ցանկություն ունի Թուրքիային կամ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրելու համար։
  • Խոցելին մենք ենք, և որևէ պայմանավորվածություն խախտելու դեպքում ծանր գին վճարողը մենք ենք լինելու։ Հետևաբար՝ Ադրբեջանը խնդիր չպիտի ունենա մեզ վստահելու հարցում։ Բանակցություններում պիտի ասվի, որ մենք ունենք Ադրբեջանին վստահելու խնդիր, ոչ թե Ադրբեջանը: Քանի որ այս մարդիկ շատ-շատ են ուզում, որ որևէ փաստաթուղթ լինի, համաձայնության հասնեն, որպեսզի նախընտրական նպատակներով քարոզչության մեջ դա օգտագործեն, իրենց սկսում են համոզել, որ այդ համաձայնությունը կարող է կայուն լինել՝ առանց երրորդ կողմի երաշխիքների։ 
  • Թրամփի իշխանության գալը խառնել է խաղաքարտերը, քաոս է ստեղծել։ Մի կողմից՝ տպավորություն է ստեղծել, որ չի փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, պատժամիջոցներ չի կիրառելու, նրա ազդեցության գոտու երկրներին չի փորձելու պոկել Ռուսաստանից, մյուս կողմից՝ սա չի կարելի ավարտված հակամարտություն համարել։ ԱՄՆ էսթաբլիշմենթի մեջ բաժանարար գծեր կան։ Պետքարտուղար Ռուբիոյի հայտարարած բազմաբևեռ աշխարհի դեմ կատաղի թշնամիներ կան ներսում։

  • ԱՄՆ ռազմաինդուստրիալ կոմպլեքսին ձեռք չի տալիս Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի խաղաղ գոյակցությունը։ Երբ սառը պատերազմն ավարտվեց, ողջ աշխարհը ցնծության մեջ էր, բայց այդ մարդկանց համար դա ողբերգություն էր։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի ու ավարտվի ռուսական հաղթանակով, դա կլինի այդ մարդկանց կրախը։ ԱՄՆ փոքրացած ռազմական բյուջեն այդ մարդիկ տեսնում են՝ որպես իրենց շահերի դեմ սպառնալիք։
  • Թրամփի ու իր շրջապատի մարդկանց կոմպետենցիայի հետ կապված՝ լուրջ հարցեր կան, բայց կասկածից վեր է, որ Թրամփը կողմնակից էր աշխարհում լարվածությունը թուլացնելուն, ինչը նրան դեռ չի հաջողվում։
  • Եթե Իրանը կարողանա հասնել միջուկային զենքի ստեղծմանը, Իսրայելում դա կհամարվի որպես էքզիստենցիալ կատաստրոֆա։
  • Հայաստանի իշխանությունները 2020թ․ նոյեմբերի 9-ին համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվել են անխափան ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար, և այդ ճանապարհի վերահսկողությունը պիտի անի ռուսական ФСБ-ն։ Հետո հրաժարվեցին կատարել այդ կետը։ Սա բաց կետ է, կոնֆլիկտի աղբյուր։ Հետագայում դա ավելի մեծ խաղի մաս դարձավ։ Հիշենք Օ’Բրայենի հայտարարությունը։ Իրանը մի քանի անգամ իր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով հայտարարել է, որ Հայաստանի սուվերենությունն իր համար կարմիր գիծ է, բայց ես վստահ չեմ, որ վտանգի դեպքում առանց Ռուսաստանի համաձայնության՝ Իրանը կարող է ռազմական միջամտության գնալ։ Եթե առանց Արևմուտքի քարտ-բլանշի Ադրբեջանը գնա նման ռիսկի, կարող է խնդիրներ ունենալ։ Դա է թերևս պատճառը, որ Ադրբեջանը չի շտապում։
  • Իրանի նկատմամբ հարվածը ոչ միայն կարող է Սյունիքի համար վտանգավոր լինել, այլև պայթեցնել ողջ ռեգիոնը։
  • Հայաստանի գլխին շատ լուրջ սպառնալիքներ են կախված, երկիրը հազիվ է գոյատևում, սրանք այստեղ ինչ-որ «Կրթվելը նորաձև» է կրթարշավների կամպանիաներ են անում, էլ չեմ ասում կառավարության անլուրջ նիստերն ու Հ1-ով անբովանդակ քննարկումները…
  • Ուզածներն ի՞նչ է… Որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առհասարակ խզե՞նք, որ հրաժարվե՞նք անվտանգության եղած երաշխիքներից։ Եթե Ռուսաստանի հետ եղած անվտանգային երաշխիքներին այլընտրանք չկա, ուրեմն բոլոր արևմտամետ խոսակցությունները դատարկ խոսակցություններ են․ դրանք կապ չունեն քաղաքականության հետ։ 
  • Ես ուղնուծուծով արևմտյան արժեքների կրող եմ, բայց դա ի՞նչ կապ ունի անվտանգության հետ։ Չկա մի դեպք, որ որևէ երկրում ԱՄՆ-ը աջակցի դեմոկրատական արժեքներին, եթե իրենց շահերն այդտեղ չեն համընկնում։ Օրինակ՝ Գազայում տեղի ունեցողը, շատ մեղմ ասած, ԱՄՆ-ին չի հետաքրքրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս