Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և դեմոգրաֆիական պատերազմի. «կշրջանցի» ճակատն ու կմտնի «թիկունք»
Լաչինում օդանավակայանի բացումը Հայաստանում արժանացավ մեծ ուշադրության, առավել ևս, որ ուղեկցվեց Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի եռակողմ գագաթնաժողովով:
Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում անցնող հինգ տարում կառուցեց երեք օդանավակայան՝ Ֆիզուլի, Զանգելան, Լաչին: Հայաստանում կա տարածված կարծիք, որ դրանք կառուցվում են քաղաքացիական կարգավիճակով, բայց իրականում ունեն ռազմական նպատակներ:
Այն, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ունի ռազմական հավակնություններ, կասկածի ենթակա չէ: Սակայն Հայաստանում թերագնահատվում են Ադրբեջանից բխող տնտեսական ռիսկերը, որպես դրանց հետևանք՝ դեմոգրաֆիական մարտահրավերները:
Օկուպացված տարածքներում կառուցված օդանավակայանները հարկ եղած դեպքում կծառայեն, իհարկե, ռազմական նպատակների: Բայց դրանց կառուցման բուն նպատակը, թերևս, ռազմական չէ: Ադրբեջանն ունի բավարար թվով ռազմական օդանավակայաններ: Առավել ևս չկա սահմանային գոտում դրանք կառուցելու նպատակահարմարություն, որտեղ օդանավակայանները կլինեն խոցման տեսանկյունից առավել հասանելի:
Ադրբեջանը, անշուշտ, պատրաստվում է պատերազմի, բայց ոչ միայն ռազմական, այլև պատրաստվում է տնտեսական պատերազմի, դեմոգրաֆիական պատերազմի: Եթե այսօր օկուպացված տարածքներում բնակեցման տեմպերը խիստ ցածր են, դա ամենևին չի նշանակում, որ մի քանի տարի անց դրանք չեն ստանա ավելի մեծ դինամիկա ու ծավալ, ընդ որում, ամենևին ոչ միայն ադրբեջանական դեմոգրաֆիական ռեսուրսի հաշվին: Ի դեպ, երբ դիտարկվում է, օրինակ, Թուրքիայի և Պակիստանի հետ եռյակ դաշնակցությունը, դրա ներքո պետք է հասկանալ ոչ միայն ռազմական և քաղաքական ռեսուրսի մեկտեղում:
Պարզապես, ի տարբերություն մեր պետական, քաղաքական, տնտեսական, նաև հանրային վերնախավերի, Ադրբեջանը դժբախտաբար մտածում և գործում է առավել ռազմավարական տրամաբանությամբ ու երկարաժամկետ հաշվարկներով: Օդանավակայանները պետք է դիտարկել այդ համատեքստում և մտածել, թե ի՞նչ ենք մենք՝ որպես պետություն ու հանրություն, հակադրելու տնտեսական պատերազմի այն տեմպին, որ հաղորդում է Ադրբեջանը:
Հաճախ և արդարացիորեն խոսելով Սյունիքի ռազմական անվտանգության հարցերի մասին, մենք թերագնահատում ենք տնտեսական անվտանգության ռիսկերը, դրանից բխող՝ դեմոգրաֆիական մարտահրավերները: Վերջին հաշվով, որևէ ռեժիմով, որևէ մեխանիզմով, ռեգիոնալ լոգիստիկան առնվազն որոշակի ծավալներով բացվելու է, քանի որ դա աշխարհաքաղաքական պահանջարկ վայելող հեռանկար է: Պետք է կարողանալ նայել այդ իրողություններին երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք նկատել, որ այստեղ մենք ունենք ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ու դեմոգրաֆիական ռիսկեր:
Հայաստանն ի՞նչ խոշոր տնտեսական կարողություններ է հակադրելու այդ պրոցեսներին: Ծիծաղելի է մտածել, թե Սյունիքում զարգացնելով փոքր ու միջին բիզնես ծրագրեր, հնարավոր է կառուցել տնտեսական դիմադրունակություն և ռազմավարական մրցունակություն: Անշուշտ, պետք է առավելագույնն անել փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) զարգացման համար: Բայց ժամանակակից աշխարհում դա պետությունների համար սոցիալական բարեկեցության, այլ ոչ թե ռազմավարական կենսունակության միջոց է:
Ռազմավարական կենսունակության համար Հայաստանը, և հատկապես աշխարհաքաղաքական մեծ ուշադրության հարավային գոտին՝ Վայոց ձորն ու Սյունիքը, ունեն խոշոր տնտեսական ներդրումների ներգրավման կենսական անհրաժեշտություն: Արտաքին ներդրողների ներգրավում, որը հնարավորություն կտա նաև ձևավորել փոխադարձ շահերի, հետևաբար՝ դրանց պաշտպանության ամուր հանգույցներ:
Այո, այսօր գործում է տնտեսական հսկան՝ Զանգեզուրի կոմբինատը, գործում են հանքարդյունաբերական մեկ-երկու այլ ձեռնարկություններ, բայց ժամանակի հիբրիդային մարտահրավերների աճող բեռը չի կարող մնալ միայն նրանց ուսերին:
Առավել ևս, որ Ադրբեջանն այդ համատեքստում նաև ուղիղ թիրախավորում է եղած հանքարդյունաբերությունը և փորձում դրա դեմ կազմակերպել զանազան «բնապահպանական» գրոհներ, ընդ որում, թե իր, թե հնարավոր է՝ նույնիսկ Հայաստանի տարածքից, մտացածին, անհիմն մեղադրանքներով հակաքարոզչություն ծավալելով Հայաստանի արդյունաբերական այդ կարևոր ռեսուրսի դեմ:
Ադրբեջանի ռազմավարության տնտեսական բաղադրիչի տարիների թերագնահատումը բերեց ուժային բալանսի էական խախտման՝ ծանր հետևանքներով: Տնտեսական պատերազմի ռիսկն անուշադրության մատնելը կբերի արատավոր շրջանի հերթական պտույտի, նոր հետևանքներով: Ռիսկերի ռազմավարական գնահատումների տոտալ բացակայությունը կարող է ստեղծել մի վիճակ, երբ Ադրբեջանին սպասելով «ճակատից», Հայաստանը չի նկատի, թե ինչպես է Բաքուն «շրջանցում» այն և ռազմավարական անշրջելի գերակայության հասնում տնտեսական «թիկունքում»:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



