Խայտառակ փաստաթուղթ՝ բոլոր առումներով․ Եթե նմանատիպ փաստաթուղթ կնքեր ՌԴ-ն, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կլիներ․ Արմեն Մանվելյան

Մոտ 40 րոպե, 2 համաձայնագիր ու 1 աջակցության խոսք օրվա իշխանություններին․ ահա այսպես ամփոփվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։

Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։ Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։ Նույն այցի շրջանակում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային հուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։  Իսկ վերջում ԱՄՆ պաշտոնյան նկատեց՝ ՀՀ վարչապետը ճանապարհ է հարթում դեպի «ավելի անկախ ապագա»․ սա, իհարկե, կարելի է համարել նաև նախընտրական աջակցություն։

Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Ռուբիոյի այցն օրվա իշխանություններին աջակցող փիառ քայլ է համարում, իսկ ստորագրված փաստաթղթերը՝ «խայտառակություն»։

«Խայտառակ փաստաթուղթ՝ բոլոր առումներով։ Նախ՝ այդ հանքանյութերին առնչվողը․ փաստորեն, իրենք գալիս են և այդ ամենը փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել, օգտագործել միայն իրենց նպատակների համար։ Եթե, օրինակ,  նմանատիպ փաստաթուղթ կնքեր Ռուսաստանը, դուք պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչ աղմուկ կլիներ։

Կարդացեք նաև

Միներալների հետ կապված՝ Ամերիկան լուրջ կախվածության մեջ է Չինաստանից, և այժմ տարբեր երկրների հետ կնքելով նմանատիպ պայմանագրեր (նաև Սաուդիան Արաբիայի հետ է կնքել համանման պայմանագիր)՝  փորձում է ապահովել այլընտրանք։ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանում։ Ժամանակին իրենք այդ քայլերով այլ երկրներ գաղութացնում էին։

TRIPP-ին առնչվող արձանագրումներն էլ ավելի խայտառակ են, որովհետև դրանով Ադրբեջանը հասավ իր նպատակին․ փաստաթղթից պարզ է դառնում, որ ոչ մի հայ սահմանապահ չի լինելու այդ ճանապարհի վրա՝ հակառակ նրա, որ պարբերաբար նշվում է հայկական ինքնիշխանության և այլն մասին»»,- պարզաբանեց նա՝ նկատելով նաև, որ TRIPP-ի համաձայնագրին ավելի բարձր ստատուս է տրվել, քան թե Հայաստանի Սահմանադրությանը։

Հարցին՝ այլ իշխանության պարագայում հնարավո՞ր է այդ նախաստորագրված, ստորագրված փաստաթղթերը, հռչակագրերը վերաբանակցել, վերաուղղորդել, Արմեն Մանվելյանը պատասխանեց՝ վստահեցմամբ, որ հնարավոր է, քանի որ դրանք վերջնական կնքված փաստաթղթեր չեն։

«Դրանք մեծամասամբ հռչակագրեր են, և դրանք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք վերախաղարկել, վերանայել, և այդ համատեքստում ամենակարևորը TRIPP-ն է․ այն  3-րդ կողմը պետք է հասկանանք` ո՞վ է, Հայաստանն իր  մասնաբաժինը պետք է մեծացնի, նվազագույնը՝ սարքի 51 տոկոս, ադրբեջանցիների ցանկությունը, որ այդ ճանապարհին հայ չպիտի տեսնի, պետք է վերացվի։

Ի դեպ,  կեղծ տեղեկատվություն է տարածվում, որ իբր թե դրանով նաև չինական ապրանքներ են գալու-գնան Եվրոպա և հակառակը։ Հավատացեք, չինական ապրանքները երբեք չեն գա և չեն գնա էդ ճանապարհով, որովհետև նախ՝ դա ամերիկյան վերահսկողության տակ է գտնվում։ Այդ ճանապարհը լինելու է զուտ Թուրքիա-Ադրբեջան քաղաքական և տնտեսական նպատակները սպասարկելու համար»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա։

Ճշգրտմանը, թե արդյո՞ք ՀՀ-ի համար որևէ տնտեսական հնարավորություն չկա TRIPP-ից՝ դիերսիֆիկացիայի տեսանկյունից, որպեսզի ռուսական կախվածությունն ինչ-որ առումվ նվազի, միջազգային հարցերով փորձագետը արձագանքեց․ «Չկա, և, ընդհակառակը, մենք ընդամենը մի կախվածությունը փոխարինելու ենք այլ կախվածությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031