ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին
ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի գիշերը հարձակվել են Իրանի տարածքում գտնվող չնշված օբյեկտի վրա, հաղորդում է CNN-ը։
«Թիրախը օբյեկտ էր, որը սպառնալիք էր ներկայացնում ամերիկյան ուժերի և առևտրային նավագնացության համար», – հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի խոսքին։
Հրապարակման մեջ չեն հստակեցվում օբյեկտի բնույթը, գտնվելու վայրը և հարվածների հետևանքները։
Բացի այդ, CNN-ի տվյալներով, ամերիկացի զինվորականները նաև խոցել են Իրանի տարածքից արձակված անօդաչու սարքեր։
Միևնույն ժամանակ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային, ներկայացրել է միջադեպի մանրամասները։
«Իրանը չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել ամերիկյան առևտրային նավի ուղղությամբ։ Ամերիկացի զինվորականները խոցել են անօդաչու սարքերը և հարձակվել Իրանի ևս մեկ անօդաչու սարքերի արձակման կայանի վրա, նախքան այն կգործարկեր դրանք», – գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։



