
Իշխանության «թեթև» ձեռքով՝ վերջին մի քանի ամսում հազարավոր ընկերություններ են փակվել

Բիզնեսի համար գործելու նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն՝ իշխանությունները բացառապես բիզնեսին ճնշելու ու հարկերն ավելացնելու մասին են մտածում։ Բյուջեն լցնելը դարձրել են գերնպատակ. Համատարած բարձրացնում են հարկերը, որպեսզի կարողանան իրենց ավելի շատ պարգևատրել ու ավելի շատ ծախսել սեփական քմահաճույքների համար։
Հարկային բեռի վերջին ավելացումները բերել են նրան, որ Հայաստանում այս տարվա սկզբին հազարավոր ընկերություններ են փակվել։
Իշխանությունները թիրախի տակ են առել հատկապես մանր ու միջին բիզնեսին։ Հարկային բեռի վերջին բարձրացումից հետո, շրջանառության հարկի դաշտում գործող բազմաթիվ բիզնեսներ դադարեցրել են գործունեությունը։ Չնայած հնչող ահազանգերին, որ հարկային բեռի ավելացումը կործանում է մանր ու միջին բիզնեսը, իշխանություններն անհաղորդ են այդ ամենին։ Իսկ հետևանքներն ակնհայտ են։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում 3.605 ընկերություն է փակվել։
Եթե անցած տարվա վերջին գործունեություն էին իրականացնում 70.560 ընկերություններ, այս տարվա մարտի վերջի դրությամբ մնացել են 66.955-ը։
Փակվել է գերազանցապես մանր ու միջին բիզնեսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանություններն այս տարվա սկզբից կտրուկ բարձրացրեցին հարկային բեռը։ Խոշորների ստվերի դեմ պայքարի անվան տակ կրկնապատկեցին շրջանառության հարկի դրույքաչափերը։
Դրանից հետո, տարեսկզբի 3 ամիսներին 3.642 մանր ու միջին բիզնես դադարեցրել է գործունեությունը։
Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1-9 աշխատող ունեցող 59.025 ընկերություն էր գործում։ Հիմա մնացել է 55.383-ը։
Շուրջ 6.2 տոկոսը փակվել է կամ առնվազն ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը։
Այս տարվա հունվարին մանր ու միջին բիզնեսում գործող ընկերությունների քանակը կրճատվել է 1.032-ով, փետրվարին՝ 1.828-ով, մարտին՝ 782-ով։
Կրճատումն անընդհատ պրոցես է եղել և շարունակվել է տարեսկզբի բոլոր 3 ամիսներին։ Երեք ամսում 3.642 ընկերության փակումը լուրջ ահազանգ է։ Թվում է, թե դա պիտի լրջորեն անհանգստացներ իշխանություններին ու հիմա պիտի ոտ ու ձեռ ընկած մտածեին հետքայլ անելու մասին։ Բայց սայլը տեղից չի շարժվում։ Չի բացառվում, որ տեղյակ էլ չեն, թե իրենց ինքնագործունեության ու չհիմնավորված հարկային քաղաքականության հետևանքով ինչ է տեղի ունենում մանր ու միջին բիզնեսի հետ։
Սա մանր ու միջին բիզնեսի իսկական կոտորած է, որն իրականացնում է կառավարող վարչախումբը՝ տուրք տալով սեփական ամբիցիաներին ու արհամարհելով ոլորտում գործող բիզնեսի ներկայացուցիչների ահազանգերը։ Արդեն տևական ժամանակ տեղի ունեցող բողոքի գործողություններին ականջ դնող չկա, չեն էլ բարեհաճում լսել բարձրացվող խնդիրները։ Այնինչ՝ այս թվերը մեծապես անհանգստացնող են։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միշտ էլ նախորդ տարվա վերջի տնտեսական ակտիվությունից հետո, հաջորդ տարվա սկզբին սովորաբար բիզնեսը մտնում է որոշակի պասիվացման շրջան, ասենք, որ մանր ու միջին բիզնեսի ոլորտում գործող ընկերությունների քանակը նվազել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Նախորդ տարվա մարտին Հայաստանում գործունեություն էր իրականացնում այդպիսի 57.533 ընկերություն, այս տարի մնացել են 55.383-ը։
Մեկ տարվա կտրվածքով, 2.150 մանր ու միջին բիզնեսներ փակվել են կամ դադարեցրել գործունեությունը։
Նման բան վերջին տարիներին չի եղել։ Ընդհակառակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մանր ու միջին բիզնեսի ոլորտում գործող տնտեսվարողների քանակը մի քանի հազարով նույնիսկ ավելացել էր։
Եթե 2023թ. մարտին Հայաստանում գործում էին 54.956 մանր ու միջին ընկերություններ, 2024թ. մարտին դրանց քանակը հասել էր 57.533-ի։ Գրեթե 2.6 հազարով ավելացել էր։
Այս տարի հակառակն է՝ շուրջ 2.2 հազարով պակասել է։ Ու դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ որոշեցին, որ մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը ցածր է և բարձրացնելու անհրաժեշտություն կա։ Բարձրացնելուց էլ, ինչպես հայտնի է, փոքր քայլերով չեն բավարարվում՝ անգամներով են բարձրացնում։
Վարչախմբի այս քաղաքականությունը բերել է նրան, որ հարկային բեռը մանր ու միջին բիզնեսի վրա էապես ավելացել է։ Առաջին եռամսյակի տվյալներով, նրանց վճարած հարկերի աճի տեմպը 5-6 անգամով ավելին է եղել, քան խոշորներինը։ Դա նշանակում է, որ փոքրերին ճնշելով՝ ավելի շատ հարկեր են գանձել։
Մինչդեռ, ինչպես հայտնի է, մանր ու միջին բիզնեսի հարկային բեռն իբր բարձրացնում էին ոչ թե նրա համար, որ նրանցից ավելի շատ հարկ հավաքեին, այլ, որպեսզի խոշորների ստվերի դեմ պայքարեին ու ավելացնեին խոշորներից գանձվող հարկերը։
Խոշորներից գանձվող հարկերը չկարողացան ավելացնել, իսկ մանր ու միջին բիզնեսին «սրի քաշեցին»։ Այն հազարավոր ընկերությունները, որոնք տարեսկզբին արդեն հասցրել են փակվել, չեն դիմացել հարկային կրկնակի ճնշմանն ու ստիպված դադարեցրել են իրենց գործունեությունը՝ հետագայում ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։
Երբ նոր էին եկել իշխանության, դեմագոգիայով էին զբաղված, մանր ու միջին բիզնեսին սարեր էին խոստանում, արտոնություններ էին տալիս։ Կարճ ժամանակ անց ոչ միայն արտոնությունները վերացրեցին, այլև պարտադրված մտցնում են ավելի ծանր հարկային բեռի տակ, ինչն աղետալի հետևանքներ է ունենում մանր ու միջին բիզնեսի բազմաթիվ սուբյեկտների համար, ովքեր շատ հաճախ հազիվ սոցիալական խնդիր են լուծում։
Այսպիսի քայլերով այդ մարդկանց զրկում են նաև սեփական հացը վաստակելու հնարավորությունից։ Ու դեռ մեղադրում են, թե աղքատությունը մարդկանց գլխում է, աղքատությունը հաղթահարելու համար պետք է աշխատել։
Մարդկանց զրկում են աշխատելու հնարավորություններից, հետո արդարանում, թե իրենք են մեղավոր, որ աշխատանք չունեն կամ աղքատ են։ Մանր ու միջին բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր չդիմանալով հարկային բեռի բարձրացմանը՝ հարկադրված դադարեցրել են իրենց գործունեությունը, գնալու են համալրելու գործազուրկների բանակը, մի մասն էլ ստիպված արտագաղթելու է՝ այլ երկրում աշխատանք գտնելու ակնկալիքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ