Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր Հայաստանը ծաղկող ու զարգացող պետություն է։ Որտեղի՞ց է վերցրել, որ այդպես է, հավանաբար միայն ինքը գիտի ու իր շրջապատը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեության մեջ, հակառակի մասին է խոսում։ «Ծաղկող ու զարգացող» պետության տնտեսությունն այնպիսի խղճուկ վիճակում է, որ ամենախոշոր հարկատուն առևտրով զբաղվող ընկերություն է։ Այն էլ այնպիսի ընկերություն, որի գործունեությունը Հայաստանի տնտեսության հետ այնքանով է կապված, որ տարբեր երկրներից բջջային հեռախոսներ, տեխնիկա է ներմուծում ու արտահանում Ռուսաստան։
Այդ պայմաններում մանր ու միջին բիզնեսի ոլորտում զբաղված 144.2 հազար քաղաքացիների աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները 6 հազար դրամով նվազել են։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը հաշվի ու ասի՝ այս մարդկանց կյանքը, իր ու իր կառավարության այդքան փառաբանված աշխատանքի արդյունքում, լավացե՞լ է, թե՞ վատացել։
Այսպիսի քայլերով այդ մարդկանց զրկում են նաև սեփական հացը վաստակելու հնարավորությունից։ Ու դեռ մեղադրում են, թե աղքատությունը մարդկանց գլխում է, աղքատությունը հաղթահարելու համար պետք է աշխատել։
Երբ ՔՊ-ականների կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը փորձում էին հիմնավորել մանր ու միջին բիզնեսի հարկային բեռի կտրուկ բարձրացումը, ասում էին, թե սա մանր ու միջին բիզնեսի դեմ չէ, խոշորների ստվերի դեմ են պայքարում։ Խոշորների դեմ էին «պայքարում», բայց պարզվում է՝ տուժողը մանր ու միջին բիզնեսն է եղել։