Հակահարձակման հայտնի օպերացիայի դրվագային դերակատարները կամ հերթական արարը

Օրերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին փորձում էր հասկացնել, որ 2020թ. 44-օրյա պատերազմի պարտության, դրա առանձին դրվագների գնահատման համատեքստում նրանք էլ իրենց պատասխանատվության չափն ունեն, որ չպետք է սլաքն ուղղել միայն բանակին կամ հրամանատարությանը:

Եվ մեկ էլ մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածում Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի հետ կապված, որտեղ տեղեկացվում է՝  դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ  ևս  մեկ  քրեական վարույթ:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Կարդացեք նաև

Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները»,- մանրամասնել է Գլխավոր դատախազությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Օհանյանը մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չի կատարել, և  վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, ինչպես նաև՝ հակառակորդի հետ հանդիպելիս և մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով՝ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված  ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը:

Այս գործով մեղադրյալ են նաև տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):  Ի դեպ, նրանք չեն ընդունում մեղադրանքը, թե պարտականությունների կատարումից հրաժարվել են:

Իր  հերթին՝ 1lurer.am-ի հետ զրույցում հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը նշել է.

«2020թ. հոկտեմբերի 5-ին հակառակորդին հաջողվում է հարավային թևում ճեղքել յուրային ստորաբաժանումների կողմից զբաղեցրած բնագծերը: Ստեղծված իրավիճակը վերականգնելու, բնագիծը ճեղքած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու նպատակով ՊԲ հրամանատարի կողմից որոշում է կայացվում իրականացնել հակահարձակում և այն իրականացնել, այսպես կոչված, Հորադիզ բնակավայրի ուղղությամբ»:

1lurer.am-ի ռեպորտաժում ասվում է, որ առաջադրանքի կատարումը դրվել է 2 զորամասի վրա. առաջինը պետք է Հորադիզ բնակավայրի արևելյան ուղղությամբ իրականացներ հակահարձակում և այդ հատվածում զբաղեցներ բնագծեր, իսկ Արթուր Օհանյանի ղեկավարած զորամասը պետք է հարձակման անցներ Հորադիզի արևմտյան ուղղությամբ և վերականգներ ճեղքված բնագիծը:

 «2020թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսվում է օպերացիայի իրականացումը, և եթե առաջին զորամասին որոշակիորեն հաջողվում է բնագծեր զբաղեցնել նախանշված հատվածներում, ապա երկրորդ զորամասն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում սահմանված ժամկետում, սահմանված քանակությամբ անձնակազմով հասնել զբաղեցրած բնագծեր»,- պնդել է Հանրային մեղադրողը՝ չգաղտնազերծելով առաջին զորամասի «ինքնությունն» ու ղեկավարությանը:

Մեր տեղեկություններով, գնդապետ Արթուր Օհանյանին նախ փորձել են մեղադրել պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ պարտականությունների չկատարման համար, սակայն երբ չեն կարողացել դա ապացուցել, ավելի ճիշտ՝ ապացուցվել է, որ նման բան չի եղել, անփութության մեղադրանք են «դրել վրան»:

Նախքան «Լելե Թեփե» օպերացիային կամ Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ գործողությունների հետ կապված որոշակի փաստերին կամ դրվագներին անդրադառնալը, հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մի դրվագը վերաբերում էր հենց հակահարձակման հայտնի օպերացիային, որը հաստատել էր Նիկոլ Փաշինյանը, բայց որոշ ժամանակ հետո որոշվել էր նշանակել ռազմագիտական փորձաքննություն, որից հետո Ջալալ Հարությունյանն արդարացվել էր՝ դատարան չհասած:

Իսկ սկզբում Քննչական կոմիտեն պնդում էր, որ Ջալալ Հարությունյանը  ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները:

 Ավելին,  ըստ մեղադրանքի,  նա 2020թ. հոկտեմբերի 5-ից  չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն,  ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, ինչպես նաև՝ չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը և այլն:

 Բայց հետո նույն այս իշխանությունները հերքեցին իրենց իսկ մեղադրանքները՝ Ջալալ Հարությունյանին հասցեագրված, և հիմա մեղադրում են այդ հակահարվածի օպերացիայի համատեքստում գործողություններ իրականացրած զորամասի ղեկավարությանը:

Իհարկե, 168.am-ն այս տարվա մարտին գրել է, որ թեև հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվել է, բայց գործը չեն փակել:

«2020թ. հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- մեր գրավոր հարցմանը պատասխանել էր ՀՀ քննչական կոմիտեն:

 Իսկ թե ո՞ւմ «գրպանը» կգցի Փաշինյանը գլոբալ առումով այս հակահարվածի օպերացիայի ձախողումը, այսինքն՝ ո՞ւմ կմեղադրի նման բան  իրագործելու համար առհասարակ, կարող ենք ենթադրություններ անել։ Մեկ բան, սակայն, հստակ է՝ դա պայմանավորված է լինելու տվյալ պահի քաղաքական իրավիճակի թելադրանքով:

Այստեղ չմոռանանք, որ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հակահարձակման օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, թերևս նաև, Սամվել Բաբայանի «նավոդկայով»,  և ոչինչ, որ այդ օպերացիայի քննարկմանը մասնակցել և անձամբ հաստատել էր Փաշինյանը, և ոչ միայն:

Ավելին, Փաշինյանը խոստովանել էր, որ տեղյակ է եղել հանգամանքներին, և 2020թ.  հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, երբ արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել: Չանտեսենք փաստը, որ  Փաշինյանը հանրայնացրել էր ընթացքի մեջ գտնվող օպերացիայից բխող գործողությունները, ինչի հետևանքները քննության առարկա չեն դարձել և չեն դառնում:

Վերադառնանք Հորադիզի ուղղությամբ գործողություններին կամ «Լելե Թեփե» անունը ստացածին, ինչն, ըստ էության, մի բաղադրիչն է Փաշինյանի հաստատած հակահարվածի օպերացիայի: Ըստ ժամանակագրության ներկայացնենք մի քանի դրվագ, այդ թվում՝ անվան հետ կապված:

Դրվագ առաջին

2021թ. հոկտեմբերին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.

«Լելե Թեփե» օպերացիա՝ նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք «Լելե Թեփե»-ն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա. դա կատարյալ անհեթեթություն է»:

2022թ. նոյեմբերին 44-օրյայի օրերին Արցախի ԱԽ  քարտուղար Սամվել Բաբայանը News.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը Քյանդ-Հորադիզ օպերացիայի հետ առնչություն ունի, և, որ մամուլից հայտնի, այսպես ասած, «Լելե Թեփե» անվանումը ստացած գործողության հետ ինքը որևէ կապ չունի.

 «Ես Լելե Թեփե չգիտեմ, տեղյակ չեմ, անկեղծ: Այն, ինչից ես եմ տեղյակ, դա ես ասել եմ՝ գյուղ Հորադիզ, Քյանդ-Հորադիզ է գրվում քարտեզի վրա, էդ ուղղությունն է: Իսկ Լելե Թեփեն էդտեղից 10 կմ թիկունք է, հիմա եթե դուք դա համարում եք Լելե Թեփե, ես չեմ համարում: Գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել, իսկ որը որ առանձին օպերացիա է եղել, դա Արցախի միավորի տակ չի մտնում, դրա համար ես դրա մասին մեկնաբանություններ չեմ անում»,- շեշտել էր Սամվել Բաբայանը և հավելել, որ իր ասած օպերացիայի հետ կապված խոսակցությանը, քննարկմանը ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, բայց համաձայնությունը եղել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) հետ՝ «Գլխավոր շտաբի պետն է որոշումը կայացնում պատերազմի ժամանակ»:

Իհարկե, Բաբայանը մոռացել է, որ պատերազմի ժամանակ ԳՇ պետը գերագույն հրամանատարին է ենթարկվում:

Իսկ 2023թ. սեպտեմբերին Հ1-ով հեռարձակվել էր ռեպորտաժ, որտեղ հեղինակը, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի դրվագի մասին խոսելիս, նշել էր. «Խոսքը Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու չստացված փորձի մասին է»:

Դրվագ երկրորդ

 Իսկ, ըստ էության,  առաջին անգամ Քյանդ-Հորադիզ օպերացիայի մասին Սամվել Բաբայանը խոսել էր 2021թ. ապրիլին՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:

«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի,- ՄՊ.) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ՝ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։

Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100 կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։

Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։  Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ, այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Բաբայանը:

Ի դեպ, գրեթե նույն ժամանակ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  «օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են», իսկ ինքն ընդամենը  մոդերացիա է արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չի հայտնել:

Ավելին, 2021թ. ապրիլին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մեղադրական սլաք էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ:

«Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն (Սամվել Բաբայանը,- Մ.Պ.)  առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։ …Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, բայց ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Այսինքն՝ այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները»,– պնդել էր նա:

Արդեն վերևում նշեցինք, որ Արթուր Օհանյանին նախ փորձել են մեղադրել պարտականությունների չկատարման համար, բայց հիմա անփութության մեղադրանք են «դրել վրան»: (Լուսանկարում Ջալալ Հարությունյանի կողքին Արթուր Օհանյանն է):

Դրվագ երրորդ

2021թ. 168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշել էր.

«Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որո՞նք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք են աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները:  Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին, ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի: Եվ առանձին ստորաբաժանումներ համարյա թե հասել են այդ Լալա-Իլյագի բարձունքին: Պարզապես որքան ես տեղյակ եմ՝ աջ և ձախ թևերը չեն ապահովել, և խնդիրը չի կատարվել: Այդ ամենը իրադրության ճիշտ գնահատման արդյունքում չեն կատարել, այլ հապճեպ, և դրա համար չի ստացվել: Ինչ վերաբերում է իմ որդուն, այո՛, իմ որդին մասնակցել է այդ մարտական գործողությանը: Գցել մեղքը միայն իմ որդու վրա, երբ խնդիր չի կատարել այն միավորումը, որի տարածքում իրենք պիտի խնդիր կատարեին․․․ Խնդիր չի կատարել ՊԲ-ն և ամբողջ զինված ուժերը, ուստի յուրաքանչյուրն իր օղակում դրա պատասխանատվությունը պիտի կրի: Պետք է կրեն պատասխանատվություն այն մարդիկ, որոնք նախաձեռնել են այդ գործողությունները»:

Ըստ էության, այստեղ Սեյրան Օհանյանն ակնարկում է, որ առաջին պատասխանատուները Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանն են:

Դրվագ չորրորդ

 2022թ. Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր

«Կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն է խոսքն ուղղված։ Այդ ուղղությամբ ունեցել ենք հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։ Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»:

Նա շարունակել էր, որ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղում մեր ուժերը պետք է ամրանային և հակառակորդի սնուցումը կտրեին, բայց չեն ամրացել:

«Ձախակողմյան հատվածում յուրայինները հասել են Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն, մնացել էր այնտեղ ամրանալը, ինչը, տարբեր պատճառներով, չի կատարվել: Ձախակողմյան թևում օպերացիայի ընթացքում հայկական կողմն ունեցել է առանցքային կարևորության հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի խափանմամբ: Ինչպե՞ս կարելի է սա կապել ընդհանուր բանակի հրամանատարի գործողությունների հետ»,- Սարդարյանը փորձել էր փրկել Ջալալ Հարությունյանին՝ սլաքն ուղղելով կոնկրետ հրամանատարի ուղղությամբ:

Դրվագ հինգերորդ

2022թ. նոյեմբերին «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասրյանի հայրը՝ ՊԲ պահեստազորի սպա Արմեն Ասրյանը, նշել էր, որ այդ հակահարվածն ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման, որ օպերացիայի՝ նախատեսված ժամանակից ուշ  սկսելը ևս հուշում է՝ հակահարվածին պատրաստ չէին, ավելին, ուժերը բավարար չեն եղել այդ օպերացիայի համար ի սկզբանե, իսկ  զորամասերի միջև փոխգործողություն ապահովելը հենց Ջալալ Հարությունյանի պարտավորությունների մեջ է մտնում:

«Օրինակ, Ջրականը գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, Արա լեռը՝ հրետանային զորամասը, գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, և այնտեղ հակառակորդի ռեզերվներ կային: Ընդ որում, Ջրականից արդեն հակառակորդը ոտքով և որոշ տեխնիկաներով բարձրանում էր դեպի Առաքել գյուղը, այնտեղից՝ Բանաձոր, Բանաձորից էլ՝ Հադրութի թիկունքային կողմից… Եվ հրամանատարի ունակությունը հենց նրանում է, որ ճիշտ գնահատի հակառակորդի հավանական գործողությունների բնույթը»,- ասել էր Ասրյանը:

 Ասրյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին տեղեկություն կար, որ հակառակորդը բարձրանում է դեպի Առաքել գյուղ:

 Այսինքն, մենք ունենք իրավիճակ, երբ մի կողմն օպերացիայի ձախողման մեղավոր համարում է վերադաս հրամանատարությանը և ռազմական ղեկավարությանը, մյուս կողմը՝ օպերացիային անմիջական մասնակցած և տեղում եղած հրամանատարներին: Եվ հենց նման դեպքերի համար ենք ասում, որ պատերազմի արդյունքներին, պատերազմական հանգամանքներին և առանձին դրվագներին չի կարելի նայել քաղաքական պրիզմայով, դրանց տալ քաղաքական գնահատական: Իսկ մենք ընդամենը փաստեր ենք արձանագրել…

Տեսանյութեր

Լրահոս