Շատ լավ հասկանում են՝ իրենց սիրելի ու թանկարժեք աթոռները սկսել են ճոճվել․ հոգեբանական պատերազմի տարբեր էպիզոդներ են. Կարինե Նալչաջյան

ՔՊ-ի ու նրա սատելիտների քաղաքական բառարանում «համբալ» բառն արդեն իր կայուն տեղն ունի․ դեռ նախորդ տարի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էր Բագրատ Սրբազանի ուղղությամբ նետել այդ բառը, հետո՝ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն էր միջանցքում այս բառով «նախշել» իր քաղաքական հակառակորդներին, ավելի ուշ՝ քաղաքապետ Ավինյանի հայրն «օպել» քշողներին էր այդ բառով որակել, իսկ նախօրեին հերթն արդեն Նիկոլ Փաշինյանինն էր։

«Գնա վեր ընգի տեղդ, համբալի մեկը,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրներին էր դիմել Նիկոլ Փաշինյանը և հետը հիշել ԱԱԾ պադվալների մասին,- Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա «շպիոններ» եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնենք ԱԱԾ-ի պադվալները։ Նստե՛ք տեղներդ, ձեններդ կտրե՛ք, ներվերս չուտե՛ք»։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի համար Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը զարմանալի չէ։

«Որ Նիկոլ Փաշինյանը ջղաձգվում է, դա փաստ է, որովհետև իրենք շատ լավ հասկանում են՝ իրենց ոտքի տակից հողը գնում է, ու նաև՝ հնչածին չի կարողանում հակադարձել, քանի որ բովանդակային որևէ պատասխան չունի։ Ու թեև անընդհատ ժողովուրդ-ժողովուրդ են ասում, բայց իրենք արդեն հո շատ լավ գիտեն ժողովրդի վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց սիրելի ու թանկարժեք աթոռները սկսել են ճոճվել։ Եվ բացի այդ՝ չմոռանանք, որ այս ամենը տեղի ունեցավ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց առաջ,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Նալչաջյանը, ապա պարզաբանելով վերջին ակնարկը՝ նկատեց,- Նիկոլ Փաշինյանը ներսում ցույց տվեց, թե՝ ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, մեկ է՝ ինչ ուզեմ, դա եմ անելու։ Բայց այդ անվստահելի կերպարը բոլորին է ծանոթ թե՛ ներսում, թե՛ դրսում»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ սա հակադրության մեջ չէ՞ այն կրթական պրոյեկտների հետ, որն իրականացնում է Փաշինյան-Հակոբյան դուետը, և որտեղ «քարոզչական» առաքելությամբ է ներկայանում Նիկոլ Փաշինյանը, հոգեբանը հակադարձեց մի քանի դիտարկմամբ։

«Իրենց կրթական պրոյեկտները ծիծաղելի են․ ի՞նչ կրթության մասին է խոսքը։ Ոչ, հակադրության մեջ չէ, իրար լրացնում են, քանի որ այն, ինչ իրենք են անում, կիլոմետրերով հեռու է իրական կրթությունից։

Մեր ժողովուրդն իրենց կրթության կարիքը չունի․ մեր ժողովուրդն իրենց կրթելու կարիքը չունի։ Մենք կրթական այնպիսի հնագույն արմատներ, ավանդույթներ ունենք, և չմոռանանք, որ մեր կանայք Եղեռնի տարիներին «Մշո Ճառընտիր»-ն էին շալակած բերում՝ թողած իրենց համար անձնական կարևորություն ունեցող շատուշատ իրեր։ Սրա՞նք են, որ մեզ պետք է կրթեն։

Ուղղակի հոգեբանական պատերազմի տարբեր ակտեր են, էպիզոդներ են»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։

Տեսանյութեր

Լրահոս