Միլիոնավոր դոլարներ բանկերին՝ պետական բյուջեի հաշվին
Կառավարությունը որոշել է բյուջեի հաշվին հարստացնել բանկերին ու նրանց վերադարձնել վերջին 3 տարիներին անհուսալի ճանաչված մինչև 1 մլն դրամ ժամկետանց վարկերը։ Տպավորություն են ստեղծում, թե իբր դրանով քաղաքացիներին են լավություն անում, բայց իրականում բանկերի պարտքերն են վերադարձնում։ Այդ պարտքերի մեծ մասից բանկերը վաղուց հույսները կտրել էին։ Գիտեին, որ դրանք երբեք էլ չեն վերադարձվելու։ Բայց կառավարությունը որոշել է վերադարձնել։ Պատրաստվում են բյուջեից տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել բանկերին՝ անհուսալի վարկերի դիմաց։
Օրերս առաջին հատկացումը կատարեցին։ Բյուջեից 209 մլն դրամ տրամադրեցին՝ միայն երկրորդ եռամսյակի փոխհատուցումների համար։
Խոսքն ընդամենը 2968 քաղաքացու անհուսալի ճանաչված վարկերի փոխհատուցման մասին է։ Բայց այդպիսիք շատ են, ու նրանց քանակը հասնում է 218.000-ի։ Եթե վաղը բոլորը միահամուռ որոշեն օգտվել կառավարության առատաձեռնությունից, դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական գումարներ ստիպված պիտի լինի բանկերին փոխհատուցել պետական բյուջեն։
Հաշվարկված է, որ այդ 218.000 վարկառուները բանկերին պարտք են 168 մլրդ դրամ կամ 425 մլն դոլար։
Այդ գումար կառավարությունը պատրաստ է բյուջեից տալ բանկերին։ Թե ինչո՞ւ, պարզ է՝ մի կողմից՝ բանկերին են լավություն անում, մյուս կողմից՝ սպասվող ընտրություններից առաջ ընտրողներին են սիրաշահում։ Ընտրությունները որքան մոտենում են, այնքան ավելի լայն են բացում բյուջեի դռները։ Կարծում են՝ պետական բյուջեն իրենց ու իրենց քաղաքական թիմի ընտանեկան գրպանն է, որ ինչպես ուզենան, այնպես դատարկեն։
Բյուջեի հաշվին աջ ու ձախ կաշառք են բաժանում՝ կորցրած վարկանիշը փրկելու համար։ Բայց, ինչպես ցույց տվեցին Գյումրու ու Փարաքարի ընտրությունները, դա էլ արդեն չի օգնում։ Քաղաքական իշխանությունը վաղուց կորցրել է վստահությունը ու անգամ բյուջեից բաժանվող ընտրակաշառքներով վերարտադրվելու շանսեր չունի։
Չի փրկելու նաև անհուսալի վարկերը վերադարձնելու նախաձեռնությունը։
Վերջին տարիներին բանկերն այնքան շահույթներ են ստացել, որ կարող էին իրենց թույլ տալ գոնե մասամբ դուրս գրել անհուսալի վարկերը։ Չաշխատող վարկերի որոշակի կշիռ բանկերը մշտապես ունենում են ու առանց կառավարության միջամտության էլ կարողանում են դուրս գալ դրանց տակից։ Բայց կառավարությունը որոշել է խնայել բանկերի փողերը ու քաղաքական ակնկալիքներով՝ հերթական բեռն է վերցրել պետական բյուջեի վրա։
Այդ միջոցները, որոնք կարող էին ուղղվել տարբեր տնտեսական ու սոցիալական ծրագրերի իրականացմանը, գնալու են, մտնեն բանկերի սեփականատերերի գրպանը։ Ոչ մի կապ չունի, թե ում վճարած եկամտային հարկի գումարներից են փոխհատուցելու անհուսալի վարկերի դիմաց գոյացած պարտքերը։ Դրանք բյուջեի փողերն են։
Նման շռայլություն բանկերը պարզապես կերազեին։ Սա օդից փող է, որը մտնելու է բանկեր ու ավելացնելու նրանց շահույթները։ Այն շահույթները, որոնք վերջին տարիներին առանց այդ էլ հասել են աստղաբաշխական մակարդակի։ Բանկերի գերշահույթները հարկելու ու բյուջե փող բերելու փոխարեն, մի բան էլ բյուջեից են փող տալիս։ Բանկերին մոնստր են սարքել պետության մեջ։ Տնտեսությունը գահավիժում է, քաղաքացիների եկամուտները կրճատվում են, իսկ բանկերի շահույթներն ավելանում են։
Անհուսալի վարկերը վերադարձնելու բեռը բյուջեի վրա դնելով՝ կառավարությունը խրախուսում է, որ մյուս վարկառուներն էլ խուսափեն կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Այն հույսով, որ մի օր կառավարությունն այդ վարկերի մարման պատասխանատվությունը կվերցնի իր վրա։
Ընտրություններին դեռ ժամանակ կա, ու առաջիկայում անհուսալի վարկեր ունեցողների շրջանակը հավանաբար էլի ընդլայնվելու է։ Դրա համար արդեն հիմքեր են սկսել նախապատրաստել։ Մտադիր են բյուջեի հաշվին փակել բանկերի նաև մյուս անհուսալի վարկերը, որոնք 1 մլն դրամից բարձր են։
Ինչպես հայտնի է, այդպիսի շուրջ 350 հազար ֆիզանձ վարկառու կա, որոնք վաղվա պոտենցիալ ընտրողներն են։ Այս 350 հազարից առայժմ կառավարությունը 218 հազարի պարտքերը բանկերին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել։ Ընտրություններից առաջ հաստատ մնացած 130 հազարին էլ սիրաշահելու տարբերակներ կգտնեն։
Ոչինչ, որ անհուսալի վարկերը փակելու պարտավորությունը բյուջեի վրա դնելով՝ մի կողմից՝ պարտաճանաչ վարկառուներին, մյուս կողմից՝ հարկատուներին են դնում անհարմար իրավիճակում։ Ստացվում է, որ նրանք երկակի խաբված են դուրս գալիս. Քիչ է, ժամանակին իրենցից կտրելով, բարեխղճորեն կատարել են ունեցած վարկային պարտավորությունները, հիմա էլ տուժում են, որ անպարտաճանաչ վարկառուները դառնում են արտոնյալ հարկատուներ։ Նրանց վճարած եկամտային հարկի գումարները, որոնք պիտի գնային ավելանալու մյուսների վճարած հարկերին ու ծառայեին համընդհանուր խնդիրների լուծմանը, միայն իրենց խնդիրներն են լուծում։ Սա անարդար մոտեցում է՝ ինչպես պարտաճանաչ վարկառուների, այնպես էլ՝ հարկատուների նկատմամբ։
Ոչ մի իշխանության իրավունք վերապահված չէ քաղաքական նպատակներով բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անել։ Բայց դա ՔՊ-ականներին չի վերաբերում։ Կառավարության նիստերը վերածել են բյուջեից ընտրակաշառք բաժանելու շոուների։ Դրա համար շարունակ պարտք են վերցնում՝ իրենց քաղաքական ախորժակը բավարարելու համար։
Քաղաքացին, որը ժամանակին պատշաճ կատարել է իր հարկային ու վարկային պարտավորությունները, պարտավոր չէ տուժել մեկ ուրիշի համար, ով անպարտաճանաչ է եղել, վարկեր է վերցրել ու, ասենք, խաղատանը տանուլ տվել կամ թանկարժեք հեռախոս գնել։ Ինչո՞ւ է կառավարությունը որոշել, որ նրա հաշվին պետական բյուջեն պետք է փակի այդ գումարները։
Գոնե դասակարգեին անհուսալի վարկերն ու վարկառուներին, տեսնեին՝ ո՞վ ո՞վ է, ինչի՞ համար է վարկեր վերցրել, ի՞նչ է արել, հասկանային չվճարելու պատճառները, նոր որոշեին, թե ո՞ւմ են փոխհատուցում տալիս, ո՞ւմ՝ ոչ։
Բայց կառավարությունը նույն զամբյուղի մեջ է դրել բոլորին ու բյուջեի փողերը լցնում է բանկերի գրպանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



