Այս ուղտը ձեր դռանն էլ է չոքելու
Անձնական ու քաղաքական ամբիցիաների պատճառով Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Մի կողմից՝ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի տնտեսությանը սնուցող հիմնական ուղիներից մեկն է, մյուս կողմից՝ երկրի ներսում է հաշվեհարդար տեսնում քաղաքական ընդիմախոսների բիզնեսների նկատմամբ։
Այլևս պարզ է, որ Ռուսաստանը մտադիր չէ հանդուրժել այն երկակի քաղաքականությունը, որ Հայաստանի իշխանությունները վարում են այն տնտեսական միության նկատմամբ, որի կազմում ընդգրկված են։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:
Որոշ տեղեկություններով, պատրաստվում են գնալ ՀԱՊԿ-ի սցենարով։ Սակայն, եթե ՀԱՊԿ-ի պարագայում Հայաստանն է որոշել ինքնակամ սառեցնել իր անդամակցությունը, ապա այս պարագայում մյուսներն են պատրաստվում սառեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մինչև որ իշխանությունները վերջնական կորոշեն, թե ուր են գնում։
Ենթադրվում է, որ մինչ այդ Հայաստանը կզրկվի այն արտոնություններից, որոնցից օգտվում է ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում։
Թե դա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար, այլևս անիմաստ է ասել։ Այդ մասին բազմիցս խոսվել է, բայց իրենց արկածախնդրությամբ իշխանությունները շարունակում են երկիրը ներքաշել կոլապսի մեջ՝ սոցիալական ու տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերով հանդերձ։
Ամիսներ շարունակ հնչող նախազգուշացումներին սկսել են հաջորդել կոնկրետ գործողությունները։ Հայտնի է, որ «Ռոսսելխոզնադզորն» է որոշել սահմանափակումներ կիրառել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ են մայիսի 22-ից։
Չնայած մեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած երաշխիքներին, «Ռոսսելխոզնադզորը» պնդում է, որ շարունակվում են Հայաստանից իրականացվող արտահանումների մեջ հայտնաբերվել կարանտինային օբյեկտներ, որոնք արգելված են Եվրասիական տնտեսական միության երկրների համար։
Թե ինչպիսի՞ն կլինեն այս սահմանափակումների հետևանքները, հավանաբար շուտով կտեսնենք։ Անցած տարի նման մի իրավիճակի բախվեցինք ծաղիկների արտահանման հետ կապված, ինչը շատերին փաստի առաջ կանգնեցրեց՝ աղբավայրերը լցված էին չարտահանված ու փչացած ծաղիկներով։
Ի՞նչ կլինի այս անգամ, ժամանակը ցույց կտա։
Սակայն ծաղկի բիզնեսը միակը չէ, որ հայտնվել է թիրախում։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը, համարում է, որ Հայաստանի համապատասխան մարմինները չեն կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել արտահանվող սննդամթերքի որակի նկատմամբ։ Հայաստանից Ռուսաստան արտահանվող սննդամթերքի որոշ տեսակներում պարբերաբար արգելված օրգանիզմներ են հայտնաբերվում։
Վտանգի տակ է ձկնամթերքի արտահանումը, որի հայկական ծագման հետ կապված Ռուսաստանում վաղուց ունեն կասկածներ ու համարում են, որ դրանք ոչ թե հայկական արտադրության են, այլ վերաարտահանվում են այլ երկրներից։
Այս կասկածների պատճառով առաջիկայում Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատակիցները պատրաստվում են Հայաստանի իրենց գործընկերների հետ ստուգումներ իրականացնել՝ ինչպես ձկնաբուծարանումներում, այնպես էլ՝ ջերմոցներում ու գյուղմթերքների արտադրության այլ վայրերում։
Անկախ նրանից, այս ամենը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հիմքեր ունի, փաստ է, որ դրանից տուժում է հայկական բիզնեսն ու Հայաստանի տնտեսությունը։ Ոչ վաղ անցյալում էլ խնդիրներ ծագեցին ռուսական շուկայում կոնյակի ու «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացումների հետ կապված։ Այս ամենը սկսեց ակտիվանալ հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանում բարձր մակարդակով հորդորեցին Հայաստանի իշխանություններին ընտրություն կատարել իրենց կողմնորոշումներում։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն շտապում հայտնել իրենց ընտրության մասին, չնայած բոլորն էլ հասկանում են, թե ուր են գնում։
Այս իրավիճակը սրել է հայ-ռուսական հարաբերությունները, որը սպառնում է վերածվել միակողմանի տնտեսական պատերազմի։ Այդ պատերազմում իշխանությունները պատրաստ են զոհաբերել Հայաստանի տնտեսությունը՝ հանուն սեփական քաղաքական ամբիցիաների։
Հանուն սեփական քաղաքական ամբիցիաների՝ ոչ միայն հարվածի տակ են դնում երկրի տնտեսությունը, այլև հաշվեհարդար են տեսնում տեղական բիզնեսի նկատմամբ։ Բացահայտ խլում են քաղաքական ընդդիմախոսների բիզնեսներն ու դա անում են ընտրությունների նախօրյակին։
Քաղաքական հաշվեհարդարի ակնհայտ դրսևորումներով, ճնշումներով ու պետական լծակներն օգտագործելով, նախ խլեցին Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի խոշոր ենթակառուցվածքներից մեկը՝ ՀԷՑ-ը։ Հիմա էլ անցել են մյուս քաղաքական հակառակորդին պատկանող խոշոր բիզնեսը խլելուն։
Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» մասին է։ Ընտրություններից ընդամենը 2 շաբաթ առաջ դատախազությունը շատ պատահաբար հայտնաբերել է, որ 25 տարի առաջ կայացած գործարանի սեփականաշնորհման ժամանակ տեղի են ունեցել խախտումներ, ու դրանք այնքան լուրջ են, որ պետք է վերցնել ընկերության կառավարումը։
Զավեշտ այն է, որ դեռ գործընթացը չսկսած, ինչպես ՀԷՑ-ի պարագայում, արդեն Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն խոսում է այն պետականացնելու մասին։ Կարծես այս երկրում ոչ մի այլ մարմին, այդ թվում՝ դատարաններ չկան։ Բոլորի փոխարեն՝ որոշումները մեկ մարդ է ընդունում, իսկ մյուսները դարձել են այդ որոշումները լռելյայն դակողներ։
Սա բացահայտ «բեսպրեդել» է բիզնեսի ու սեփականության իրավունքի նկատմամբ։
Այսքանից հետո, ո՞վ կարող է հավատալ, որ սա քաղաքական հաշվեհարդար չէ հակառակորդների նկատմամբ։
Բայց խնդիրը միայն այն չէ, որ իշխանական լծակներն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը սրանով հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Սրանով հաշվեհարդար է տեսնում ամբողջ տնտեսության նկատմամբ։
Սա խոսում է Հայաստանում մասնավոր սեփականության նկատմամբ բացահայտ ոտնձգությունների ու արհամարհանքի մասին։ Ո՞վ կարող է այսքանից հետո Հայաստանում մտածել ներդրումներ, այն էլ՝ խոշոր ներդրումներ կատարելու մասին։ Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ բիզնեսը Հայաստանում այսքան վախեցած է, շատերը մի կողմ քաշված՝ սեփական փողերն են հաշվում, կարծում են՝ այս ուղտը վաղն իրենց դռանը չի չոքելու։
Երբ երկրի ապագան է վտանգված, այդ երկրում ոչ մի բիզնես չի կարող իրեն անվտանգ զգալ։ Թող բոլորը սա ականջներին օղ անեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



