ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ամփոփել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները։ Պետքարտուղարության կայքը հայտարարություն է տարածել։
«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները: Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ այս փաստաթղթերը խորացնում են երկրների երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մայիսի 26-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիրը և նախաստորագրել՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։



